«Ինձ գործ չեն տվել, ես էլ ստիպված գողություն եմ արել». 6 անգամ դատապարտվածը բողոքում է աննշան գողության համար 7 տարով ազատազրկվելուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անազատության մեջ գտնվողները մշտապես բարձրաձայնում են իրենց խնդիրների, ոտնահարված իրավունքների և իրենց նկատմամբ կատարվող ապօրինությունների մասին:

Որպես կանոն՝ խնդիրները հիմնականում կապված են պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորություն չունենալու և կալանավայրերի ու խցերի անբարեկարգ վիճակի հետ: Սակայն քիչ չեն դեպքերը, երբ ազատազրկման դատապարտվածները բողոքում են իրենց պատժի ժամկետից:

Այսպես, ArmLur.am-ի խմբագրությանն է դիմել «Գորիս» ՔԿՀ դատապարտյալ Էդուարդ Խաչատրյանը և հայտնել, որ 307 հազար դրամ գողություն կատարելու համար ինքն ազատազրկման է դատապարտվել 7 տարի ժամկետով:

Դատապարտյալի փոխանցմամբ՝ դատարանն այս որոշումը հիմնավորել է նրանով, որ Է. Խաչատրյանը նախկինում 6 անգամ դատապարտված է եղել. «Ես ի՞նչ մեղք ունեմ, որ ազատ եմ արձակվում, գործ չեն տալիս ինձ, ասում են՝ դատված ես էղել: Ես էլ ստիպված գողություն եմ արել, որ ապրեմ: Ուրմեն պիտի յոթ տարի տա՞ն»,- վրդովված ասաց «Գորիս» ՔԿՀ դատապարտյալը՝ հավելելով, որ արդեն հիշատակված 307 հազար դրամն ինքն միայնակ չի գողացել. իր հետ եղել է ևս 3 հոգի, որոնցից 2-ը պայմանական ազատ են արձակվել, իսկ իր մյուս ընկերը՝ Վարդան Ալավերդյանը, արժանացել է իր բախտին՝ ազատազրկվել է 7 տարով: Ընկերը նախկինում դատապարտված է եղել 7 անգամ:

Էդուարդ Խաչատրյանը վստահ է, որ 7 տարին ողջամիտ ժամկետ չէ, քանի որ, ինչպես ինքն է գնահատում, իր կատարած հանցանքը առանձնապես ծանր չէ. «Մեզ հետ գողությանը մասնակցած մյուս երկուսին ազատ արձակեցին, մենք էլ դեմ չէինք. էրեխեք են, խի՞ դատվեն: Բայց 307 հազար դրամի համար երկու հոգու ամենքին 7 տարով ազատազրկելը չափից դուրս շատ է»,- վստահեցնում է դատապարտյալը:

Ի դեպ, առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան: Հոկտեմբերի 16-ին տեղի կունենա առաջին դատական նիստը:

Թե որքանով է արդարացի դատապարտյալի բողոքը, կորոշի արդարադատությունը, ինչի գոյությանը, սակայն, անազատության համը բազմիցս զգացած Էդուարդն արդեն չի հավատում:




Լրահոս