Երևանի քաղաքապետի հրավերով «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ֆրանսիայի Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետ Ֆիլիպ Պեմըզեկը հանդիպել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Ողջունելով գործընկերոջը՝ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել նրան` հրավերն ընդունելու և Երևանի օրվան նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար: Առանձնակի կարևորելով Երևանի 12 վարչական շրջանների համագործակցությունը տարբեր պետությունների քաղաքների հետ` Երևանի քաղաքապետն իր գոհունակությունն է փոխանցել Պլեսի Ռոբինսոնի գործընկերոջը՝ պատրաստակամության համար:
«Երևանի քաղաքապետարանը տարեցտարի ընդլայնում է համագործակցության ծրագրերը քույր և գործընկեր քաղաքների հետ, որոնց շրջանակում իրականացվում են ոչ միայն փոխշահավետ ծրագրեր, այլև էլ ավելի են ամրապնդվում կապերը տվյալ քաղաքներում ու մայրաքաղաքներում գործունեություն ծավալող հայ համայնքների հետ: Համոզված եմ, որ կարողացանք Երևանի ջերմությունն ու տոնական տրամադրությունը փոխանցել Ձեզ և վստհեցնում եմ, որ մեր հնամենի մայրաքաղաքն ու քաղաքի բնակիչները տարվա բոլոր օրերին են այդպես հյուրընկալ ու ջերմությամբ լեցուն»,- ընդգծել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հրավերի համար՝ Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետ Ֆիլիպ Պեմըզեկը նշել է, որ տպավորված է տոնակատարությունով և հիացած տոնախմբող բնակիչների խանդավառությամբ:
«Այն ջերմությունն ու բարությունը, որ զգացինք այս օրերին Ձեր մայրաքաղաքում, իսկապես հիացմունքի է արժանի, պարոն քաղաքապետ: Ինձ ամենից շատ ոգևորեց մայրաքաղաքում մինչ ուշ գիշեր իշխող բարձր տրամադրությունն ու բնակիչների՝ տոնին լիարժեք մասնակցությունը: Այն լավագույն ապացույցն էր, որ Երևանի տոնն իսկապես սպասված և սիրված է բնակիչների համար: Ու մեզ համար անչափ կարևոր է Երևանի նման գործընկեր ունենալը, որից ընդօրինակելու բան հաստատ ունենք»,- ընդգծել է Ֆիլիպ Պեմըզեկը՝ հավելելով, որ Պլեսի Ռոբինսոնն իսկապես ունի հրաշալի հայկական համայնք, որն իր գործուն մասնակցությունն է ունենում քաղաքի զարգացման գործում: