«Մարդակենտրոն» նոր Սահմանադրության հեղինակների ներկայացմամբ` առաջարկվող փաստաթուղթը բեկումնային փոփոխություններ է ներմուծելու ՀՀ կառավարման համակարգում, ինչը հանգեցնելու է ողջ պետական ապարատի գործունեության առավել մեծ արդյունավետության: Այդ համատեքստում ուշագրավ է Կառավարության կազմավորման եւ հանրային խորհրդի մասին սահմանադրական դրույթների ամրագրումը:
Հարկ է նախ նկատել, որ վերջնական նախագծում փոփոխված է 150-րդ հոդվածը, որը նախատեսում էր Կառավարության անդամների երդման կարգը: Իրականում տարօրինակ էր, որ Սահմանադրության մեջ ներառված էր երդման հակիրճ տեքստը, քանզի թե՛ Գերմանիայի, թե՛ Իտալիայի սահմանադրություններում (որոնցից էլ հիմնականում փոխառնված են առաջարկվող նախագծի լուծումները) նման բան գոյություն չունի: Բայց եւ այնպես, ԱԺ-ի վավերացումը ստացած նախագծում ընդհանրապես խոսք չկա Կառավարության երդմնակալության մասին, այն դեպքում, երբ Գերմանիայում կանցլերն ու նախարարները երդվում են պառլամենտի առաջ, իսկ Իտալիայում` հանրապետության նախագահի: Բնականաբար, երդում տալով չէ, որ Հովիկ Աբրահամյանն ու նրա նախարարները պիտի այսուհետ գործեն օրենքի տառին համապատասխան, հրապարակայնորեն բացատրություններ տան իրենց ֆինանսական ահռելի կուտակումների համար եւ այլն: Կարող ենք միայն ողջունել նոր սահմանադրության հեղինակների համեմատաբար անկեղծ մոտեցումը` հանրությանը լիովին ձեւական ու ավելորդ նորմեր չպարտադրելու հետ կապված: Սակայն հետաքրքիր է, որ քննադատության չարժանանալով հանդերձ` Կառավարության երդման կարգը սահմանող հոդվածը փոփոխվել է, թեեւ նախագծում կային ավելի կարեւոր դրույթներ, որոնք իրական վերամշակման կարիք ունեին:
Սրա փոխարեն նոր 150-րդ հոդվածը սահմանում է Կառավարության կազմավորման կարգը: Ըստ այդմ, Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո 15-օրյա ժամկետում: Վարչապետը նախագահին պիտի ներկայացնի փոխվարչապետերի եւ նախարարների իր թեկնածուներին, որոնք նշանակվում են եռօրյա ժամկետում: Անհամաձայն լինելու պարագայում նախագահն այս հարցով կարող է դիմել Սահմանադրական դատարան: Ուշագրավ է, որ եռօրյա ժամկետում Կառավարության անդամներին չնշանակելու եւ միաժամանակ սահմանադրական դատարան չդիմելու դեպքերում նախարարները համարվում են նշանակված իրավունքի ուժով: Հարկ է նկատել, որ բավականին տրամաբանական տարբերակ է գտնված Կառավարության անդամների նշանակման հարցում նախագահի եւ վարչապետի հնարավոր հակասությունների հաղթահարման համար, որի կապակցությամբ մենք եւս մտավախություն էինք արտահայտել:
Խորհրդարանական կառավարման պայմաններում, երբ քաղաքական համակարգը կայացած չէ, այս դրույթը կարող է ինչ-որ առումով կայունություն ապահովել, թեեւ բնավ չի երաշխավորում Կառավարության գործունեության արդյունավետությունը: Իրավական նորմերով դատելիս` բարդությունների առաջացման պարագայում գործը հասնում է Սահմանադրական դատարանին, որի վճիռն էլ անբեկանելի է նախագահի ու վարչապետի համար: Սակայն մենք ունենք փորձառություն, երբ Սահմանադրական դատարանը «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքը համարեց հակասահմանադրական, մինչդեռ Կառավարությունը չփոխեց իր դիրքորոշումը, եւ կարելի է ասել՝ լիովին արհամարհեց ՍԴ անբեկանելի թվացող վճիռը: Անշուշտ, դրանում նվազ դերակատարություն չունեցան նաեւ Սահմանադրական դատարանի լղոզված ու անորոշ ձեւակերպումներն ու այդ մարմինը ներկայացնող դատավորների հակասական մեկնաբանությունները: Ուստի այսօրինակ հարցերի շուրջ առավել իրատեսական է քաղաքական լուծումների ներդրումը, ինչը այս փոփոխություններով տեղի չի ունենալու: Կասկած չկա, որ եթե Սերժ Սարգսյանը, իր` մեծամասնության առաջնորդի կարգավիճակով պայմաններ թելադրի նախագահ-վարչապետ ծագած հակասություններում, Սահմանադրական դատարանն անելու է ճիշտ այնպես, ինչպես Սարգսյանն է կամենում: Դրա բազմակի փորձն արդեն իսկ ունենք, իսկ հակառակի ոչ մի երաշխիք չկա, ավելին` նոր Սահմանադրության 89-րդ հոդվածով իրավականորեն դրա հնարավորությունն ամրագրված է:
Հետաքրքիր է, որ նոր Սահմանադրության 161-րդ հոդվածով հատուկ կարգավիճակ է ստանում նաեւ հանրային խորհուրդը: Նախատեսվում է, որ հանրային խորհուրդը կլինի Կառավարության խորհրդակցական մարմինը, որի կազմավորման եւ գործունեության հարցերի մեկնաբանությունը թողնված է օրենքին: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը 2008թ. Մարտի 1-ից հետո ստեղծված մթնոլորտն իբր մեղմելու համար ստեղծեց այս կառույցը, 1996թ.-ից նախագահի կարգավիճակի տենչող Վազգեն Մանուկյանին էլ կարգեց դրա ղեկավար: Իրականացավ Վազգեն Մանուկյանի «մանկության երազանքը», թե ոչ, հարցի մյուս կողմն է, սակայն նա այսօր ունի գրասենյակ եւ գտնվում է պետության «հատուկ» հոգածության ներքո: Այդուհանդերձ, կառույցի գործունեության 6 տարիների ընթացքում հազիվ թե կարելի է հիշել մի դեպք, երբ այս մարմինը օգտակար որեւիցե դերակատարություն ունեցած լինի: Փաստացիորեն սահմանադրական կարգավիճակ է ստանում անգործության մատնված հերթական կառույցը, որի խորհուրդներին անցած տարիներին որեւէ մեկը չի անսացել, եւ, մեղմ ասած, կասկածելի է, որ այսուհետ կանսա:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
«ՀԱՆՐԱՅԻՆ»-ԻՑ ԳՈՀ ՉԵՆ
Երեկ Ազգային Ժողովում քննարկվեց Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ. գործունեության վերաբերյալ խորհրդի հաշվետվությունը: Հիմնական զեկույցով հանդես եկավ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:
Նա իր ելույթում նշեց, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը 2014 թվականին շարունակել է իր աշխատանքը՝ հետեւելով նախորդ տարում իր որդեգրած նոր ծրագրային քաղաքականությանը: «Ավելացել է սոցիալ-տնտեսական մշակութային եւ կրթական հաղորդումների քանակը, հայրենական արտադրության փաստավավերագրական ֆիլմերի հեռարձակումը: Առաջին ալիքի եթերն առավել հասանելի դարձնելու համար ընդլայնվել է միջազգային ալիքի արբանյակային ծածկույթը, ինչպես նաեւ գործարկվել է հեռուստաընկերության նոր ինտերնետային կայքը»,- ներկայացրեց հանրայինի ղեկավարը:
Այնուհետեւ Ջաղինյանին հարցեր ուղղեցին մի շարք պատգամավորներ:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, դիմելով նրան, հարցրեց, «Որեւէ բացատրություն կարո՞ղ եք հիմա ինձ ներկայացնել, թե ինչ պատճառով ԱԺ պատգամավորի ելույթները որեւէ անգամ տեղ չեն գտնում ձեր եթերում»:
Ռուբեն Ջաղինյանը նախ զարմացավ հնչեցված հարցից. «Երեւի Դուք ուշադիր չեք հետեւում. ամեն տարի Հանրային հեռուստաընկերությունը փոփոխվում է, եւ դա նորմալ պրոցես է: Տարբեր հաղորդումներում հայտնվում են մարդիկ, եւ դա ճիշտ փոփոխության վեկտոր է»,- պարզաբանեց նա: Տիգրան Ուրիխանյանն էլ արձագանքեց. «Անկեղծ ասած՝ չէի սպասում, որ Դուք կխոստովանեք, որ այդպիսի խնդիր եղել է: Հիմա ասում եք` փոփոխության դինամիկա կա, բայց ինչ է` ուզո՞ւմ եք կոնկրետ պատգամավորի անուն նշեմ, որի մասին խոսք է գնում: Եւ, ի վերջո, այդ փոփոխությունը ոչ թե հիմա պետք է արվեր, այլ միշտ պետք է լիներ»:
Ուրիխանյանի այս հակադարձումից հետո Ջաղինյանը լուռ նայեց նրան՝ այդպես էլ չկարողանալով որեւէ բառ ասել:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի ելույթից հետո հանդես եկավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուբիկ Հակոբյանը: Նա նշեց, որ թեպետ Հանրային հեռուստատեսությունում դրական քայլեր կատարվել են, այդուհանդերձ ոլորտում առկա են խնդիրներ: Նրա գնահատմամբ՝ հեռուստաընկերությունը հասարակական կարծիք ձեւավորելու գործիքակազմ է, սակայն այս հարցում Հանրային հեռուստաընկերությունը բավարար աշխատանք չի կատարում:
Հաղորդման քննարկումը կշարունակվի այսօր:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ի ՎԵՐՋՈ ԿՓՈԽՀԱՏՈՒՑԵՆ
ՀՀ Կառավարությունը 66 մլն 30 հազար 500 դրամ կհատկացնի Տավուշի մարզպետարանին՝ սահմանամերձ գյուղերում այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում տուժած բնակիչների վնասների փոխհատուցման նպատակով: «Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ Տավուշի մարզի 17 համայնքի 586 բնակիչ Կառավարության կողմից հատկացված գումարից դրամական փոխհատուցում կստանա: Սահմանամերձ գյուղերի բնակիչները գո՞հ կլինեն հատկացված գումարից, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը: ՀՀ Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Տավուշի մարզի Պտղավան համայնքում Դեբեդ գետի վրա նոր կախովի կամրջի կառուցման նպատակով Տավուշի մարզպետարանին կհատկացվի 25 մլն դրամ: Այս գումարից 23 մլն 850 հազար դրամը կծախսվի շինարարական աշխատանքների, 1 մլն դրամը՝ նախագծերի պատրաստման, 500 հազար դրամը՝ տեխնիկական, իսկ 150 հազար դրամը՝ հեղինակային հսկողության համար:
ԱՂԲԸ ԿՎԵՐԱՄՇԱԿԵՆ
Հայ-չեխական «Գրինէկո-Կաս» ՍՊԸ-ն Արմավիրի մարզում մտադիր է աղբի վերամշակման գործարան եւ ջերմատնային տնտեսություն հիմնել: Հիշեցնենք, որ դեռեւս 2014 թվականին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակության Չեխիայի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվելու ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մարզում աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերություն հիմնելու ուղղությամբ: Եւ Արմավիրի քաղաքային համայնքի ավագանու այս տարվա հունիսի 26-ի որոշմամբ՝ Արմավիր քաղաքի վարչական տարածքի հյուսիսային մասից, աղբավայրի հարակից տարածքից 15 հա մակերեսով արոտ տեսակի հողատեսքը օտարվել է՝ աղբի վերամշակման գործարանի եւ ջերմատնային տնտեսություն հիմնելու նպատակով: Ի դեպ, աղբի վերամշակման գործարանի ծրագրի արժեքը կազմում է 33 մլն եվրոյի, ջերմատնային տնտեսությանը՝ 21 մլն եվրոյի, իսկ որոշակի ծառայությունների համար՝ 1 մլն եվրոյի համարժեք դրամ: Այն կիրականացվի վարկային ծրագրով:
20 ՄԼՆ՝ ԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ
«Հայաստանի ճարտարագիտական ակադեմիա» հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը դիմել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ հայտնել, որ կազմակերպությունը գտնվում է ծանր ֆինանսական կացության մեջ: Ակադեմիկոսը վարչապետին ուղղված դիմումում նշել է նաեւ, որ կազմակերպության հետագա բնականոն գործունեությունը շարունակելու համար անհրաժեշտ է ֆինանսական օժանդակություն՝ 20 մլն դրամ: Այսպիսով, Կառավարությունը իր այսօրվա նիստում կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի 2015 թվականի պետական բյուջեի միջոցներից Հայաստանի ճարտարագիտական ակադեմիա հասարակական կազմակերպությանը կհատկացվի 20 մլն դրամ: