Տավուշի մարզպետարանը վարչության նոր պետ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 7-ին Երեւանում, քաղաքացիական ծառայության խորհրդում կայացել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի սոցապ եւ առողջապահության վարչության պետի թափուր տեղի համար մրցույթ, որն ունեցել է ընդամենը մեկ մասնակից՝ Իջեւանի ԲԿ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանը: Վերջինս հայտնեց, որ հաղթել է մրցույթում եւ որպես մարզպետարանի նշված վարչության պետ կսկսի աշխատել առաջիկա երկուշաբթիից՝ հոկտեմբերի 12-ից: Նշենք, որ 32-ամյա Վանեսյանը Իջեւանի հիվանդանոցի ղեկավար էր ընտրվել այս տարվա մայիսի 27-ին անցկացված մրցույթի արդյունքում, որին մասնակցեց 4 թեկնածու:

Մայիսի 29-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի որոշմամբ՝ Ն. Վանեսյանը Իջեւանի ԲԿ տնօրեն էր նշանակվել 6 ամիս ժամկետով: Ի դեպ, Տավուշի մարզպետարանի նոր վարչության պետը ՀՀ զինված ուժերի բժշկական ծառայությանը հասարակական աջակցության համար պարգեւատրվել է «Անդրանիկ Օզանյան» եւ «ՀՀ զինված ուժերի 20-ամյակ» մեդալներով, 2012թ. արժանացել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ոսկե հուշամեդալի: Նա եղել է Հայաստանի հանրային խորհրդի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի կոլեգիայի անդամ, երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի նախաձեռնող խմբի ղեկավար:




Լրահոս