ԳՈՐԾՆԵՐԸ ԹՈՂԱԾ՝ «ԹԻԹԵՌ ԵՆ ՆԿԱՐՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ իր մոտ խորհրդակցություն է հրավիրել, բայց ոչ թե խաղողագործների անլուծելի դարձած հարցով, այլ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակն ու մարզային գերակայություններն են քննարկվել: Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանը հատուկ կենտրոնացել է Գյումրի քաղաքի խնդիրների վրա, բայց մարզկենտրոնի քաղաքապետ Սամվել Բալասանյանը խորհրդակցությանը հրավիրված չի եղել: «Ժողովուրդ»-ը դեռեւս սեպտեմբերի 25-ին կանխատեսել էր, որ նախագահականում Գյումրիի քաղաքապետի հավակնորդների մրցույթ է հայտարարված: Իհարկե, Սամվել Բալասանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ խորհրդակցությանը իրեն չհրավիրելու մեջ տարօրինակ ոչինչ չի տեսնում, քանի որ կարծում է, որ ֆորմատն է այդպիսին եղել, այնուամենայնիվ, ակնհայտ էր, որ երեկ Սերժ Սարգսյանը շարունակել է սեպտեմբերի 24-ին Գյումրիում սկսած «խաղը» եւ այդ քաղաքի իշխանական կլանների պարագլուխներին եւս մեկ անգամ հասկացրել, որ Ս. Բալասանյանի պաշտոնը «թափուր» է: Մյուս կողմից էլ երեկվա խորհրդակցությամբ Սերժ Սարգսյանը փաստացի հայտարարել է սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի սկիզբը՝ ընտրողներին հաճոյանալու գործընթացը սկսելով հենց Գյումրիից, քաղաք, որտեղ վերջին տարիներին իշխանությունները մշտապես պարտվել են:
Հ.Գ. Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի նորակառույց շենքի բացմանը: Այս այցելությունը եւս սիվոլիկ բնույթ ուներ: Նա, թերեւս, իրականում գնացել էր գովելու այն մարդկանց, ովքեր մի քանի օր առաջ լուծեցին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին ազատ արձակելու հարցը:

 

 

 
Հայաստանի կոնյակի եւ գինու գործարանները վերջին օրերին հայտնվել են հանրության ուշադրության կենտրոնում, քանի որ խաղողագործները չեն կարողանում իրացնել իրենց աճեցրած բերքը: Ինչպես հայտնի է՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւս մի քանի տարի առաջ կոնյակի գործարան հիմնեց՝ «Հայասի գրուպ» անվանումով: Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում գտնվող այդ գործարանը ՕԵԿ-ականները ժամանակին մեծ խանդավառությամբ քարոզում էին: Սակայն խաղողի մթերման հարցով այս թոհուբոհի մեջ «Հայասիի» ձայնը չի լսվում: Ինչո՞ւ խաղող չեք մթերում, միայն Ծառուկյանի վրա՞ է այդ պարտականությունը, «Ժողովուրդ»-ի այս հարցմանն ի պատասխան՝ «Հայասի» գործարանից ոմն Հասմիկ ասաց, թե այս տարի իրենք մթերել են մոտ 2 հազար տոննա խաղող՝ 140-150 դրամ արժեքով: Մինչդեռ գյուղացիների շրջանում լուրեր են պտտվում, որ «Հայասին» հիմնականում գործում է ներկրված հումքի հիման վրա: Կոնյակի սպիրտ ներկրելու մասին լուրը գործարանի աշխատակիցը չհերքեց՝ ասելով. «Տեղեկություն չունեմ, չեմ կարող այդ հարցին պատասխանել»:

 

 

 

 
Բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում ամենատարածված «բիզնեսներից» մեկը փոքր ՀԷԿ կառուցելն է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Հայաստանում այսօր գործում է 169 փոքր ՀԷԿ, եւս 48-ը ներկայումս գտնվում են կառուցման փուլում: Նշենք, որ ցանկացած ՓՀԷԿ-ի թիկունքում կանգնած է այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյան՝ նախարար, դատախազ, դատավոր, պատգամավոր, վարչապետ եւ այսպես շարունակ, կամ իշխանությունների անմիջական հովանավորությունը վայելող գործիչը: Այսինքն՝ պատահական գործարարը երբեք չի կարող ՓՀԷԿ-ի կառուցելու թույլտվություն ստանալ կամ գնել արդեն իսկ գործողը: Այս «սահմանափակումն» ամենեւին էլ պատահական չէ, ի վերջո, ՓՀԷԿ-երի տերերը ոչ միայն էլէներգիա վաճառելով են գումար վաստակում, այլ նաեւ հենց այնպես թիվ նկարելու հաշվին: Պարզապես ՀԷՑ-ում գրում են, որ տվյալ ՀԷԿ-ն այսքան հոսանք է մատակարարել՝ իրականից շատ ավել, եւ վերջ: Արդյունքում մարդիկ ոչինչ չանելով՝ օդից գումար են ստանում: Իհարկե, հետագայում ՀԷՑ-ի գործընկերներին եւս այդ գումարներից բաժին է հասնում:

 

 

 

 

Փետրվարյան հայտնի գիշերվանից հետո ԲՀԿ-ն պառակտվեց երեք մասի՝ Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի եւ Ռոբերտ Քոչարյանի թեւերի: Սարգսյանի կողմնակիցների մի մասը դուրս եկավ կուսակցությունից, մի մասը ձեւական պահպանում է մանդատը, Քոչարյանի թիմակիցներն անկուսակցական են, բայց ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության անդամ, դե, իսկ Աբրահամյանի թիմը խմբվել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի շուրջ՝ ԲՀԿ-ում: Քոչարյանական պատգամավոր Էլինար Վարդանյանն այս ընթացքում շարունակում էր չենթարկվել կուսակցական որոշումներին, եւ երեկ նրա՝ ԲՀԿ-ից հեռացնելու հարցն է բարձրացվել: Նրան ու Ստեփան Մարգարյանին միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հայկական պատվիրակության անդամությունից հեռացրել են: Եւ տեղի ունեցածը երեկ նաեւ պայմանավորում էին Ն. Զոհրաբյանի անձնական նկրտումներով, թե նա անձնական հակակրանք ունի Քոչարյանի, նրա թիմի նկատմամբ: Սակայն Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ինձ համար ամենաանընդունելին պարզ, հասարակ պրոցեսներին, գործընթացներին ինչ-որ դավադրությունների տեսությունների շղարշ տալն է: Ես որեւէ անձնական խնդիր չունեմ, կա հստակ կուսակցական կարգապահություն»:

 

 

 

 

ԿԱՄԵՑՈՂ ՉԵՆՔ
Մոտ երկու տարի առաջ լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ Ս. Սարգսյանը լրատվամիջոցներին մեղադրեց երկրում «գաղջ մթնոլորտ» ձեւավորելու մեջ: Իհարկե, այդ մթնոլորտի ձեւավորման հիմնական մեղավորն ավելի շատ իր ղեկավարած իշխանական համակարգն էր, սակայն ասվածի մեջ ճշմարտության որոշակի հատիկ կար: Մեզանում իշխանությունների բոլոր, անգամ դրական նախաձեռնությունները վերջին տարիներին դատափետվում են նույնպիսի եռանդով, ինչպես բացասական քայլերը: Համատարած ժխտողականության եւ բացառապես բացասական ազդակների վրա կենտրոնանալու այս միտումը, բնականաբար, չէր կարող իր ազդեցությունը չունենալ հանրային մթնոլորտի ձեւավորման վրա: Հատկապես սոցիալական ցանցերի առկայությունն ավելի մեծ հնարավորույուն է տալիս պատկերացում կազմելու առկա հանրային տրամադրությունների մասին, եւ պետք է արձանագրել, որ այն չպատճառաբանված ագրեսիան, այն բացասական տրամադրվածությունը, որն այսօր առկա է մեր հանրության ներսում, խիստ մտահոգիչ է:
Հանրային նման անհասկանալի պահվածք դրսեւորվեց բառացիորեն օրերս, երբ հայտնի դարձավ որ Երեւանի քաղաքապետարանը որոշել է բնակարան հատկացնել սիրված հաղորդավարուհի, ՀՀ վաստակավոր գործիչ Զառա Արամյանին: Նշենք, որ նա նման խնդրանքով դեռեւս տարիներ առաջ էր դիմել քաղաքային իշխանություններին, եւ մայրաքաղաքի տոնին ընդառաջ` քաղաքապետարանում որոշել էին ընդառաջել հաղորդավարուհու խնդրանքին: Թվում է՝ գեղեցիկ քայլ է, Զ. Արամյանն էլ հանրության կողմից սիրված եւ ընդունված դեմք է: Սակայն բավական էր, որ իշխանությունները նրա նկատմամբ նման դրական ժեստ անեին, որպեսզի հաղորդավարուհու հասցեին հնչեցվեր լուտանքների եւ մեղադրանքների մի ամբողջ հեղեղ:
Իհարկե, Երեւանում կան տասնյակ, գուցե հարյուրավոր ընտանիքներ, որոնք եւս բնակարանի խնդիր ունեն եւ նույնպես տարիներ առաջ դիմել են քաղաքապետարանին: Սակայն արդյոք արժի այսքան անհանդուրժող լինել եւ չկամեցողության պոռթկումների ընթացքում մոռանալ մարդու վաստակն ու արժանիքներն ու այդքան նեգատիվ հորդել: Ի վերջո, այդ մեկ հատիկ բնակարանով Երեւանի բնակարանաշինական խնդիրները չէին լուծվելու, իսկ Զառա Արամյանն էլ, այնուամենայնիվ, ունի որոշակի վաստակ` նման պարգեւի արժանանալու համար:
Նույնպիսի անհամաժեք հանրային վերաբերմունք եղավ նաեւ դրանից առաջ Ս. Սարգսյանի կողմից արվեստի գործիչներին տրված կոչումների կապակցությամբ: Սեւեռվեցին ամերիկաբնակ ռաբիս երգիչ Արմենչիկին տրված «վաստակավոր արտիստի» կոչման վրա, եւ ստացվեց այնպես, որ այդ նույն օրը առավել բարձր կոչումների արժանացած երեւելի արվեստագետները, այնպիսիք, ինչպես Էռնա Յուզբաշյանն է, մնացին ստվերում: Լավ, ինչո՞ւ ենք այսքան չարացել եւ կորցրել ուրիշի ուրախությամբ, արժանավորի ձեռքբերմամբ կամ պարզապես բարի լուրով ուրախանալու հատկությունը: Ի վերջո, այս հոգու աղքատացումը շատ ավելի վատ է, քան նյութական աղքատությունը:




Լրահոս