ՀՀԿ-ԱԿԱՆԸ ՏԵՍԵԼ Է, ԹԵ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԻՆՉՊԵՍ Է ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Գրիգորյանը վստահ է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, իսկապես անմեղ է: ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ հանրությունն ու լրատվամիջոցները սիրում են ծաղկից ծաղկեփունջ սարքել, եւ ընդգծում, որ բոլորը չափից ավել են բեւեռվել Սուրիկ Խաչատրյանի գործունեության վրա:

-Պարո՛ն Գրիգորյան, օրերս որոշում կայացվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատ արձակել, չնայած այն բանին, որ նա մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլի հատվածում տեղի ունեցած ծեծկռտուքի գլխավոր «հերոսն» էր՝ ըստ տուժողների սկզբնական հայտարարությունների: Ինչո՞ւ եւ ինչպե՞ս է մարզպետին հաջողվում մշտապես իր որդուն «ջրից չոր» դուրս հանել:
-Ես չեմ կարծում, որ Ձեր հայտարարությունը իրականության հետ կապ ունի: Ակնհայտ է, որ իրավապահներն են հայտարարել, թե նախաքննության ընթացքում ինչ է պարզվել: Այսինքն՝ փաստվել է, որ տվյալ պարագայում Տիգրան Խաչատրյանի մեղքը ապացուցված չէ՝ ծեծկռտուքի հետ կապված: Սա է իրականությունը, ներելու խնդիր չկա, եթե անգամ ներելու խնդիր լիներ, ապա ի սկզբանե Տիգրան Խաչատրյանին չէին էլ ձերբակալելու: Նախաքննության ընթացքում փաստեր են ի հայտ եկել, ու պարզվել է, որ այդ գործում իր մեղքը չկա, ինքը մեղավոր չէ:
-Տեսակետ կա, որ իրավապահ մարմինները մարզպետի որդուն կալանավորում են հանրության ու տուժողների դժգոհությունը «սառեցնելու» համար, որից հետո մարզպետին հաջողվում է ինչ-ինչ ձեւերով որդուն ազատել: Դուք ճանաչում եք մարզպետին, Ձեզ համար հասկանալի՞ է, թե նրան ինչպես է դա հաջողվում:
-Եթե Ձեր տրամաբանությամբ շարժվենք, ապա այժմ էլ հանրության դժգոհության համար չպետք է ազատ արձակեին Տիգրան Խաչատրյանին, ստացվում է, որ հանրությունը կրկնակի, եռակի անգամ կվրդովվի ու ավելի դժգոհ կլինի, իսկ այս պարագայում, ես որեւէ նման բան չեմ տեսնում: Այստեղ հանրության դժգոհության կամ չդժգոհության խնդիր չկա, ուղղակի իրավական դաշտի խնդիր է:
-Այսինքն՝ կարծում եք, որ իրավապահ համակա՞րգն է մշտապես սխալվում՝ Տիգրան Խաչատրյանին կալանավորելով:
-Չէ, այստեղ սխալվելու խնդիր չկա, ես իրավապաշտպան կամ իրավաբան չեմ, ես այդ համակարգի մարդ չեմ, որ ինչ-որ փաստեր ներկայացնեմ, բայց փաստն այն է, որ ինչ-որ մի փուլում ի հայտ է գալիս ինչ-որ մի այլ հանգամանք, մեկ այլ փուլում մեկ այլ հանգամանք, ու այդ ամենից էլ ելնելով՝ պարզվում է նրա անմեղությունը: Ապացուցվում է, որ այդ մարդը մեղավոր չէ:
-Դուք համարվում եք Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի բարեկամը ու անձամբ ճանաչում եք նաեւ Տիգան Խաչատրյանին, խնդրում եմ նշեք, ըստ Ձեզ՝ Տիգրան Խաչատրյանը կարո՞ղ էր մարդ սպանել կամ դաժանաբար ծեծի ենթարկել:
-Ես բազում անգամ ականատես եմ եղել, թե ինչպես է Սուրիկ Խաչատրյանը իր որդիներին դաստիարակչական խրատներ տալիս, բառերով մարդը բացատրում է, թե որն է ճիշտը, որն է սխալը, ես բազում նման փաստերի ականատես եմ եղել: Ուստի ես չեմ կարծում, որ ջարդել, փշրել նման բաների ընդունակ են իրենք: Ես այդ տեսակետին չեմ, ու դրանք իրականության հետ կապ չունեցող տեղեկություններ են:
-Այդ դեպքում ինչո՞ւ է Սուրիկ Խաչատրյանի որդին մշտապես հայտնվում սկանդալային պատմություններում:
-Ուղղակի ես մի բան ասեմ, այստեղ իր որդու խնդիրը չի, ցանկացած մարդ, ես էլ տղա ունեմ, ես էլ եմ այդ տարիքն անցել ու, բնականաբար, լինում են ինչ-որ ընկերական հարաբերություններ, ինչ-որ վեճեր… ուղղակի քանի որ հանրության ու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է գտնվում Սուրիկ Խաչատրյանը, ամեն անգամ թեկուզ մի ծաղկից սարքում են ծաղկեփունջ: Ընդամենը դա է իրականությունը, մարդիկ սիրում են խոսել մի պատմության մասին, հետո դա ուռճացնել:
-Բայց նախորդ անգամ խոսքը Տիգրան Խաչատրյանի կողմից մարդ սպանելու մասին էր, այս անգամ էլ քաղաքացուն կուրացնելու: Ինչ ուռճացնելու մասին է խոսքը, Դուք դա փոքր բա՞ն եք համարում: Դուք եւս համարո՞ւմ եք, որ Տիգրան Խաչատրյանի ազատ արձակմամբ արդարությունը հաղթել է:
-Իհարկե, ես այդ կարծիքին եմ, ես շատ եմ վստահում մեր իրավապահ համակարգին: Ես կրկնում եմ, որ այդ ամենը ծաղիկը ծաղկեփունջ սարքելու գործընթացներն են, որոնք շատ մարդկանց են ձեռք տալիս:
-Սյունիքի մարզի բնակիչները բազմիցս են հայտարարել, որ իրենք ահ ու սարսափով են ապրում այդ մարզում…
-Ես այնտեղ ավելի շատ հարգանք եմ նկատում, քան ահ ու սարսափ, ես դա նկատել եմ հասարակ մարդկանց հետ շփվելիս, ես այնտեղ միշտ հարգանք եմ նկատում: Ես ասել եմ ու կրկնում եմ՝ եթե ես Ձեզանից վախենամ, կաշխատեմ մի քանի մետր հեռու լինել, բայց Դուք եկեք, տեսեք, երբ Սուրիկ Խաչատրյանը Գորիս քաղաքում կամ Կապան քաղաքում քայլում է, ինչ հոծ բազմություն է մոտենում այդ մարդուն՝ տարբեր խնդիրների լուծման ակնկալիքով: Դա ահ ու սարսափ չէ, այնտեղ վախի մթնոլորտ չկա: Իրականությունը եթե ցանկանում եք տեսնել մեկ անգամ, եղեք Սյունիքի մարզում: Շատ լավ աշխատող մարզպետ է Սուրիկ Խաչատրյանը: Նա ուղղակի բոլորի ուշադրության կենտրոնում է եւ վերջ:

 

 

 

 

 

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԲՀԿ-ՈՒՄ ՈՐՈՇԵԼ ԱԶԱՏՎԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ԹԵՎԻՑ

Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցությունում իսկական խառնաշփոթ էր. ԲՀԿ-ականները խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի սենյակում ժամերով քննարկում էին իրականցում: Պարզվեց` ԲՀԿ-ում որոշում է կայացվել խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանին հեռացնել կուսակցությունից: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ որոշումը կայացվել է ԲՀԿ տարածքային 9-րդ կառույցում, որտեղ էլ գրանցված է Վարդանյանը: Առաջիկայում ԲՀԿ-ն քաղխորհդի նիստ է հրավիրելու, որի ժամանակ էլ, ըստ ամենայնի, կհաստատվի է. Վարդանյանի հեռացումը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին նոր Սահմանադրության նախագծի քվեարկությանը չէին մասնակցել ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, խմբակցության անդամներ Հայկ Խաչատրյանը, Վահան Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանի «թեւի» ներկայացուցիչներ համարվող Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանն ու Վահե Հովհաննիսյանը: Երկօրյա բացակայությունից հետո երեկ խորհրդարանում էր նաեւ Նաիրա Զոհրաբյանը, որից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ արդյո՞ք Է. Վարդանյանի` կուսակցությունից հեռացման որոշումը կապված է քվեարկությունից նրա բացակայության հետ: ԲՀԿ խմբակցության ղեկավարը, սակայն, հավաստիացրեց, որ դա որեւէ կապ չունի կայացված որոշման հետ` հավելելով, որ ինքը եւս բացակայել է այդ քվեարկությունից, սակայն խմբակցությունն ինչպես իր, այնպես էլ մնացած ԲՀԿ-ականների բացակայությունը հարգելի է համարել:
Նշենք, որ ԲՀԿ խմբակցության երեկվա նիստում նաեւ որոշվել է Ստեփան Մարգարյանին եւ Էլինար Վարդանյանին հետ կանչել ԱԺ միջազգային պատվիրակությունների կազմից: Այս կապակցությամբ Ն. Զոհրաբյանը պարզաբանեց.
«Յուրաքանչյուր նստաշրջանից առաջ մենք ռոտացիոն կարգով վերանայում ենք միջազգային պատվիրակություններում մեր պատգամավորների ներկայացվածությունը»: Ն. Զոհրաբյանը հավելեց, որ ինքը դուրս է եկել ԱԺ Ֆրանկոֆոնիայի վեհաժողովից, Միքայել Մելքումյանն էլ առաջիկայում դուրս է գալու Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության պատվիրակությունից: Նրա խոսքով՝ իրենք պետք է հնարավորություն տան իրենց խմբակցության մյուս պատգամավորներին եւս հանդես գալ միջազգային կազմակերպություններում: Զոհրաբյանը հավաստիացրեց, որ իրենք որեւէ մեկին չեն «պատժում»:
«Խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը երկու օր շարունակ զանգահարել է ե՛ւ Էլինար Վարդանյանին, ե՛ւ Ստեփան Մարգարյանին, բայց նրանք չեն պատասխանել: Բացի դրանից՝ մեր հարգարժան գործընկերները փետրվարից սկսած՝ որեւէ առնչություն չեն ունեցել խմբակցության աշխատանքի հետ: Իսկ Էլինար Վարդանյանը, ով կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է, չի մասնակցել կուսակցության աշխատանքներին»,-հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավարը: Երեկ Է. Վարդանյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ իր հեռացման հարցը տհաճ անակնկալ էր իր համար:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ԷԼԻ ՉԵՆ ՄԹԵՐՈՒՄ
Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ խաղողի մթերման հարցը լուծման փուլում է, եւ վերամշակող ընկերությունները կընդունեն ողջ բերքը: Նույնը ԱԺ ամբիոնից երեկ հայտարարեց նաեւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Այսօր էլ շարունակվում են մթերման աշխատանքները: Գյուղացիների մեջ կա որոշակի խուճապ, եւ համատարած բերքահավաք են իրականացնում: Սակայն ես այսօր եւ ամեն օր հորդորում եմ, որ խաղողի բերքահավաքը տեւում է մինչեւ հոկտեմբերի 25-ը, եւ խուճապի մատնվել պետք չէ: Այլ պետք է համագործակցել գյուղապետերի, մարզպետարանների աշխատակիցների հետ, գրաֆիկ կազմել եւ մթերումները ըստ դրա իրականացնել»,- հայտարարեց Սերգո Կարապետյանը: Սակայն գյուղնախարարի ելույթից ժամեր անց «Ժողովուրդ»-ը կրկին ահազանգ ստացավ մի շարք խաղողագործներից, ովքեր պատմեցին, որ Մյասնիկյանի, Արմավիրի գինու գործարանում պայմանագիր չեն կնքում իրենց հետ եւ խաղողը չեն մթերում: «Ողջ օրվա ընթացքում Մյասնիկյանի գործարան միայն երկու բեռնատար է մտել, իսկ մյուսները հերթ են կանգնած: Որտեղ էլ գնում ենք, նույն վիճակն է: Ողջ օրը հեռուստատեսությամբ կրկնում են, թե մթերում են, բայց գնում, հասնում ենք այնտեղ, չեն էլ ցանկանում խաղողին նայել»,- դժգոհեցին խաղողագործները: Իսկ Գագիկ Ծառուկյանի «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու գործարանի» Մասիսի մասնաճյուղից երեկ եւս մեկ բեռնատար են ուղարկել Արմավիրի մարզի Առատաշեն գյուղ՝ պատճառաբանելով, որ խաղողը փչացած է: Ի դեպ, խաղողագործները տեղեկացրին, որ Մասիսի մթերման կայանի աշխատակիցները երեկ իրենց հայտարարել են, որ հոկտեմբերի 9-ից այլեւս խաղող չեն մթերելու:

 

ԳԵՆԵՐԱԼՆ՝ ԱՌԱՆՑ ՀԵՐԹԻ
«Ժողովուրդ»-ը խաղողագործներից տեղեկացավ, որ Արմավիրի մարզի Մյասնիկյանի գինու գործարանի մոտ օրեր առաջ, երբ մեծ հերթեր են գոյացած եղել, գործարանին են մոտեցել մի քանի բեռնատարներ՝ խաղողով բեռնված, եւ գործարանի աշխատակիցներին հրահանգել են բացել դարպասները, որովհետեւ «գեներալ Լյովա Երանոսյանի խաղողն է»: Ինչից հետո գործարանի դարպասները բացվել են, եւ միայն այդ ավտոմեքենաներին առանց հերթի ներս են թողել: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանից, որը լսելով հարցը՝ ասաց. «Ինձ նման հարցեր մի՛ տվեք: Ես նման հարցերով չկամ, եւ ինձ մի՛ անհանգստացրեք»:

 

ԳՆԱՃՈՎ
ՀՀ ազգային վիճակագրության ծառայության տվյալներով՝ ՀՀ-ում 2015 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընդհանուր գնաճը կազմել է 4.7 տոկոս: Սպառման ապրանքների շուկայում գնաճը կազմել 5.3 տոկոս, պարենային ապրանքների շուկայում՝ 4.9, ոչ պարենային ապրանքներինը՝ 5.9, իսկ ծառայությունները՝ 3.2 տոկոս:




Լրահոս