«ՀԱԿ-ը Ռոբերտ Քոչարյանի հետ վաղուց էր համագործակցում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իր համար զարմանալի է, երբ ՀԱԿ անդամները հայտարարում են, թե «ՈՉ»-ի ճակատը չի համագործակցում ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հետ: Ա. Սիմոնյանը վստահեցնում է, որ մի քանի ամիս առաջ ԲՀԿ նախկին առաջնորդ Գ. Ծառուկյանի հետ համագործակցությունն արդեն իսկ նշանակում էր Ռ. Քոչարյանի համակիրը լինել:

-Պար՛ոն Սիմոնյան, տեւական ժամանակ է՝ Ձեր կուսակցության անդամներով` ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Հայաստանից դուրս հանդիպումներ էիք ունենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Արդեն վերադարձել եք Հայաստան, խնդրում եմ նշեք, թե ի՞նչ տվեցին այդ հանդիպումները Ձեր կուսակցությանը, ու ի՞նչ եզրակացության եք եկել:

-Այն եզրակացությանն ենք եկել, որ ճանապարհը, որը մենք բռնել ենք, այն մարտավարությունը, որը մենք որդեգրել ենք, ճիշտ է, եւ պետք է շեշտը դնենք հայրենադարձության վրա: Նմանատիպ ցանկություն մեր հայրենակիցների մոտ կա ու շատ ավելի, քան մենք էինք պատկերացնում: Այնտեղ մի մարդու հետ հանդիպեցինք, որը ՀՀ լքել էր 1978 թ., Հայաստանում չուներ որեւէ բարեկամ, իրեն կապող որեւէ օղակ, բայց ինքը մեզ ընդունողներից, կազմակերպիչներից մեկն էր:

Մեզ հետ զրույցում նա ասում էր, որ ամեն առավոտ ինքն արթնանում է ու կարդում է ՀՀ վերաբերյալ լուրերը, ինչը նշանակում է, որ այսքան տարիներ անց ինքը մտովի Հայաստանում է: Մենք բոլորի մոտ դա նկատել ենք, իրենց առօրյան մշտապես կապված է Հայաստանի հետ:

-Իսկ ո՞ր դեպքում հայրենիքից հեռացած հայերը կվերադառնան Հայաստան, արդյո՞ք նրանց պահանջը եւս իշխանափոխությունն է, նրանք հո՞ւյս են կապում Ձեր կուսակցության հետ:

-Միանշանակ կարող եմ ասել, որ նրանք գնացել են այստեղից ոչ այն պատճառով, որ հացի խնդիր է եղել: Մարդկանց մոտ այդ արդարության պակասը, մթնոլորտը շատ ավելի մեծ դեր է խաղաղացել: Մեզ ուղղված հարցերում էլ էինք մենք դա տեսնում՝ կապված ՀՀ-ում բիզնես դնելու, ՀՀ-ում ապահով եւ անվտանգ ապրելու հետ, որպեսզի երկրում անպատժելիության մթնոլորտ չլինի եւ այլն: Իսկ տնտեսական խնդիրը 4-րդ, 5-րդ տեղերում էր:

-Իսկ ի՞նչ է առաջարկել Ձեր կուսակցությունն այդ հանդիպումների ընթացքում, ինչ եք խոստացել դրսի մեր հայրենակիցներին:

-Սկզբից տպավորություն էր ստեղծվում, որ մենք եկել ենք ու այդ պահին, վաղը կամ մյուս օրը առաջարկում ենք մեզ հետ վերադառնալ Հայաստան: Մենք նշեցինք, որ մեր գլխավոր նպատակը միասին այնպիսի Հայաստան ստեղծելն է, որը կդառնա գրավիչ վայր, որտեղ այլեւս հրավիրելու, կանչելու խնդիր չի լինի: Իրենց մեջ սկսեց այդ անիվը ետ պտտվել, ու իրենք արդեն այն տեսակետին էին, որ եթե իրենք չէ, ապա իրենց երեխաները մի օր ՀՀ-ում են ապրելու:

Մենք մի քանի բան առաջարկեցինք, առաջին հերթին այն, որ եթե մոտ ապագայում իրենք պլանավորում են այցելել ՀՀ, ապա թող դա անեն ընտրությունների շրջանում, թող այնպես լինի, որ իրենք այդ ժամանակ ՀՀ-ում լինեն ու իրենց քվեն տան: Նաեւ առաջարկում ենք իրենց ներգրավվել ու անմիջական հսկել ընտրությունների ամբողջ գործընթացը: ՀՀ-ի Սահմանադրությունում նշվում է, որ ՀՀ-ի հիմնադիրը հայ ժողովուրդն է, այսինքն՝ իրենք մեր երկրի սեփականատերն են:

-Արդեն նշանակված է հանրաքվեի օրը՝ դեկտեմբերի 6: Ի՞նչ է անելու Ձեր կուսակցությունն այս ժամանակահատվածում, որո՞նք են Ձեր պլանները, քաղաքական ուժերը հիմնականում արդեն ձեւավորել են իրենց «ոչ»-ի եւ «այո»-ի ճակատները, որտե՞ղ եք լինելու դուք:

-Մենք զբաղվելու ենք մեր կուսակցության հզորացմամբ ու գնալու ենք գալիք ընտրություններին, մենք «ոչ»-ի, սահմանադրական բարեփոխումների, նման բաների հետ կապված որեւէ քաղաքական որոշում չունենք: Մենք հայտարարել ենք, որ մենք ժողովրդին հիասթափության չենք տանելու, ես անձամբ՝ որպես ՀՀ քաղաքացի, դեմ եմ քվեարկելու, բայց որեւիցե գործողությունների ես չեմ մասնակցելու: Մենք այդ ամենի մեջ չենք մտնելու, մենք մեր գործն ենք անում:

-Քաղաքական դաշտում ակտիվորեն քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի վերադարձի հարցը: Տեսակետ կա, որ նա նոր քաղաքական թիմով է վերադառնալու: Երեկ խորհրդարանում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը այդ թեմայով ասաց. «Քոչարյանի հետ համագործակցության մասին հարցերն արհեստածին են եւ ներդրված են իշխանության քարոզչամեքենայի կողմից, որպեսզի պատասխանելով՝ սկսվեն խայթոցներ, ինչն էլ հնարավորություն կտա իշխանություններին ասել` «Ոչ»-ի ճակատում կռիվ է: Քոչարյանը չկա քաղաքական դաշտում, կա իշխանությունը եւ «Ոչ»-ի ճակատը. ուրիշ խաղացող չկա դաշտում»: Ո՞րն է այս հարցում Ձեր տեսակետը:

-Նախ, երբ նշվում է, թե Քոչարյանի հետ համագործակցություն չկա, ինձ համար՝ որպես ՀՀ քաղաքացու, որպես ժամանակին ՀԱԿ-ի համակիր, մի քիչ զարմանալի է, որովհետեւ եռյակի շրջանակներում այդպիսի համագործակցություն եղել է ինձ համար: Չի կարելի ասել, որ Գ. Ծառուկյանը, Վ. Օսկանյանը, եռյակի ֆորմատը դա Ռ. Քոչարյանի հետ համագործակցություն չէր:

Ինձ համար զարմանալի էր, որ Լ. Զուրաբյանը չի հիշում Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որ եթե Ռ. Քոչարյանը սկսի պայքարել Սերժ Սարգսյանի դեմ, իրենք շնորհակալ կլինեն, չգիտեմ՝ այդ շնորհակալությունն ինչ ձեւով պետք է լինի:

Ինձ համար համագործակցությունն արդեն եղել է, եւ ես այդտեղ որեւէ զարմանալի բան չեմ տեսնում: Եթե հայտարարվում է, որ կա իշխանություն եւ «Ոչ»-ի ճակատ, ապա դա հերթական սխալն է, որովհետեւ ժամանակին շատ ուժեղ շարժումը, որը երկրում կարող էր բան փոխել, այսօր երկու ավտոբուսից ավել մարդ իր կողքը չի կարող հավաքել:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս