ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՊԱՍԵՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը հոկտեմբերի 2-ի համարում անդրադարձել էր «Ներազգային ազատագրական» շարժման ինքնահռչակ նախագահ Վահան Մարտիրոսյանին, որը սահմանը հատելով՝ հասավ Ադրբեջանի Հանրապետություն եւ ապաստանեց այնտեղ: Այս առիթով «Ժողովուրդ»-ը հարցադրումներ էր ուղարկել իրավապահ մարմիններին` ԱԱԾ-ին, ՀՀ քննչական կոմիտեին եւ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությանը:

Գաղտնապահ վարչությունը
«Ժողովուրդ»-ը մեկ հարց էր ուղղել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Միշա Սարդարյանին, թե ՀՀ քաղաքացի Վահան Մարտիրոսյանը եւ նրա ընտանիքի անդամները, ովքեր սեպտեմբերի 17-ից, ըստ հրապարակված տեղեկությունների, գտնվում են Ադրբեջանում, վերջին անգամ անձնագիր ստանալու, փոխելու, ելքի թույլտվություն ստանալու հարցով ե՞րբ են դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն, ի՞նչ ելք է ունեցել այդ դիմումը:
Վարչության պետ Միշա Սարդարյանը պատասխանել է, որ մեր պահանջած տեղեկությունը հրապարակման ոչ ենթակա է եւ հասու է քննություն իրականացնող մարմնին միայն:

Հարցեր Աղվան Հովսեփյանին
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին «Ժողովուրդ»-ը 4 հարցադրումներ էր ուղարկել.
1.Ի՞նչ հանգամանքներ են հաշվի առնվել քաղաքացի Վահան Մարտիրոսյանի նկատմամբ ստորագրությամբ երկրից չբացակայելու մասին խափանման միջոց ընտրելիս: Ինչպես հայտնի է՝ նա ապաստանել է Ադրբեջանի Հանրապետությունում:
2. ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Վահան Մարտիրոսյանը հայ-վրացական սահմանը հատել է Բագրատաշենի անցակետից՝ սեպտեմբերի 4-ի կեսգիշերին՝ ժամը 00:46-ին: Դրանից երկու օր առաջ՝ սեպտեմբերի 2-ին, ըստ ոստիկանության, գողության մեջ կասկածվող Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Իսկ քննչական կոմիտեն հայտարարում է, որ դեռեւս օգոստոսի 28-ին հարուցվել է քրեական գործ, եւ օգոստոսի 31-ից ոստիկանությանը հանձնարարված է եղել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել՝ Մարտիրոսյանի ու նրա կնոջ՝ Հայաստանից դուրս գալը թույլ չտալու համար, ոստիկանությունն էլ հիմնավորում է, որ այդ ժամանակ նա գործով անցել է որպես վկա, խափանման միջոցը ընտրված չի եղել, ուստի ոստիկանությունը անձի ելքն արգելափակելու հիմք չի ունեցել, իսկ երբ սեպտեմբերի 2-ին քննիչն ընտրել է խափանման միջոցը, ոստիկանությանը տեղյակ չի պահվել այդ մասին: Դուք տեսնո՞ւմ եք քննիչի թերացումը այս գործում, որ հետախուզումը ուշ է հայտարարվել, եւ ի՞նչ քայլեր են արվել այս առիթով:
3. Արդյո՞ք քննիչը Վահան Մարտիրոսյանից երկրից չբացակայելու մասին ստորագրություն վերցնելու ժամանակ նրանից չի պահանջել անձնագիրը (ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը սեպտեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ տարակուսանք էր հայտնել, թե ինչու քննիչը չի վերցրել անձնագիրը):
4. Վահան Մարտիրոսյանի կողմից կատարված գողության գործը վարող քննիչը նրանից երկրից չբացակայելու մասին ստորագրությունը վերցնելուց հետո ի՞նչ կառույցների է դիմել, որպեսզի ապահովվեր ընտրված խափանման միջոցը՝ սահմանապահներին տեղեկացնելով տրված ստորագրության առկայության մասին:

Քննիչի գործողությունները
Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը բավականին ծավալուն պատասխան է ուղարկել հարցերին, որը ներկայացնում ենք ստորեւ:
«ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով գողություն) հարուցված քրեական գործի շրջանակներում, ի կատարումն քննիչի որոշման, ոստիկանության համապատասխան աշխատակիցների կողմից Վահան Մարտիրոսյանը 2015 թվականի սեպտեմբերի 2-ին բերման է ենթարկվել եւ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Որպես կասկածյալ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինիս խնամքին են կինը, մանկահասակ երեխան, մեկ այլ քրեական գործով ներգրավված է որպես տուժող, նախկինում դատված չի եղել, եւ արարքը, որը կատարելու մեջ նա կասկածվում է, համարվում է միջին ծանրության հանցագործություն, որի համար որպես պատիժ նախատեսվում է նաեւ տուգանք:
2015 թվականի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ին, ոստիկանության Էրեբունու անձնագրային բաժանմունքի մոտից Վահան Մարտիրոսյանը բերման է ենթարկվել առանց անձնագրի. անձնական խուզարկությամբ նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել, այդ թվում՝ անձնագիր: Վ. Մարտիրոսյանն այն չի ներկայացրել՝ պատճառաբանելով, որ անձնագիրն իր մոտ չէ: Չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցն ընտրելիս անձի մոտից անձնագիր վերցնելը ենթադրում է նրան զրկել իր մի շարք իրավունքներից, քանի որ իրավասու մարմնի կողմից դեռեւս չի հաստատվել անձնագրի փոխարեն անձը հաստատող այլ փաստաթղթի տրամադրման կարգը:
ՀՀ Կառավարության 1998 թվականի թիվ 821 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնադրության 19-րդ կետի համաձայն՝ կասկածյալների, մեղադրյալների անձնագրերը, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը կամ կալանքը, ժամանակավորապես վերցնում են հետաքննության կամ նախաքննության մարմինները, որի փոխարեն տալիս են անձը հաստատող փաստաթուղթ՝ առանց Հայաստանի Հանրապետությունից մեկնելու թույլտվության, որի ձեւը մշակում եւ հաստատում է Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունը:
Անձնագրին փոխարինող անձը հաստատող փաստաթղթի ձեւը մինչ օրս չի սահմանվել, ինչը գործնականում խնդիրներ է առաջացնում քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը վերցնելիս, քանի որ նրանք զրկվում են անձը հաստատող փաստաթուղթ օգտագործելու հնարավորությունից:
Օրենսդրական բացթողումը լրացնելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեն արդեն գրավոր դիմել է ոստիկանությանը:
Ինչ վերաբերում է Վ. Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի մասին սահմանապահ զորքերին հայտնելու վերաբերյալ հարցադրմանը, ապա «ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը եւ համակարգից օգտվողների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 22.06.2006 թվականի թիվ 884-Ն որոշման համաձայն՝ քննիչին նման գործառույթ վերապահված չէ: Բացի այդ՝ ոստիկանության Արաբկիրի բաժնին դեռեւս 2015 թվականի օգոստոսի 31-ին հանձնարարություն էր տրվել՝ ձեռնարկելու մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, ինչպես նաեւ Վահան Մարտիրոսյանի եւ նրա կնոջ՝ Կարինե Գասպարյանի՝ Հայաստանի Հանրապետության սահմանից չբացակայելն ապահովելու վերաբերյալ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ քննչական կոմիտեի նախագահի կողմից հանձնարարվել է ուսումնասիրել առկա օրենսդրական կարգավորումները, բացթողումները, որոնց արդյունքներով կոնկրետ հանձնարարություններ են տրվել քննչական ստորաբաժանումների ղեկավարներին՝ հետաքննության մարմինների հետ համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի վարույթում շարունակվում է հարուցված քրեական գործի քննությունը, որի շրջանակներում ձեռնարկվում են քննչական եւ այլ դատավարական գործողություններ, օպերատիվ-հետախուզական մարմինների կողմից անհրաժեշտ միջոցառումներ, այդ թվում՝ Վ. Մարտիրոսյանի կողմից քրեական հետապնդումից խուսափելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի բազմակողմանի եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»:

Երկու անձնագրեր կան
Նկատեցի՞ք: ՀՀ քննչական կոմիտեն Վահան Մարտիրոսյանից երկրից չհեռանալու մասին ստորագրություն է վերցրել, սակայն նրա անձնագիրը չի պահել քննչականում՝ պատճառաբանելով, թե անձնագիր վերցնելը ենթադրում է նրան զրկել իր մի շարք իրավունքներից, քանի որ իրավասու մարմնի կողմից դեռեւս չի հաստատվել անձնագրի փոխարեն անձը հաստատող այլ փաստաթղթի տրամադրման կարգը: Ըստ ամենայնի, քննչական կոմիտեում հին ու բարի ժամանակներ են, երբ ՀՀ-ում գործում էր ընդամենը մեկ անձնագիր՝ ե՛ւ ճամփորդական, ե՛ւ ներքին գործածության համար: Եւ, ահա, այս առիթով ՀՀ ոստիկանության ՀԿԼՎ պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել է, որ «2012 թվականի հունիսի 1-ից ՀՀ-ում ներդրվեց նույնականացման քարտերի եւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի համակարգ, որի նպատակներից մեկը նաեւ այն է, որ Հանրապետությունից դուրս գալու սահմանափակում կիրառված լինելու դեպքում անձը հավաստող փաստաթուղթ ունենալու իրավունքն ապահովելու նպատակով քաղաքացուն տրամադրվի նույնականացման քարտ: «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքով կասկածյալի կամ մեղադրյալի նույնականացման քարտը վերցնելու վերաբերյալ դրույթ նախատեսված չէ: Այսինքն՝ այն համարվելով ՀՀ քաղաքացու ինքնությունը եւ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ՝ նախատեսված է միայն ՀՀ տարածքում օգտագործելու համար, լիարժեք ստեղծում է բոլոր հնարավորություններ՝ ՀՀ տարածքում ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված իրավունքները իրացնելու համար այն դեպքերում, երբ պահանջվում է անձը հավաստող փաստաթուղթ»:
Այսինքն՝ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննիչ Գարիկ Ստեփանյանը հանգիստ կարող էր Վահան Մարտիրոսյանից վերցնել ճամփորդական անձնագիրը, որպեսզի երկրից դուրս չգար, իսկ երկրի ներսում Վահանը կարող էր գործարքներ անել նույնականացման քարտով: Եթե անգամ չուներ, կարելի էր պարտադրել նրան՝ նորը ստանալ: Սակայն չի արվել, քանի որ վախեցել է Վահան Մարտիրոսյանի ակտիվությունից: Դա էլ թերեւս թերթ չկարդալու եւ լրատվամիջոցներին չհետեւելու ավանդույթի արդյունքն է: Եւ հիմա ունենք ազգային խայտառակություն, որը չենք կարողանալու ջնջել անգամ օրենսդրական ամենաիդեալական փոփոխությամբ, որն առաջարկել է կոմիտեն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 
ՍԱ ԷԼ ԿԱՐՃԵՑԻՆ
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս տարվա հուլիսի 18-ին արձակված կրակոցների առիթով հարուցված քրեական գործը կարճվել է: Խոսքը Լոռու մարզպետի որդուն ուղղված կրակոցների մասին էր:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հուլիսի 19-ին` ժամը 00:40-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» էր տեղափոխվել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի որդին՝ 1993 թվականին ծնված Լեւոն Նալբանդյանը՝ զույգ սրունքների շրջանում ստացած հրազենային վնասվածքներով:
Ավելի ուշ՝ ժամը 02:10-ին, իրավապահներին ինքնակամ ներկայացել էր Ալավերդի քաղաքի բնակիչ Կարեն Երիցյանը եւ հայտարարել, որ ինքնաձիգով ինքն է անզգուշությամբ կրակել Լեւոն Նալբանդյանին: Ավելին՝ Երիցյանը ներկայացրել էր ԸԽ-74 տեսակի գործարանային համարի ինքնաձիգը` պահունակով, որում առկա է եղել երկու փամփուշտ:
Եվ, ահա, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով` անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, ապօրինի կերպով հրազեն պահելու եւ կրելու դեպքերի առթիվ:
Նշենք, որ դեպքի օրը մարզպետի որդին եւ նրան կրակած Կարենը բնության գրկում կազմակերպված խնջույքի են մասնակցել, որի ընթացքում տղաները մի լավ գինովցել էին, ինչից հետո էլ հնչել էին կրակոցները: Մեզ հասած տեղեկություններով՝ մարզպետի որդին գնացել էր անտառի խորքը՝ բնական կարիքները հոգալու, իսկ Կարենը այդ նույն պահին միգուցե ցանկացել էր որս անել կամ իր առավելությունը ցույց տալ խնջույքին հրավիրվածների ներկայությամբ, կրակել էր Լոռու մարզպետի որդու` Լեւոն Նալբանդյանի ուղղությամբ:
Մարզպետն էլ այս առիթով հայտարարել էր, որ տեղի ունեցածը դիտավորյալ չի եղել. «Իրենք շատ մտերիմ ընկերներ են: Ընդհանրապես դիտավորության մասին խոսք լինել չի կարող: Լրիվ պատահականություն է»:
Ո՞վ գիտի, գուցե մարզպետն էլ այս գործով չի բողոքել:

Ք. Մ.

 

 

 

 

ՆԱՄԱԿ Է ՈՒՂԱՐԿԵԼ
Մարտի 22-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանը հատած պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի ծնողներին Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակն օրերս նամակ է փոխանցել: Այս մասին Armlur.am-ին հայտնել է Անդրանիկի քրոջ ամուսինը` Արմեն Հարությունյանը` նշելով, որ Անդրանիկը նամակում գրել է, թե իր մոտ ամեն ինչ կարգին է, անհամբեր սպասում է՝ երբ է տանը լինելու. «Հիմա էնտեղ նկարչությամբ է զբաղվում: Նախորդ անգամ Անդրանիկի լուսանկարներից փոխանցեցին, տեսքը վատ չէր: Բայց զգացվում էր, որ մի տեսակ իրեն նման չէր, տխուր էր, շիվարած»: Արմեն Հարությունյանի խոսքով` առայժմ Անդրանիկի հայրենադարձության մասին տեղեկություն չկա. «Թե կոնկրետ երբ կուղարկեն Հայաստան, դեռ պարզ չի: Եթե փոխանակման հարց լիներ, հնարավոր կլիներ էդ հարցը արագ լուծել: Բայց ո՞ւմ հետ փոխանակեն»:




Լրահոս