Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի 7 դրամով բարձրացման դառը հետեւանքները գնալով ավելի տեսանելի են դառնում: Ինչպես հայտնի է՝ ՀՀ կառավարությունը չի սուբսիդավորում խոշոր բիզնեսի սպառած էլեկտրաէներգիայի գումարը, ինչն էլ հետզհետե հանգեցնում է թանկացումների: Սրան զուգահեռ տեղական արտադրողները պնդում են, որ Հայաստանում գնողունակությունը ավելի է ցածրացել, ինչի պատճառով իրենք ընդհանրապես եկամուտներ չեն ունենում:
Այն, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման արդյունքում Հայաստանում գնաճն անխուսափելի էր լինելու, սպասելի էր բոլորի համար: Եւ, ահա, թանկացումների փաստն արդեն հաստատում է պաշտոնական վիճակագրությունը. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015 թվականի սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1 տոկոս գնաճ: Մասնավորապես կաթնամթերքի շուկայում 2015 թվականի սեպտեմբերին, օգոստոս ամսվա համեմատ, արձանագրվել է 0.3 տոկոս գնաճ, այսինքն՝ կաթնամթերքի գինն աճել է:
Էլէներգիայի սակագնի 7 դրամ բարձրացումը մեծ հարված կհասցնի նաեւ պանրի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներին: Եւ ինչ-որ չափով այն մեղմացնելու նպատակով որոշ պանրագործներ կսկսեն պակասեցնել ծախսերը` կրճատելով թե՛ իրենց աշխատակիցների թիվը, թե՛ վճարվող աշխատավարձերը: Նշենք, որ այժմ տնտեսվարողները որոշակի հաշվարկներ են կատարում, որպեսզի հասկանան, թե երբ եւ որքանով են թանկացնելու իրենց արտադրանքը:
Օրինակ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի կաթի գործարանի տնօրեն Տիգրան Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեց ոչ միայն էլէներգիայի թանկացումից, այլեւ հայաստանյան որոշ առեւտրային բանկերի վարած քաղաքականությունից: «Էլեկտրաէներգիայի նոր սակագնի հետ փորձում էինք հարմարվել, առաջ եկան խնդիրներ՝ կապված բանկերի հետ. որոշ առեւտրային բանկեր կտրուկ բարձրացրին իրենց տոկոսադրույքները: Իհարկե, սրա պատճառը դոլարի բարձրացումն է, բայց միեւնույնն է՝ մենք կրկնակի եւ ավել տուժում ենք: Մենք նոր սակագնով ենք վճարումներ կատարել, եւ տարբերությունը մեծ է եղել: Շատերը կարող են ասել՝ դե, 7 դրամ է եղածը, բայց, այնուամենայնիվ, դա մեզ համար մեծ ծախս է: 7 դրամի թանկացումը չի կարող չազդել, պատկերացրեք, որ ամեն մի գործարանի էլէներգիայի ծախսը ավելի քան 300 հազար դրամի չափով ավելացել է»,- նկատեց պարոն Հովհաննիսյանը:
Մեր զրուցակիցը ունի եւս մեկ մտահոգություն՝ կապված գնողունակության անկման հետ. «Ժողովուրդը գումար չունի, այս պատճառով իրացման, հետեւաբար արտադրման ծավալները զգալի նվազել են: Իսկ արտահանում մեր ընկերությունը չի իրականացնում»: Եւ չնայած սրան՝ ընկերությունը շարունակում է գյուղացիներից կաթ մթերել՝ 130-135 դրամով, իսկ եթե կաթի յուղայնությունը բարձր է լինում, ապա ընկերությունը վերահաշվարկ է կատարում եւ վճարում ավել գումարը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Չանախ» կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերության տնօրեն Ղուկաս Բունիաթյանը եւս նշեց, որ դեռ չի կողմնորոշվում՝ հիմա՞ թանկացնել արտադրանքը, թե՞ սպասել:
Ավելի բարդ իրավիճակում է հայտնվել ՀՀ Շիրակի մարզում գործող «Իգիթ» պանրի արտադրությամբ զբաղվող ընկերությունը: 1993 թվականից գործող այս ընկերությունն այսօր կանգնած է փակման եզրին:
«Իգիթ»-ի ներկայացուցիչ Անդրանիկ Իգիթյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հուսահատված ասաց. «Էլեկտրաէներգիայի բարձր սակագնի դեմ չենք կարող պայքարել, վերեւներից ինչ եկել է, պետք է դրա հետ էլ համակերպվենք, դրանով էլ պետք է աշխատենք: Հին ու նոր սակագներով սպառած էլէներգիայի տարբերությունը մեծ է եղել: Եւ այս ամենի արդյունքում առաջիկայում հնարավոր է՝ աշխատողների աշխատավարձերի կրճատումներ լինեն: Բացի այս՝ որոշ ծախսեր էլ կնվազեցնենք»:
Ինչպես մյուս գործարարները, այնպես էլ «Իգիթ»-ի ներկայացուցիչը ընդգծեց, որ եթե Հայաստանում գնողունակությունը բարձր լիներ, ապա 7 դրամի թանկացման վրա իրենք աչք կփակեին: «Ամեն բան իրար հետ շաղկապված է: Պանրի վաճառքը վատ է, վատ ու էլի վատ:
Մոլորված գնացել ենք Վրաստան՝ Թիֆլիս, որ իբր տեսնենք, թե ինչպես ենք կարողանում վրացական շուկայում տեղ գտնել, որովհետեւ Հայաստանում գնողունակությունն ընկած է, պանիրը չի վաճառվում: Եթե վրացական շուկայում տեղ զբաղեցնելու հարցը լուծվեր, ապա գոնե դրանով կկարողանայինք մեր վարկային պարտավորությունները կատարել: Բայց պարզվեց, որ Վրաստանում էլ է վիճակը վատ. տեղի գները չեն համապատասխանում մեր առաջարկներին: Մեզ մոտ կաթնամթերքն ավելի թանկ է, քան այստեղ: Մեզ մոտ ամեն ինչ թանկ է, իսկ եթե էժան լիներ, ապա ի վիճակի կլինեինք արտահանում իրականացնել: Իրենք շատ ցածր գներով են պահանջում, բայց մենք իրենց կողմից առաջարկած գների մեջ չենք տեղավորվում»,- ներկայացրեց Իգիթյանը:
Նշենք, որ այս ընկերությունը ներկայումս արտահանում իրականացնում է միայն դեպի Ռուսաստանի Դաշնություն: Բայց այստեղ էլ ռուսական ռուբլու արժեզրկման հետեւանքով բավականին լուրջ խնդիրներ են ի հայտ եկել: Արդյունքում, ինչպես բազմաթիվ ընկերություններ, այնպես էլ «Իգիթ»-ը նվազեցրել է արտահանման ծավալները: «Եկամուտ չենք ունենում, գրեթե զրոյական: Հիմա մտածում ենք, թե ինչպես այս ամենի տակից դուրս գանք, որ արտադրությունը չփակենք: Նույնիսկ ներդրում չենք կարող անել, որովհետեւ եկամուտ չունենք: Բայց եթե այսպես շարունակվեց, բնականաբար, պիտի փակվի արտադրությունը»,- մեծ ափսոսանքով նկատեց պանրագործը:
Սյունէ Համբարձումյան