Երբ 2013-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Կառավարությունը պատրաստվում է մասնավորեցնել «Որոտանի ՀԷԿ»-ը, միանգամից կարծիքներ սկսեցին հնչել առ այն, որ հերթական մութ գործարքն է նախապատրաստվում: «Որոտանի ՀԷԿ»-ը Հայաստանի էներգետիկ համակարգի վերջին «հսկան» էր, որը դեռեւս շարունակում էր մնալ պետական սեփականություն:
Սակայն մյուս կողմից այն հանգամանքը, որ «Որոտան ՀԷԿ-ի» գնորդը ամերիկյան «Քոնթուր Գլոբալ» (ContourGlobal) ընկերությունն էր, որի լոբինգով անմիջական հենց ԱՄՆ պետքարտուղարությունն էր զբաղվում, մի փոքր հույս էր ներշնչում, որ այս անգամ գործարքում մութ կողմերը գոնե քիչ կլինեն: Ի վերջո, այս անգամ գնորդը ոչ թե օֆշորում նոր, հատուկ այդ գործարքի համար գրանցված ընկերություն էր, այլ էներգետիկ կորպորացիա, որը էլէներգիայի արտադրությամբ է զբաղվում շուրջ 17 երկրներում:
Ինչեւէ, գործարքը նախապատրաստել էր ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած Կառավարության կողմից, սակայն վերջինիս հրաժարականից եւ գործադիրի կազմի փոփոխությունից հետո գործարքը մի փոքր ձգձգվեց եւ,ի վերջո, իր ավարտին հասցվեց այս տարվա հունիսի 8-ին: Այդ օրը մեծ հանդիսավորությամբ ՀՀ Կառավարությունում ստորագրվեց «Որոտանի ՀԷԿ»-ի վաճառքի գործարքը: Հայտարարվեց, որ գործարքի արժեքը կազմում է 180 մլն դոլար, եւ այդ գումարը պետք է վճարվի երկու մասով՝ 90-ական միլիոն դոլար չափաքանակներով: Այս գործարքի դրական կողմն այն էր, որ դրա շնորհիվ Հայաստանի էներգետիկ համակարգում կարող է մրցակցություն առաջանալ: Փաստորեն, Հայաստանի էներգետիկ համակարգում, որն ամբողջությամբ գտնվում է ռուսական ընկերությունների տիրապետման տակ, հայտնվում է նոր խաղացող ամերիկյան հեղինակավոր ընկերություն: Սակայն այս ոգեւորությունը գնալով կարծես մարում է:
Սակայն օրերս հայտնի դարձավ, որ «Որոտանի ՀԷԿ»-ի գույքը ձեռք բերելուց անմիջապես հետո նոր սեփականատերը երեք հայկական բանկերում գրավադրել է: ՀՀ օրենսդրության համաձայն՝ նման դեպքերում գույքը կարող է գրավադրվել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնությամբ: Մեր հարցմանը տված պատասխանի համաձայն՝ համապատասխան համաձայնությունը ՀԾԿՀ-ն տվել է հուլիսի 22-ին տեղի ունեցած նիստում կայացված թիվ 250Ա որոշմամբ: Ըստ այդմ, պարզվում է, որ «Որոտանի ՀԷԿ»-ը կառավարող «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ընկերությունը դեռեւս այս տարվա հունիսի 26-ի դիմել է ՀԾԿՀ-ին՝ խնդրելով համաձայնություն տալ իրենց ընկերության հիմնական գույքը եւ գույքի նկատմամբ գույքային իրավունքները գրավադրել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան», «Ամերիաբանկ» եւ «Կոնվերս Բանկ» բանկերում: Որոշմանը կից հավելվածից տեղեկանում ենք, որ նշված բանկերում գրավադրվել են՝ «1. Սպանդարյանի հիդրոէլեկտրակայան (կառուցված 1989 թվականին, բաղկացած երկու բլոկից, 76 ՄՎտ հզորությամբ). 2. Շամբի հիդրոէլեկտրակայան (կառուցված 1979 թվականին, բաղկացած երկու բլոկից, 171 ՄՎտ հզորությամբ). 3. Տաթեւի հիդրոէլեկտրակայան (կառուցված 1970 թվականին, բաղկացած երեք բլոկից, 157,2 ՄՎտ հզորությամբ) եւ 4. Նշված հիդրոէլեկտրակայանների շահագործման համար անհրաժեշտ շենքեր, շինություններ եւ այլ օժանդակ սարքավորումներ»: Այլ կերպ ասած՝ նոր սեփականատերը ՀԷԿ-ը ձեռք բերելուց անմիջապես հետո սկսել է ողջ գույքի գրավադրման գործընթացը եւ պայմանագրի ստորագրումից երկու շաբաթ անց արդեն դիմել է ՀԾԿՀ-ին՝ համաձայնություն ստանալու համար:
Ի դեպ, ՀԾԿՀ-ի որոշման մեջ չի նշվում, թե գրավադրման արդյունքում «Որոտանի ՀԷԿ»-ի նոր սեփականատերը որքան գումար է ստացել, սակայն, մեր տեղեկություններով, վերը նշված երեք բանկերը միասին հատկացրել են 90 մլն դոլար գումար: Դրանով «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ընկերությունը վճարել է «Որոտանի ՀԷԿ»-ի գնման համար վճարվելիք գումարի առաջին՝ 90 մլն դոլար մասնաբաժինը:
Տեղի ունեցածը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի տնտեսության հետ կապված մութ գործարքների առատության պատճառը ռուսական, ամերիկյան կամ անգլիական ընկերությունները չեն: Բոլոր ընկերությունների տերերը բիզնեսմեններ են, որոնց առաջնահերթ խնդիրը շահույթ ստանալն է: Իհարկե, ընթացքում այդ ընկերությունները կարող են նաեւ քաղաքական խնդիրներ լուծելու նպատակով օգտագործվել, բայց կրկնում ենք՝ նրանց առաջնահերթ խնդիրը շահույթ ապահովելն է: Ցանկացած ընկերություն Հայաստան գալուց հետո տեսնում է, որ այստեղ մութ գործարքների համար դրախտավայր է, քանի որ պետական պաշտոնյաներին առավել հետաքրքրում է իրենց գրպանը գնացող գումարները, իսկ թե ինչ կլինի հետո, այնքան էլ կարեւոր չէ: Արդյունքում, «ամենասրբերն» անգամ անմիջապես սկսում են «հայկական կանոններով» խաղալ: Ամերիկյան ընկերությունը մասնավորապես այդ ճանապարհով իր համար 90 մլն դոլար է խնայել: Ու հետո խոսում են թափանցիկությունից, ազնվությունից եւ այլ գերարժեքներից:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ
Նախօրդ օրը՝ ՀՀ Սահմանադրության նախագծի քվեարկության ժամանակ, 104 կողմ քվեարկած պատգամավորների թվում էր նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԱԿ քարտուղարության անդամ Նաիրա Կարապետյանը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է նրանից պարզել, թե հանունի ինչի է կողմ քվեարկել: «ՄԻԱԿ-ն ի սկզբանե Սահմանադրության ծրագրի մեջ որպես հիմնաքար դրել է խորհրդարանական հանրապետության անցումը: Այսօր, երբ արդեն օրակարգ է մտել մեր տարիների ընթացքում արված աշխատանքը, ես կարծում եմ, որ շատ անտրամաբանական կլիներ դրան այլ ձեւ քվեարկելը: Ինքս ունեմ համոզմունք, որ դեպի ժողովրդավարություն ճանապարհը խորհրդարանական հանրապետության միջոցով ավելի կարճ է»,- ասաց պատգամավորը:
Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԱԿ անդամ Լեւոն Մարտիրոսյանն էլ «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու ինքը չի մասնակցել քվեարկության, ասաց՝ ուշացած է դահլիճ մտել եւ դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին, որպեսզի իր կողմ-ը եւս հաշվեն:
ԳԱԼՈՒՍՏԻ ՏՐՅՈՒԿՆԵՐԸ
