Մարտի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԼՂՀ տարածքից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ եւ Եվգենի Շարովը /Ուկրաինա/, ինչպես նաեւ ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ Պավլո Շամաեւը /Ուկրաինա/:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խումբը գլխավորել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը:
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: