ՈՒՄ ԽՂՃԻՆ Է ՄՆԱԼՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՄԱՀԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Արարատի եւ Արմավիրի մարզի խաղողագործները դարձյալ փակել էին ավտոմայրուղին: Բանն այն է, որ չնայած պետական պաշտոնյաների այցերին՝ իրականում բոլոր գործարանները՝ ներառյալ Գագիկ Ծառուկյանի կոնյակի գործարանը, անհեթեթ պատճառաբանություններով, թե «եթե մի ողկույզի վրա փչացած հատիկներ կան, ողջ բերքը չենք ընդունի», հրաժարվում են մթերել խաղողը: Խաղողով բարձված բեռնատարները մեկ շաբաթից ավել է՝ կանգնած են գործարանի մերձակայքում, սակայն մթերում չկա ու չկա: Երբ երեկ լրատվամիջոցները աղմուկ բարձրացրին, անմիջապես գյուղացիների մոտ գնացին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, էլի Գագիկ Ծառուկյանը, Արարատի մարզպետը ու նորից խոստումներ տվեցին: Միայն ուշ երեկոյան տեղեկացանք, որ Ծառուկյանի գործարանում առանց «անուն դնելու» սկսել են մթերել խաղողը:
Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու գործարանի» Մասիսի մասնաճյուղի մոտ երեք օր առաջ խաղողի մթերմանը սպասելիս, հանկարծամահ է եղել 28-ամյա մի երիտասարդ խաղողագործ: «Հոկտեմբերի 4-ին՝ երեկոյան ժամը 18-ի սահմաններում, ես եկա, ինքն էլ մոտեցավ ծառերին, որ ներս մտնի, չէին թողել… ընկավ ու մահացավ: Ամենացավալին այն է, որ խաղողն ընդամենը 3 տոննա կլիներ, եթե հայ լինեին, հարգող, պատվող, ապա այդ մարդու խաղողը կտանեին կհանձնեին, մի քանի կոպեկ փողը կտային՝ թաղման արարողությունը կազմակերպելու համար»,- ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Արմավիրի մարզի Այգեվան գյուղի բնակիչ Աղաս Ստեփանյանը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հանկարծամահ եղած քաղաքացին Հայկ Բարսեղյանն է՝ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ: Երեկ տեղի է ունեցել երիտասարդի հոգեհանգստի արարողությունը: Ոսկետափ համայնքի ղեկավար Սարգիս Աբրահամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ նա. «Տրոմբ է ունեցել, որը բացվել է: Երկու երեխա ուներ, աշխատող տղա էր: Հայրը դերձակ էր: Խելացի տղա էր… ափսոս»: Իսկ ո՞ւմ խղճին է մնալու այս երիտասարդի մահը:

 

 

 
2016 թվականի պետական բյուջեի նախագիծը արդեն մուտք է եղել ԱԺ եւ ընդգրկվել աշնանային նստաշրջանի մեծ օրակարգ: Ինչպես հայտնի է՝ եկող տարվա բյուջեն 2015 թվականի համեմատ 8 միլիարդ դրամով պակաս է, իսկ դեֆիցիտը, ընդհակառակը, ավելացել է մոտ 75 միլիարդ դրամով: «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից պարզել, թե 2016 պետբյուջեն արդյոք կարող է համարվել սոցիալական ուղղվածությամբ բյուջե: «Դա բյուջե է, այսպես ասած, ավելի համեստ, հնարավորինս փորձել ենք իրատեսական գտնվել ծախսեր կատարելու մեր ցանկությունների մեջ: Սոցիալական ծախսերը պահպանված են այս տարվա մակարդակում: Համեստ է այն առումով, որ սովոր ենք յուրաքանչյուր տարի ոչ այդքան շատ, բայց ինչ-որ չափով թոշակի բարձրացում անել, նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցում որոշակի փոփոխություններ անել կամ որոշակի այլ սոցիալական հարցերի հետ կապված խնդիր լուծել, այդ առումով այս տարի համեստ է լինելու»,- պարզաբանեց Սաֆարյանը: Ասել է թե՝ մյուս տարի ունենալու ենք «յոլլա գնալու բյուջե»:

 

 

 
«Ժողովուրդ»-ը դեռ հուլիսի 28-ին կանխատեսել էր, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի առիթով հարուցված քրեական գործի միջոցով լուծվելու է Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի առիթով կալանավորված մարզպետի որդուն «ազատելու» հարցը: Մարզպետի դեմ մահափորձի գործով կալանավորված Արա Բուդաղյանը փաստացի պատանդի կարգավիճակում է: Այս ընթացքում ՀՀ ԱԱԾ-ի քննիչները չեն էլ փորձում ապացուցել նրա կապը մահափորձի հետ: Ըստ ամենայնի, Բուդաղյանին անազատության մեջ կպահեն այնքան ժամանակ, մինչեւ ՀՀ քննչական կոմիտեն կլուծի մարզպետ Խաչատրյանի բոլոր կալանավորված հարազատների ազատման հարցերը: Ինչպես գիտենք, մարզպետի որդին եւ նրա վարորդի տղան արդեն ազատ են արձակվել: Օրերս էլ ինքնակամ ոստիկանություն է ներկայացել նաեւ Սուրիկ Խաչատրյանի եղբոր` Սերոբ Խաչատրյանի որդին` Մայիսը, որը 4 ամիս հետախուզվում էր: Նրան, իհարկե, կալանավորել են, սակայն կասկած չկա, որ քննչական կոմիտեն նրան եւս ազատ կարձակի:

 

 

 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեկ հաղորդում է ներկայացրել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին: Իսկ պատճառը նշված դատավորի կողմից «Ժողովուրդ» օրաթերթի դեմ անցած տարվա նոյեմբերի 25-ին կայացրած վճիռն է: Ըստ օմբուդսմենի՝ Ռուբեն Ներսիսյանը այդ վճիռը կայացնելիս թույլ է տվել նյութական եւ դատավարական նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտում: Հիշեցնենք, որ «X գրուպ» ընկերության նախագահ Խաչիկ Խաչատրյանի հայցադիմումի հիման վրա Ռուբեն Ներսիսյանը վճռել էր «Ժողովուրդ» օրաթերթից հօգուտ գործարարի բռնագանձել շուրջ երկու միլիոն դրամ: Հենց այս վճռի հիման վրա արդեն երեք ամսից ավել «Ժողովուրդ» օրաթերթի բանկային հաշիվների վրա կալանք է դրված:

 

 

 

 
ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ

Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակի հրապարակումից եւ այն ԱԺ-ում հաստատվելուց հետո երեկ, ի վերջո, Ռոբերտ Քոչարյանը ներկայացրեց իր գնահատականը երկու ամսից հանրաքվեի դրվող նախագծի շուրջ: Ու թեեւ նախկին նախագահի բացասական դիրքորոշումը որեւէ մեկի համար նորություն չէր, սակայն երեկվա իր գնահատականներում Քոչարյանն աննախադեպ կտրուկ էր: Իր մեկհարցանոց հարցազրույցում նա օգտագործել է այնպիսի ձեւակերպումներ, որոնք այլեւս տեղ չեն թողնում կասկածների համար, թե միգուցե Ռ. Քոչարյանը կգերադասի չխոչընդոտել Սահմանադրության նոր նախագիծը կյանքի կոչելու` Սերժ Սարգսյանի ծրագրին: «Հրապարակված նախագիծը գերազանցեց իմ վատագույն սպասումները»: «Կատարվում է մի մեծ սխալ, որի հետեւանքները ծայրահեղ վտանգավոր են Հայաստանի ապագայի համար»- հայտարարել է նախկին նախագահը:
Հիմնավորելով իր մտահոգությունները` նա նշել է, թե նախագծի 89-րդ հոդվածը կոչված է ապահովել մեկ կուսակցության գերակայությունը խորհրդարանում: «Մեր իրողություններում, անկախ իր վայելած ժողովրդականությունից, դա կլինի այն կուսակցությունը, որ տիրապետում է ադմինիստրատիվ եւ ֆինանսական ռեսուրսների»,-զգուշացրել է Քոչարյանը, ով, հիշեցնենք, հրապարակավ խոստովանել է, որ ժամանակին ինքն էր միանձնյա կազմում Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը, ուստի քաջատեղյակ է իր նշած «իրողություններին»: Շարունակելով` Քոչարյանը նշում է. «Հաշվի առնելով Հայաստանում ներկուսակցական ժողովրդավարության անգամ նշույլի բացակայությունը՝ հովանավորչական կառավարումը կդառնա անխուսափելի ու հարատեւ չարիք, լճացման աղբյուր եւ արատավոր համակարգի վերարտադրման գործիք»: Սա արդեն Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի դեմքին շպրտված բացահայտ ձեռնոց է, որով, փաստորեն, Քոչարյանը համալրում է «արատավոր համակարգի վերարտադրության» դեմ պայքարող «Ոչ»-ի ճակատում գտնվող ընդդիմադիր առաջնորդների շարքը: Մինչ այս հենց Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Ստեփան Դեմիրճյանն են Սերժ Սարգսյանի իշխանությունը բնութագրել «արատավոր» մակդիրով:
Իհարկե, Քոչարյանի շուրթերից առկա համակարգին տրված նման գնահատականն ավելի շատ այդ համակարգի օգտին է աշխատում: Բնականաբար Քոչարյանի շրջապատում սա հստակ գիտակցում են, եւ թերեւս հենց սա է պատճառը, որ մինչ օրս Քոչարյանն այդպես էլ բացահայտ կերպով չի մտել քաղաքական խաղի մեջ: Սակայն ներկայիս իրավիճակում, երբ, ըստ էության, դրված է Ռոբերտ Քոչարյան նախագահի թեկնածուի լինել-չլինելու հարցը, նա կա՛մ պետք է արդեն բացահայտ կերպով` իր ձեռքի տակ գտնվող ֆինանսական եւ քաղաքական ռեսուրսներով առաջ տանի իր ոչ-ը, կա՛մ էլ համակերպվի արդեն ոչ այդքան «երիտասարդ թոշակառու»-ի` իր այլեւս անփոփոխելի կարգավիճակին:




Լրահոս