Հոկտեմբերի 7-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դատավոր Ռուբեն Ներսիսյանը, անդրադառնալով օմբուդսմենի հաղորդմանը, ասաց, որ դա նրա կարծիքն է, ինչին ինքը չի կարող բռնանալ:
Պատճառը դատավորի կողմից «Ժողովուրդ» օրաթերթի դեմ անցած տարվա նոյեմբերի 25-ին կայացրած վճիռն է: Ըստ օմբուդսմենի՝ Ռուբեն Ներսիսյանը այդ վճիռը կայացնելիս թույլ է տվել նյութական եւ դատավարական նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտում: Հիշեցնենք, որ «X գրուպ» ընկերության նախագահ Խաչիկ Խաչատրյանի հայցադիմումի հիման վրա Ռուբեն Ներսիսյանը վճռել էր «Ժողովուրդ» օրաթերթից հօգուտ գործարարի բռնագանձել շուրջ երկու միլիոն դրամ: Հենց այս վճռի հիման վրա արդեն երեք ամսից ավել «Ժողովուրդ» օրաթերթի բանկային հաշիվների վրա կալանք է դրված:
«Ժողովուրդ»-ը դատավոր Ռուբեն Ներսիսյանից փորձեց հետաքրքրվել, թե ինչ է մատածում նա օմբուդսմենի հաղորդման մասին եւ ինչպես է պատրաստվում պաշտպանվել:
-Պարո՛ն Ներսիսյան, տեղյակ եք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով՝ Ձեզ կարգապահական պատասխանատվության ենթարկելու: Ինչպե՞ս եք պատրաստվում պաշտպանվել:
-Ինչո՞ւ պետք է պաշտպանվեմ: Ցանկացած մարդ, ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանը, կարող է իր կարծիքով գտնել, թե այս կամ այն որոշումը սխալ է կամ ճիշտ ու նման հաղորդմամբ հանդես գալ: Օրենքով սահմանված կարգով ընթացք են տալիս, եւ դա սովորական բան է, արտառոց բան չկա:
-ՄԻՊ-ը կարծիք չի ներկայացնում, բացահայտել է, որ Դուք կոնկրետ թույլ եք տվել նյութական եւ դատավարական նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտում: Չեք ենթարկվել մի շարք օրենքների, որը հիմնավորել է:
-Դատավորի պաշտպանվելը ո՞րն է, կա դատական ակտ, խնդրեմ, նայեք: Ինքն իր կարծիքն է արտահայտել, ով կարող է դեմ լինել, մեկ որիշն էլ այլ կարծիք ունի, ով կարող է Ձեր կարծիքի վրա բռնանալ: Ցանկացած դատավոր իր կարծիքը արտահայտում է դատական ակտով եւ դատական ակտը հիմնավորված է համարվում պատկան մարմնի վերադաս դատական ատյանի կողմից, այսինքն՝ գնահատականը տալիս են պատկան մարմինները: Մնացածը կարծիքներ են, որոնք կարող են իրենց կարծիքն ասել, ոնց կարող եմ բռնանալ իրենց կարծիքի վրա:
-Կարեն Անդրեասյանը հենց պատկան մարմինների միջոցով է փորձում Ձեր կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը բարձրացնել:
– Դա իր իրավունքն է: Ուր որ դիմել է, գոյություն ունեն օրենսդրությամբ սահմանված կանոններ, որոնց համաձան՝ համապատասխան գործողություններ են կատարվում, եթե կարիքը կլինի, որ ինձանից որեւէ հարց ճշտվի, ինձ կդիմեն, եւ ես կպատասխանեմ:
-Չե՞ք վախենում, որ ՄԻՊ-ի հաղորդումը հանձնաժողովը բավարարի եւ Արդարադատության խորհուրդը որոշի Ձեզ «պատժել»:
-Ինչից վախենամ, դա աշխատանքային պրոցես է, գուցեեւ բավարարեն: Դա հանցագործություն չէ, աշխատանքային պրոցես է, որը ցանկացած դատավորի հետ էլ կարող լինել անգամ տարին մի քանի անգամ:
– Մի՞թե սովորական երեւույթ է լրատվամիջոցի դեմ վճիռ հրապարակել եւ այն էլ անհամաչափ` վտանգի տակ դնելով հետագա գործունեությունը: Ստացվում է՝ Ձեզ համար սովորական երեւույթ է օրենք խախտելը:
-Իմ միակ առաքելությունը արդարադատություն իրականացնելն է:
-Դուք կարծում եք, որ արդարադատություն եք իրականացրել:
-Ոչ թե կարծում եմ, այլ վստահ եմ եւ կատարել եմ իմ աշխատանքը, այսինքն՝ կատարելով իմ աշխատանքը, կատարել եմ արդարադատություն, այսինքն՝ անկախ այն հանգամանքից, թե դա ինչ-որ մեկին կամ մի խումբ անձանց դուր գալիս է, թե չէ, կամ հասարակությունում ինչպիսի գնահատականներ կարող են տրվել: Իմիջայլոց, իմ այս հայտարարությունը բխում է դատական օրենսգրքով սահմանված նորմերով, որ դատավորը չպետք է վախենա արդարադատություն իրականացնելիս:
-Փորձը ցույց է տվել, որ երբ հաղորդում է ներկայացնում կարգապահական հանձնաժողովին՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, հանձնաժողովը չի բավարարում: Ինչպե՞ս է դատավորներին հաջողվում համոզել իրենց գործընկերներին: Դուք ե՞ւս օգտագործելու եք Ձեր պաշտոնական լծակները:
-Չգիտեմ, այդ տեղեկությունները Ձեզ որտեղից է, ես անտեղյակ եմ, քանի որ ինքս էլ այդ հանձնաժողովի անդամ չեմ: Ինչ ասեմ, Ձեր հարցը Ձեր դուրը գալի՞ս է, ի՞նչ եք կարծում, ի՞նչ պատասխանեմ, դա հարց չի, որ պատասխանեմ:
Քնար Մանուկյան