
Հոկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն՝ նվիրված Գյուղատնտեսության աշխատողի օրվան:
Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ գյուղատնտեսությունը հանդիսանում է մեր երկրի տնտեսության հիմնական ճյուղերից մեկը, եւ ոլորտում առկա խնդիրները մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել բերքահավաքի անկորուստ ու անվտանգ կազմակերպմանը մասնակցած գյուղատնտեսության ոլորտի եւ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչներին՝ նրանց աշխատանքը որակելով որպես բարձր արհեստավարժության, խիզախության ու հայրենասիրության դրսեւորում:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: