Շաբաթ օրը «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Գեղարքունիքի մարզ կատարած այցն այնքան էլ հարթ չի ընթացել: Սադրանքներ, փոխադարձ վիրավորանքներ, միմյանց «ոչնչացնելու» խոստումներ, քաշքշուկ ու նույնիսկ մի թաքուն ապտակ է արձանագրվել մարզային հանդիպումների ընթացքում:
ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ ՏՂԱՄԱՐԴ ՉԿԱ՞
Ի սկզբանե նկատենք, որ «Ժառանգության»՝ մինչ օրս կայացած հանրահավաքները բավական զուսպ եւ կազմակերպված են ընթացել, համենայնդեպս սադրանքներ եւ անախորժություններ չեն եղել: Սակայն Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի, Գավառ եւ Սեւան քաղաքներում կազմակերպված այցերը, մեղմ ասած, լավ ընթացք չեն ունեցել: Հիշեցնենք, որ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Ր. Հովհաննիսյանը Գեղարքունիքի մարզում ստացել էր ընդամենը 39.825 քվե:
Վարդենիս քաղաքում Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնապես հավաքել է 11,5 տոկոս քվե, ինչը Հովհաննիսյանը պայմանավորեց մարդկանց մեջ առկա վախով: Սակայն ծնունդով գավառցի, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ավելի կոպիտ խոսեց՝ նշելով, որ հանդիպմանը եկածներից մեկն իրեն ասել է, թե մարդկանց զգուշացրել են, որ չմոտենան հանրահավաքին: «Այս ազգը միշտ ունեցել է ստրուկներ, եթե ես ասեմ՝ դու ստրուկ ես, ինչո՞ւ ես մարդկանց ասել, որ չմոտենան, ապա իմացե՛ք՝ նրանք ստրուկ են եւ չեն մոտենա, վախկոտ ու նողկալի մարդիկ են: Բայց ձեզ առանձին կմոտենան: Բայց հիմա տղամարդ չի լինի այդ ասողներից` լինի ոստիկան, քաղաքապետ, չեն մոտենա ասեն, որ այո՛, ես եմ ասել, որ չմոտենան հանրահավաքին: Թուրքերն էլ ժամանակին այսպիսի ստրուկներ են գտել, ինչպես այսօրվա տեղական իշխանիկներն են, որ գան ու մեր հողի մեջ մեր ժողովրդին ասեն, որ դուք չեք ձեր գլխի տերը: Ա՛յ իրենք ներքին թուրքեր են, նրանք իմպոտենտ են: Նրանք այդքան տղամարդկություն չունեն, որ գան ասեն՝ ես ստրուկ չեմ»,-նշեց Ռ. Հակոբյանը: Այստեղ քաղաքապետի, տեղական մյուս իշխանիկների եւ անձամբ Սերժ Սարգսյանի «թասիբը պահեց» Վարդենիսի քաղաքապետարանի հավաքարարուհին՝ բղավելով. «Ջուր մի՛ ծեծեք. մենք լավ էլ ճոխ ընտրել ենք մեր Սարգսյանին: Գնացե՛ք»: Իսկ երբ քաղաքացիներից մեկը Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին ելույթ էր ունենում՝ տեղեկացնելով, որ Վարդենիսում ժամը 2-ից հետո քվեաթերթիկ չի եղել՝ քվեարկելու համար, քաղաքապետարանի աշխատակիցները նրան պարսավում էին:
«ԹՈՒՐՔԸ ԴՈՒ ԵՍ»
Հանրահավաքը շարունակվեց Մարտունի քաղաքում, որտեղ քաղաքացիներից մեկը, ներկայանալով ազատամարտիկ, փորձեց պատիվ պահանջել Ռուբիկ Հակոբյանից` թուրք արտահայտության համար. «Թուրքը դու ես, Մարտունին միակ համայնքն է, որ թուրք չի մտել»: Այստեղ սկսվեց վիճաբանություն, որը վերածվեց քաշքշուկի: Ռ. Հակոբյանը բորբոքվեց եւ հայտարարեց. «Իմ հետ այդպես չխոսես, աչքերդ կհանեմ, ապո՛ւշ»: Իրավիճակը փորձեց փրկել «Ժառանգության» առաջնորդ Ր. Հովհաննիսյանը՝ բարձրախոսով հայտարարելով, թե քաղաքացին ուղարկված պրովոկատոր է:
Այնուհետեւ Ր. Հովհաննիսյանն ուղեւորվեց Գավառ, որտեղ, պաշտոնական տվյալներով, 35 տոկոս ձայն է հավաքել: Քաղաքացիներից մեկը Հովհաննիսյանից հետաքրքրվեց. «Մեր ժողովուրդը Ռուսաստանի հետ են կապված: Հիմա որ գնանք Ամերիկա, որ դու ասում ես, մեզի կպահե՞ն: Գնացե՛ք Սերժ Սարգսյանի հետ կլոր նստե՛ք, խոսացե՛ք»: Հովհաննիսյանը ամբիոնից պատասխանեց, որ ռազմավարական գործընկերություն պետք է անել տրամաբանական հիմքերով, այլ ոչ թե զենք վաճառել ադրբեջանցիներին, որ մեզ ոչնչացնեն:
ԱՊՏԱԿ՝ «ՏՂԱՄԱՐԴ ՉԿԱ» ԽՈՍՔԻ ՀԱՄԱՐ
«Ժառանգության» առաջնորդի վերջին կանգառը Սեւան քաղաքում էր, որտեղ եւս հանդիպումը խաղաղ չընթացավ: Սեւանի քաղաքապետը՝ ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանը, ընդառաջ եկավ Ր. Հովհաննիսյանին, ողջունեց նրան եւ հանդիպման ամբողջ ընթացքում կանգնեց Հովհաննիսյանի կողքին: Քաղաքապետն առաջարկեց նրան ընդունել Ս. Սարգսյանի հաղթանակը, հաշվի նստել նրա հետ, սեղանի շուրջ նստել եւ համագործակցել գործող նախագահի հետ:
Քաղաքապետը շեշտեց, որ Սեւանը ընտրել է Ս. Սարգսյանին, որից հետո սեւանցի մի կին կշտամբեց նրան` ասելով. «Մի կեղծարար էլ դու ես»: Այդ ընթացքում մի քանի քաղաքացիներ մոտեցան եւ քաշքշեցին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին: Ըստ ականատեսների՝ տղամարդկանցից մեկը նույնիսկ ապտակեց անձեռնմխելի պատգամավորին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Հակոբյանի վրա հարձակվելու պատճառը նրա արած հայտարարությունն էր տղամարդկանց բացակայության ու իմպոտենցիայի մասին: Մարզի մի քանի տղամարդիկ հավաքվել եկել էին՝ հաշիվ մաքրելու:
«Ո՞ւմ են բերել… ինձ, որ խաղաղության կողմնակից եմ, ներողություն, տղա՞ են բերում իմ վրա, ուրեմն յա՛ն տվեք, որովհետեւ ես թույլ չեմ տալու: Դուք ինձ խփե՛ք, բայց ես ձեզ չեմ խփելու: Ասում եմ` ոչ մի կաթիլ արյուն, իմ կյանքի գնով, իսկ եթե լինի արյուն, դա լինելու է դիմացի մայթից: Ես պահանջում եմ հիմա Սերժ Սարգսյանից, իրավապահ մարմիններից, որոնք մեր հպարտությունն են, թույլ չտալ, որ նման պրովոկացիաները շարունակվեն եւ խորանան»,-ասաց անհարմար վիճակի մեջ հայտնված Հովհաննիսյանը:
Ստեղծված իրավիճակի շուրջ երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ռ. Հակոբյանի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, Ձեր ելույթներն այդքան էլ չընկալվեցին Ձեր հարազատ մարզում. ի՞նչն էր պատճառը: Մարզի վիրավորված տղամարդիկ Ձեզ նույնիսկ ապտակեցին:
-Ես հստակ ասել եմ, որ փորձել են մարդկանց խանգարել, խոչընդոտներ են ստեղծել, ահաբեկել են, որ չգան հանրահավաքի, ու այդ մարդիկ թուրք են: Բոլոր տեղերից պրովոկատորներ կային ու փորձում էին խանգարել մեր հանդիպումները, եղավ քաշքշուկ, չի եղել ապտակ, ու բանը չի հասել դրան:
-Գեղարքունիքի մարզում դուք ունեիք 35 հանձնաժողովի նախագահներ, սակայն 39.825 ձայն հավաքեցիք, ու որեւէ բողոք կամ արձանագրություն կարծես թե չկա կազմված:
-Ճիշտ է, Գեղարքունիքում մենք քիչ ձայն ենք հավաքել, բայց տեղամասեր են եղել, որ մինչեւ 95 տոկոս մասնակցություն է եղել: Էդ ինչպե՞ս է ստացվում, որ 5-տոկոսանոց ընտրատեղամասում 95 տոկոս մասնակցություն է լինում, եւ մենք դժվարություն ենք ունեցել այդ ամենն արձանագրելու համար, քանի որ մարդկանց ահաբեկել են, եւ նրանք եկել են, իրենց դիմումները հետ են վերցրել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