ԱԺ-ի երեկվա նիստը եւս առանց միջադեպերի չանցավ: ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի ելույթի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն աղմկելով մոտեցավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ ինչ-որ թուղթ ձեռքին: ԱԺ նախագահը Փոստանջյանին հորդորեց նիստը չխանգարել. «Հիմա ես չգիտեմ՝ անվտանգությանը կանչեմ, թե շտապ օգնությանը»,- հայտարարեց Սահակյանը, որից հետո Զ. Փոստանջյանը լքեց նիստերի դահլիճը: Պատգամավորը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իր օգնականներին ու այցելուներին Գ. Սահակյանն արգելել է խորհրդարան մուտք գործել: ԱԺ հայտարարությունների ժամին էլ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ մի քանի օր է՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոր կարգ է սահմանել: «Պատգամավորներն իրավունք չունեն հանդիպել անգամ լրագրողների հետ նիստերի օրերին, եթե նա չի թույլատրել»,- զայրացած հայտարարեց Մանուկյանը: Աժ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարզաբանեց. «Նիստերի օրերին ապահովության նպատակով քաղաքացիների մուտքը եղել է խստացված ռեժիմով: Որեւէ փոփոխություն այդ մասով չի եղել»:
ԱՍՈՒՄ ԵՆ՝ ԴԵՄ ԵՆ
Ինչպես հայտնի է՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը, Հայկ Խաչատրյանն ու խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը չեն մասնակցել նոր Սահմանադրության նախագծի քվեարկությանը: Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը երեկ եկել էին ԱԺ: Նրանք լրագրողների հետ զրույցում հայտարարում էին, որ դեմ են նախագծին: Այդ դեպքում անհասկանալի մնաց, թե քվեարկությանը ինչու չէին մասնակցել եւ իրենց «դեմը» պաշտոնապես արտահայտել:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԵԳԻՊՏՈՍՆ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է Եգիպտոսի ԱԳ նախարարի տեղակալ Ամր Ալջովեյլիին։ Կողմերը հանգամանալից քննարկել են հայ-եգիպտական համագործակցության զարգացման նպատակով համատեղ ձեռնարկվելիք քայլերը: Անդրադարձ է կատարվել նաեւ հոկտեմբերի 9-11-ը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի նախապատրաստական աշխատանքներին։
ԸՆԴՈՒՆԵԼ Է
ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը երեկ ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչիին եւ ռազմական կցորդ (նստավայրը ք.Մոսկվա) գնդապետ Կազույա Օնոյին` վերջինիս ՀՀ-ում հավատամագրվելու կապակցությամբ: Սեյրան Օհանյանը շնորհավորել է գնդապետ Օնոյին` հույս հայտնելով, որ հայ-ճապոնական պաշտպանական համագործակցության զագացման նոր հեռանկարներ կնախաձեռնվեն:
ՃԱՆԱՉՄԱՆ ԴԻՄԱՑ
«Երբ ժողովրդի դատին ներկայացվում է մի Սահմանադրություն, որը, ըստ էության, տեսանելի է, որ հասնելու է հանրաքվեի, իսկ «Ոչ»-ի շարժումը դեռ կայացման փուլում է, եւ չգիտենք՝ ուր կհասնի, էդ դեպքում ինչպե՞ս կարող ես անտարբեր նստել եւ չփորձել ինչ-որ կերպ բարեփոխել այն, ինչ ներկայացված է»,- նոր Սահմանադրության նախագծին իր կողմ քվեարկելը երեկ ասել է ՀԱԿ խմբակցության անդամ, ՎՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը: «Դժբախտաբար, ՀԱԿ-ը չցանկացավ ճանաչել վերակազմյալ ՍԴՀԿ-ն։ Հավանաբար էդպես ավելի հարմար էր իրենց, եւ, ըստ էության, քաղաքական գործընթացից մեզ դուրս էին հրավիրում։ Ստացվեց, որ իշխանությունը ճանաչեց»,- ասել է Սարգսյանը:
ՀԱՅ-ՎԻԵՏՆԱՄԱԿԱՆ
Երեկ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Նգուեն Թհան Շոնը (նստավայրը` Մոսկվա): Սերժ Սարգսյանը եւ դեսպան Նգուեն Թհան Շոնը քննարկել են հայ-վիետնամական հարաբերությունների հեռանկարին վերաբերող հարցեր՝ այդ համատեքստում կարեւորելով բարձր մակարդակի քաղաքական ակտիվ երկխոսությունը եւ հաճախակի փոխայցելությունները: