Ընդդիմադիր դաշտը զբաղված է տարատեսակ շարժումներ ձևավորելով. ինչ կփոխի «Նոր Հայաստան»-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական բարեփոխումների գործընթացը տապալելու նպատակով ստեղծված բազմաթիվ նախաձեռնությունների կողքին այսօր հայտնվեց ևս մեկը: Ինչպես ArmLur.amհայտնել էր, այսօր ազդարարվեց «Նոր Հայաստան» միասնական ճակատի ձևավորման մասին: Այս ճակատի անդամներն են «Հիմնադիր Խորհրդարանը», «Ժառանգություն» կուսակցությունը, «Ոտքի՛, Հայաստա՛ն» քաղաքացիական նախաձեռնությունը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, ինչպես նաև ԱԻՄ-ը` դիտորդի կարգավիճակում:

Մինչ այս սահմանադրական բարեփոխումների գործընթացի տապալման նպատակով արդեն իսկ ստեղծվել էին  «Չեք անցկացնի» նախաձեռնությունը, «Հանրային փրկության ճակատը», «Ազգային փրկության ճակատը», «Ոչ»-ի ճակատը:

«Նոր Հայաստան» միասնական ճակատի անդամներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին, որ իրենց հիմնական նպատակը արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններն են: Նախաձեռնության անդամների խոսքով` հենց սրանով են իրենք տարբերվելու այժմ գործող մյուս շարժումներից:

Հետաքրքիր է, սակայն, որ «Նոր Հայաստան»-ը հայտարարեց, որ իրենք հակասության մեջ չեն մտնում «Ոչ»-ի շարժման հետ: Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ կան տարբերություններ, սակայն դա հետագայում, ըստ էության, չի կարող խանգարել հետագա համագործակցությանը:

Եվս մեկ շարժման ի հայտ գալը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս, որոնց պատասխանները ստանալու համար, թերևս, մի փոքր ժամանակ է հարկավոր: Զարմանալին թերևս այն է, որ այս բոլոր ուժերը գործում են առանձին, առանձին խոստումներ տալիս, ծրագրեր մշակում, սակայն միասնական ճակատ այդպես էլ չի ստեղծվում: Քաղաքական դաշտում բացի այս ուժերից սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող մի քանի ուժեր և անհատներ ևս առկա են, ովքեր կարող են միավորվել և մեկ միասնական ճակատով պայքարել բարեփոխումների դեմ:

Այս իրավիճակում քաղաքացիները ևս դժվարին կացության մեջ են հայտնվել. այսքան տարատեսակ շարժումների և ճակատների մեջ քաղաքացիներին դժվար կլինի կողմնորոշվել և համախմբվել որևէ շարժման կողքին:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս