Ո՞վ «լռեցրեց» քրեական հեղինակություն Ջնդի Ամարյանին. նրան վախեցրե՞լ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ վերջին ժամանակներս հայաստանյան քրեական հեղինակությունները բավականին հաճախ են հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում: Վերջին աղմկահարույց իրադարձությունները՝ քրեական աշխարհի ներկայացուցիչների սպանություն, հետապնդումներ, բերման ենթարկվելու դեպքեր, աննախադեպ էին այնքանով, որ նախկինում որպես կանոն՝ այդ աշխարհի մարդիկ «անձեռնմխելիների» կարգավիճակ ունեին: Իսկ նման հնարավորություն ստանում են միայն «ընտրյալները», և միայն մի պարագայում՝ եթե լինում են փոխադարձ շահավետ գործարքներ իշխանության ներկայացուցիչների հետ, ինչն իրեն առավել զգացնել է տալիս ընտրությունների շեմին:
Եվ ամեն անգամ, երբ շրջադարձային իրադարձություններ են տեղի ունենում, քաջատեղյակները վստահեցնում են, թե դա քրեաքաղաքական անհաշտությունների հետևանքն է:

Եվ նմանատիպ դեպքեր կարելի է բոլոր ժամանակներից էլ մտաբերել:
Վառ օրինակը ազգությամբ եզդի, քրեական հեղինակություն համարվող Ջնդի Ամարյանն է: Այսպես, դեռևս 2012 թվականին Ջնդի Ամարյանն իշխանության կողմից ճնշումների էր ենթարկվում, իսկ պատճառը Սերժ Սարգսյանի հրահանգին չհետևելն էր: Արդյունքում՝ Ջնդին, կարծես, «գետնի տակ է անցել»:

Այդ ընթացքում տևական ժամանակ ոստիկանները հետապնդում էին եզդի քրեական հեղինակությանը, մինչև որ մի օր նրան իր թիկնապահների շքախմբով բերման չենթարկեցին: 2012-ի նոյեմբերյան մի գեղեցիկ օր «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես են ոստիկանները հետապնդելով կանգնեցնում երկու թանկարժեք ավտոմեքենաներ և դրանցից մեկում եղած 6 երիտասարդների բերման ենթարկում:

47702221

Ավելի ուշ պարզվել է, որ համազգեստավորները «թիկնապահաթափ» են արել Երևանի Կոմիտասի պողոտայում գտնվող «Արևելյան խոհանոց» սրճարանի և շնաբուծական ֆերմայի սեփականատեր, քրեական աշխարհում հայտնի Ջնդի Ամարյանին: Մեքենաներից առաջինում Ջնդին, կինն ու երեխան էին, իսկ երկրորդում՝ 6 թիկնապահ: Ու քանի որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դեռևս այդ ժամանակ խոստացել էր երկիրը «մաքրել» թիկնապահներից, ոստիկաններն էլ հրապարակավ կանգնեցրել են ավտոմեքենաներն ու թիկնապահներին տարել ոստիկանություն՝ զգուշացնելու, որ այլևս ինքնագլուխ թիկնապահ չաշխատեն:

arevelyan xohanoc

Ի դեպ, այդ ժամանակ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե դրանից մի քանի ամիս առաջ Ջնդիին ասվել էր, որ Սերժ Սարգսյանը հրահանգել է վերացնել թիկնապահներին, բայց քրեական հեղինակությունը չէր ենթարկվել:
Առաջին հայացքից` տպավորություն է ստեղծվում, թե օրենքի առաջ բոլորը հավասար են, Հայաստանում անպատժելիներ չկան՝ դա կլինի քրեական հեղինակություն, օլիգարխ, թե մեկ այլ «արտոնյալ»: Սակայն սա միայն առաջին հայացքից….
Իրականում Ջնդի Ամարյանի միջոցով իշխանությունները ցանկացել են հասկացնել, որ իրենց խոսքի վրայով «թռնելը» խիստ վտանգավոր կարող է լինել:
Ի դեպ, Ջնդի Ամարյանն ինքն էլ երբևէ չի հերքել, որ սերտ կապերի մեջ է քրեական աշխարհի հետ:

Իր բոլոր հարցազրույցներում նա հաստատել է, որ բավականին մտերմիկ հարաբերություններ ունի այդ աշխարհի ներկայացուցիչների, այդ թվում՝ «օրենքով գողերի» հետ: «Հա՛, Մոսկվայում քրեական հեղինակությամբ բարեկամաներ ունեմ, որոնց հետ տալիս առնում եմ, սաղի հետ էլ մոտիկ եմ։ Բայց թող մեկը ասի, որ մենք մի բան արած ունենք, մի օր մի հատ սվետաֆորի տակ անցած ունենք, մեկի ճանապարն ենք կտրել, կամ մեկի հացին ենք վայիս եղել»,- ժամանակին հպարտացել է Ջնդի Ամարյանը, ապա՝ շարունակել. «… Հիմա ֆակտ՝ իմ կյանքը վտանգված ա, ու այդ պայմաններում իմ ախրանային զինաթափել են: Նրանք իրավունք չունեին: Լյուբոյ քաղաքացի կարող է գնալ դիմել և ախրանա վարձել: 3 տարի է՝ ես գումար եմ մուծել և օրինական ոստիկան եմ իմ կողքը պահել: Եվ չգիտեմ, ո՞վ է իմ գլխին սարքում»:

Ավելին, Ջնդի Ամարյանը վստահեցրել էր, թե իր հետ տեղի ունեցածի առիթով բողոք է ներկայացնելու: Ներկայացրեց արդյոք, թե ոչ, այդպես էլ անհայտ մնաց: Գուցե այդ բողոքն էլ պատճառ է դարձել, որ նա երկարատև «լռի»: Սակայն պետք է նկատենք նաև, որ նույն հարցազրույցում Ջնդին ասել էր, թե. «Հիմա շատ վախեցած եմ տանից դուրս գալիս, ինձ ուղեկցող չկա: Առանց զենքի ուղեկցեն, Աստված չանի, գան ինձ խփելու՝ անմեղ մարդկանց էլ կխփեն: Հակառակ դեպքում, մտադրվել եմ ունեցվածքս վաճառել և ընտանիքով հեռանալ Հայաստանից»:

Ի դեպ, Ջնդիին մտահոգում էր իր անվտանգության հարցը, քանի որ տարիներ առաջ նրա նկատմամբ մահափորձ է կատարվել: 2007 թվականին Ջնդին իրավապահներին հաղորդել էր, որ երկու անձինք ատրճանակներից կրակ են արձակել իր ու իր աներորդու՝ Ջամալ Ավդալյանի ուղղությմաբ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել էր 9 մմ տրամաչափի 7 պարկուճ և 2 գնդակ։ Զոհեր չեն եղել։
Ու եթե այս տվյալները մամուլին ոստիկանությունն է հաղորդած եղել, ինչը, ամենայն հավանականությամբ, հենց այդպես էլ եղել է և այսօր ճշտել հնարավոր չէ, ապա պետք է արձանագրել, որ ոստիկանությունը հենց սկզբից փորձել էր կոծկել իրականությունը։ Ջնդիի աներորդու հաղորդածի մասին, ով ճանաչել է կրակողներից մեկին ու նրա անձի մասին հայտնել ոստիկանությանը, վերը նշված հաղորդագրության մեջ չի նշվել։
Դեպքց հետո Ջնդի Ամարյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, թեր իրենց ուղղությամբ մեկ տասնյակից ավելի կրակոց է արձակվել։

Ջամալ Ավդալյանն էլ ճանաչել է երկու կրակողներից մեկին։ Ըստ այդմ՝ կրակողը եղել է «Նորքի Վարոյի հորեղբոր տղան»` Գրիգոր Գրիգորյանը։ Իսկ Նորքի Վարոն, ըստ քրեական հեղինակության, Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի նախկին ղեկավար Վարազդատ Մկրտչյանն է: Նշված երկու` Գրիգորյան և Մկրտչյան ազգանունների տարբերության պատճառը մահափորձի ենթարկված Ջնդի Ամարյանը չգիտեր, բայց վստահեցնում էր, որ Մկրտչյանի ու Գրիգորյանի միջև ազգակցական կապը հաստատ է։ Ջնդի Ամարյանը վստահ է եղել, որ մահափորձը պատվեր էր:

2011 թվականին Գրիգոր Գրիգորյանին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համանքների ընդհանուր իրավասության դատարանը դատապարտում է հարկադիր բուժման հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում՝ նրան ազատելով քրեական պատասխանատվությունից: Դատարանում Գրիգորյանը հայտարարել է, թե Մոսկվայում Ջնդի Ամարյանն իրեն կտտանքների է ենթարկել, խոշտանգել, ինչի համար էլ ինքը որոշել է վրեժ լուծել:

Իսկ որտե՞ղ է քրեական հեղինակությունն այսօր, ինչո՞վ է զբաղվում, խառնվո՞ւմ է արդյոք երկրում վերջին շրջանում տիրող քրեական իրադարձություններին, այս մասին հաջորդիվ:

Շարունակելի…




Լրահոս