Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ պալատը հոկտեմբերի 15-ին կհրապարակի թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճիռը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքը, դատավճռի հրապարակումը Ֆրանսիայի ժամանակով 11:45-ին է: Սա առաջին դեպքն է, երբ ՄԻԵԴ Մեծ պալատը պետք է ցեղասպանության ժխտման վերաբերյալ որոշում հրապարակի: Ըստ բազմաթիվ փորձագետների, դատարանի որոշումը կարող է լինել նախադեպ հետագայում նմանատիպ գործերի քննարկման ժամանակ:
ՄԻԵԴ-ը Դողու Փերինչեքի գործով դատավճիռը կհրապարակի հոկտեմբերի 15-ին:
Թուրք ազգայնական քաղաքական գործիչ, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը 2005թ. Շվեյցարիայում մի շարք գիտաժողովների ժամանակ հերքել է 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը, այն անվանելով «միջազգային սուտ»: 2005թ. հուլիսի 15ին «Շվեյցարիա Հայաստան» միությունը քրեական հայց էր ներկայացրել թուրք գործչի դեմ: 2007թ. մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար` ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վո կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը:
2013թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասու պալատը դատավճիռ էր կայացրել, ըստ որի` շվեյցարական դատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը»: Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակը մարտի 11-ին հաղորդել էր, որ Շվեյցարիան պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Դողու Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով: ՄԻԵԴը գործը Գերագույն պալատ էր ուղարկել մինչև մարտի 17ը: Օգոստոսի 25ին Հայաստանը հայտ ներկայացրեց մասնակցելու դատավարությանը: Հայաստանը եւ Թուրքիան դատավարությանը մասնակցել են որպես երրորդ կողմ: 2014թ. հունվարի 28-ին ՄԻԵԴ Մեծ պալատում կայացել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյվցարիայի» գործով դատավճիռը:
Հայաստանի շահերը ներկայացրել են Լոնդոնի Doughty Street փաստաբանական պալատի հիմնադիր Ջեֆրի Ռոբերտսոնը, Ամալ Քլունին և ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը: Շվեյցարիան առաջին պետությունն է, որ քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը` մարդկության դեմ կատարած հանցանքը հերքողների համար սահմանելով ազատազրկում եւ դրամական տուգանք: