«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նոյեմբերին խորհրդարանում քննարկվելիք 2016 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է, որ համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով 1 տրիլիոն 183 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 1 տրիլիոն 373,7 մլրդ դրամ, իսկ պակասուրդը կկազմի 190,7 մլրդ դրամ:
Նշենք, որ ընթացիկ 2015 թվականի համախմբված պետբյուջեն կազմում է 1 տրիլիոն 228,3 միլիարդ դրամ: Այսինքն՝ ՀՀ Կառավարությունն արդեն իսկ ելնում է այն իրողությունից, որ պետբյուջեի մուտքերը եկող տարի էլ ավելի քիչ են լինելու: Սա իր հերթին նշանակում է, որ այս տարվա պետբյուջեի պլանի թերակատարումն անխուսափելի է: Մոտավոր հաշվարկներով այս տարվա պետբյուջեն կթերակատարվի 80-ից 100 միլիարդ դրամի չափով:
Երեկ «Ժողովուրդ»-ն այս հարցի շուրջ զրուցել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի հետ:
-Պարո՛ն Սաֆարյան, խորհրդարանին եք ներկայացրել 2016 թվականի բյուջեի նախագիծը, որը պետք է արդեն նոյեմբերին քննարկվի: 2015 թվականի համախմբված պետբյուջեն կազմում է 1 տրիլիոն 228,3 միլիարդ դրամ: Այսինքն՝ ՀՀ Կառավարությունն արդեն իսկ ելնում է այն իրողությունից, որ պետբյուջեի մուտքերը եկող տարի ավելի քիչ են լինելու: Ինչո՞ւ է հայրենի Կառավարությունը նման խնդրի առաջ կանգնել:
-Խոսքը վերաբերում է հարկային եկամուտներին, որոնք անցած տարվա հաստատված ցուցանիշներից 7-8 միլիարդով տարբեր են: Դա պայմանավորված է մակրոտնտեսական իրավիճակով, որի մասին մենք 7-8 ամիս շարունակ խոսում ենք: Բոլոր տենդեցները հաշվի առնելով՝ մեր մյուս տարվա իրատեսական եկամուտները ստացվում են այնքան, ինչքան որ մեր բյուջեում արտացոլված է: Մենք կանխատեսում ենք նաեւ տնտեսական աճ՝ 2.2 տոկոս: Մի բան հստակ է, որ տարբեր տեսակետներ են լինում, յուրաքանչյուրը իր դիրքորոշումն է ներկայացնում այս հարցերի հետ կապված, բայց մենք ներկայացնում ենք այն, ինչը կա, ինչն իրատեսական է: Մենք բազմիցս բարձրաձայնել ենք այս մասին, այն խնդիրների ու առաջընթացի մասին, որը կա: 2016 թվականի բյուջեի նախագծում էլ արտացոլվել է այն, ինչի մասին մենք խոսել ենք, հանրությանը ներկայացրել ենք:
-Անցնող տարվա ընթացքում հայ գործարարները պարբերաբար հայտարարել են, որ հարկային մարմինները տեսչական տեռորի են ենթարկել տնտեսվարողներին: Սակայն չնայած գործարարների նկատմամբ իրականացվող հարկային գերխիստ վարչարարությանը, չափազանց մեծ տուգանքների առատությանն ու այլ հարկային ճնշումներին` այդպես էլ չի հաջողվել «լցնել» բյուջեն: Որն է պատճառը, որ Կառավարությանն այդպես էլ չի հաջողվում լուծել հարկերի հավաքագրման խնդիրը:
-Ես չեմ կարող մեկնաբանել գործարարների հայտարարությունները, մենք կատարում ենք մեր աշխատանքը: Յուրաքանչյուրն էլ կարող է իր դիրքորոշումը ներկայացնել մեր աշխատանքի վերաբերյալ, բայց մենք անում ենք այն, ինչը սահմանվում է օրենքով: Դուք եք նշում, թե գործարարների հավաստմամբ եղել է հարկային տեռոր, իսկ մենք էլ կարող ենք ներկայացնել այն աշխատանքները, որոնք իրականացվել են հարկերի հավաքագրման ժամանակ: Օբյեկտիվ որեւէ բան չի կարող լինել, քանի որ յուրաքանչյուրս էլ ունենք մեր սեփական կարծիքը: Մենք չենք կարող ասել, որ ոչ, նման բաներ մի՛ ասեք, յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ կարող է նման հայտարարություն անել, իսկ մենք էլ կարող ենք մեր փաստերը ներկայացնել:
-ՀՀ Կառավարությունը ինչպիսի՞ բյուջե է համարում 2016 թվականի բյուջեն, արդյո՞ք այս բյուջեով լուծվելու են սոցիալական խնդիրներ, ի՞նչ պետք է ակնկալի հանրությունը 2016 թվականի բյուջեից:
-Այժմ դրված է միկրոկայունության խնդիր, շատ զարգացման ծրագրեր՝ որպես այդպիսիք, չկան պայմանավորված եկամուտների սահմանափակվածությամբ, տնտեսական իրավիճակով եւ այլն: Դա բյուջե է, այսպես ասած, ավելի համեստ, որտեղ հնարավորինս փորձել ենք իրատեսական գտնվել՝ ծախսեր կատարելու մեր ցանկությունների մեջ: Սոցիալական ծախսերը պահպանված են այս տարվա մակարդակում: Համեստ է այն առումով, որ մենք սովոր ենք գոնե յուրաքանչյուր տարի ոչ այդքան շատ, բայց ինչ-որ չափով թոշակի բարձրացում անել, նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցում որոշակի փոփոխություններ անել կամ որոշակի այլ սոցիալական հարցերի հետ կապված խնդիր լուծել, սակայն այդ առումով այս տարի համեստ է լինելու:
-Այսինքն՝ թոշակների, նվազագույն աշխատավարձի բարձրացում 2016 թվականին չի լինելո՞ւ:
-Ոչ, այս ժամանակահատվածում աշխարհում շատ խառը իրավիճակ է ստեղծվել, նույնիսկ եղան տեղեր, որտեղ իրենց երկրի բնակիչների աշխատավարձերը իջեցվեցին: Մենք ասում ենք` բարձրացումը լավ է, բայց նաեւ մենք մնում ենք կայուն վիճակում:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԷԻՆ, ՈՐ ՎԱՐԿԵՐԸ ՇԱՏ ԵՆ
Երեկ Ազգային ժողովում քվեարկվեց Կենտրոնական բանկի կողմից ներկայացվող 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիրը, որը օրենսդիրներին էր ներկայացնում ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
Նախքան ծրագիրը քվեարկության դնելն ու ԿԲ նախագահի տեղակալի կողմից ներկայացնելը, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը վարման կարգով ելույթի ընթացքում հայտնեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կողմ է քվեարկելու վարկային ծրագրին՝ նշելով՝ այն շատ անհրաժեշտ է Երեւանին: «28 փողոցներ ամբողջապես զինվելու են տեխնիկայով, մենք հստակ կողմ ենք այս ծրագրին»-ԲՀԿ-ի դիրքորոշումը հիմնավորեց պատգամավորը: Հակադարձելով Մելքումյանին` ԲՀԿ խմբակցության անդամ, «Այլանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ դեմ է այս ծրագրին, քանի որ Երեւանն այնքան բյուջե ունի, որ դրա անհրաժեշտությունը չկա: «Ինձ համար վարկային պայմանագիր քննարկելիս անհասկանալի է՝ ինչպես կարելի է դրան նպաստել, ես դեմ եմ. Երեւանն ունի շատ ավելի փող, քան անհրաժեշտություն՝ վարկ վերցնելու»,-ասաց նա:
Այնուհետեւ հիմնական զեկուցող Ներսես Երիցյանը հանդես եկավ ելույթով` նշելով, որ տարեվերջին արտարժութային հոսքերի կտրուկ նվազման եւ ռուսական ռուբլու արժեզրկման ազդեցությամբ դրամի արժեզրկման ու գնաճային միջավայրի ընդլայնման դրսեւորումներով պայմանավորված 12-ամսյա գնաճը գերազանցել է սպասելիքները՝ տատանվելով 4.0 + 1.5 տոկոսային կետ միջակայքի վերին հատվածում: Նրա խոսքով՝ արտաքին տնտեսական անբարենպաստ միջավայրում կանխատեսվում է տնտեսական աճի դանդաղում: ԿԲ փոխնախագահի ներկայացմամբ` հաշվետու եռամսյակում արձանագրվել է 5.4% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2.3%-ի փոխարեն: Անդրադառնալով այն հանգամանքին, որ ընդդիմադիր պատգամավորները հակասական մտքեր են հնչեցնում գնաճի վերաբերյալ, Երիցյանն ասաց. «Մեկն ասում է՝ գնաճը բարձր է, մեկն ասում է՝ ցածր է: Գնաճը գտնվում է մեր կողմից սահմանված ցուցանիշների շրջանակներում, որը ապահովում է ժողովրդի համար կայուն, տեւական տնտեսական աճ»: ԿԲ փոխնախագահը հավաստիացրեց, որ չեն ցանկանում բարձր գնաճ սահմանել, քանի որ աշխարհի որեւէ զարգացած եւ զարգացող երկիր 2-5 տոկոսից ավելի գնաճ չի սահմանում:
Հարցի քվեարկությունը կկայանա այսօր:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԳՆՈՒՄ, ՉԵՆ ԳԱԼԻՍ
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության՝ «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանների գործունեության վերաբերյալ հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ չի վերադարձել 39 հազար 560 ուղեւոր: Իհարկե, արտագաղթի ընդհանրական պատկերն այս թիվն ամբողջությամբ չի արտահայտում, քանի որ դեպի ԱՊՀ երկրներ արտագաղթը տեղի է ունենում հիմնականում ավտոմեքենաներով կամ ավտոբուսներով: Ի դեպ, ուշագրավ է նաեւ այն փաստը, որ այս տարվա ինն ամիսների արդյունքներով ընդհանուր ուղեւորափոխադրումները, անցած տարվա համեմատ, մոտ 130 հազար ուղեւորով նվազել է: Սա թերեւս պայմանավորված է Հայաստանի ավիացիայի շուկայում ստեղծված վիճակով: Հայկական ազգային փոխադրողի բացակայության պատճառով Երեւանից ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալները էապես նվազեցին: Մյուս կողմից Հայաստանից դեպի Եվրոպա թռչելը մոտ կրկնակի թանկ է, քան Թբիլիսիից, եւ մարդիկ նախընտրում են Վրաստանով մեկնել արտերկիր:
ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ՀՀ Կառավարությունը վաղը կայանալիք նիստում կփոխի «Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի» իրավական կարգավիճակը: Կապուտիկյանի տուն-թանգարանը եւ նրա գրական ժառանգությունը տնօրինում է «Սիլվա Կապուտիկյան» գրական հիմնադրամը: ՀՀ մշակույթի նախարարությունը 2010-ից հիմնադրամի գործունեությունն ապահովելու համար աշխատում է դրամաշնորհային ծրագրով: Տուն-թանգարանը յուրաքանչյուր եռամսյակ նախարարությանը ներկայացնում է հաշվետվություն: Ըստ որի՝ անհրաժեշտ է իրականացնել թանգարանային առարկաների վերականգնում, թվայնացում, ժամանակավոր ցուցահանդեսների, միջոցառումների կազմակերպում: Կառավարությունը մտադիր է Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը դարձնել «Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ:
ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Առաջիկայում նախատեսվում է ՀՀ Կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ կնքել միմյանց համապատասխան տարածքների միջեւ եւ դրանցից դուրս օդային հաղորդակցության մասին նոր hամաձայնագիր: Համապատասխան համաձայնագրին հավանություն տալու հարցը ընդգրկված է Կառավարության՝ վաղը կայանալիք նիստի օրակարգում: 2012-ի նոյեմբերի 20-ին Աբու Դաբիում ստորագրվել է համանման մի համաձայնագիր, սակայն դրանից հետո՝ 2013թ. հոկտեմբերի 23-ի որոշմամբ ՀՀ Կառավարությունը ավիացիայի ոլորտում որդեգրեց «բաց երկնքի» քաղաքականություն: Արդյունքում նոր համաձայնագիր կնքելու անհրաժեշտություն է առաջացել: Մասնավորապես, հին համաձայնագիրը կառավարություններին թույլատրում է միջամտել ավիաընկերությունների կողմից առաջարկվող տարողության, հաճախականության եւ սակագների հաստատման գործընթացներին, ինչը հակասում է «բաց երկնքի» քաղաքականության սկզբունքին: