Տոնական հյուրընկալություն Երևանի քաղաքապետարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևան այցելած պաշտոնական պատվիրակությունների անդամները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով հյուրընկալվել են քաղաքապետարանի ճեմասրահում: Շնորհակալություն հայտնելով Երևան այցելած գործընկերներին ու պաշտոնական պատվիրակությունների անդամներին հրավերն ընդունելու և մայրաքաղաքի ծննդյան օրվա ուրախությունը երևանցիների հետ միասին կիսելու համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է նաև Երևանի քույր ու գործընկեր քաղաքների մասնակցությունը Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին:

«Երևանի ծննդյան 2797-րդ տարին համընկավ մեր ժողովրդի պատմության թերևս ամենաարյունոտ էջերից մեկի՝ Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին, ուստի առիթն օգտագործելով՝ ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել մեր քույր և գործընկեր բոլոր քաղաքների ղեկավարներին ու, ի դեմս նրանց, բոլոր այդ քաղաքների բնակիչներին՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման, հիշելու և ցեղասպանությունը դատապարտելու արդար պահանջին միանալու համար»,- ընդգծել է քաղաքապետը:

Ներկայացնելով Երևանի միջազգային համագործակցությունն ու իր մոտեցումներն այս հարցում՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ միջազգային կառույցների հետ սերտ համագործակցությունից բացի, վեջին տարիներին Երևանի քաղաքապետարանը լուրջ քայլեր է ձեռնարկում նաև տարբեր պետությունների մայրաքաղաքների ու քաղաքների հետ երկկողմ համագործակցության շարունակական խորացման և ամրապնդման ուղղությամբ:

«Ես ուրախ եմ, որ հին բարեկամների կողքին այսօր մեզ հետ են նաև մեր նոր գործընկերները, ում հետ, վստահ եմ, մենք նույնքան արդյունավետ ենք համագործակցելու, որքան մյուսների հետ, և անհրաժեշտության դեպքում միմյանց սատարելով, մեկս մյուսին փոխադարձաբար օգնելով հաղթահարելու ենք բազում խոչընդոտներ: Համաշխարհային զարգացումները տնտեսության և հատկապես քաղաքային տնտեսության կառավարման ասպարեզում նորացող մարտահրավերներ են նետում: Հենց այս համատեքստում են կարևորվում մեր բազմաշերտ շփումները, փոխվստահությունն ու փորձի փոխանակումը, որոնց շրջանակում մի շարք ծրագրերի իրականացման արդյունքում շահում է մեր քաղաքների բնակչությունը: Հարգելի բարեկամներ, սիրելի հյուրեր, ուզում եմ կրկին մաղթել բոլորիդ բարի գալուստ ու հաճելի ժամանց մեր քաղաքում, մեր սիրելի Երևանում: Նրանք, ովքեր առաջին անգամ են այստեղ, համոզված եմ՝ արդեն հասցրել են սիրել մեր ջերմ ու բարի քաղաքը և, հաստա՛տ, էլի են գալու»,- նշել է քաղաքապետը՝ հավելելով, որ Երևանը մեծ սիրով է պատրաստվել տոնին ու արվել է հնարավորը, որպեսզի տոնական օրը ինչպես երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հազարավոր հյուրերի համար հերթական անգամ իսկական տոնախմբության վերածվի:




Լրահոս