Հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում մեր ֆինանսական շուկայում: Բանկային համակարգին մոտ կանգնած “ՀԺ”-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանից արտարժույթի հոսք է սկսվել և դա ազդում է բանկերի վրա:
Ըստ այդ տեղեկությունների, դեպքեր են գրանցվել, որ որոշ գործարարներ բանկերում անշարժ գույք են, գրավադրում և ստացված վարկը տեղափոխում ՀՀ սահմաններից դուրս: Թերևս դրանով է պայմանավորված վերջին շրջանում դրամի շոշափելի արժեզրկման միտումը, ինչը երկրում արտարժույթի ծավալների նվազման հետևանք է: Թե որն է գործարարների նման պահվածքի պատճառը, անհասկանալի է: Ինչ վերաբերում է դրամի փոխարժեքին, ապա երեկ ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը կազմել է 414 դրամ 49 լումա, որը մի փոքր ցածր է նախորդ օրվա ցուցանիշից: Դատելով գործարքների ծավալից` ավելի քան 6 միլիոն դոլար, կարելի է հաստատապես պնդել, որ դրամի արժեզրկումը կրկին կանխվել է ՀՀ ԿԲ-ի իրականացրած արտարժութային ինտերվենցիայի շնորհիվ: Անցած շաբաթ ԿԲ-ն ավելի քան 21 միլիոն կանխիկ դոլար էր լցրել շուկա` դրամի փլուզում թույլ չտալու համար: