ԳՆ-Ն ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՄԹԵՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 20 օր է, ինչ ՀՀ Արմավիրի եւ Արարատի մարզերի խաղողագործները կանգնած են խաղողի մթերման խնդրի առջեւ. գրեթե բոլոր մթերող գործարանների առաջ գոյացել են խաղողով բեռնված մեքենաների անվերջանալի հերթեր, մարդիկ օրերով սպասում են, թե, ի վերջո, երբ իրենց բերքը կմթերվի, եւ այդ ընթացքում շատերի խաղողը փչանում է: Փորձենք հասկանալ այս իրավիճակի պատճառները եւ պարզել, թե ովքեր են թերացել իրենց աշխատանքում:

Դեռեւս սեպտեմբերի 19-ին, երբ խաղողագործները փակեցին ճանապարհը Երեւան-Մասիս, ԲՀԿ նախկին առաջնորդ, Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը գնաց Մասիսի մասնաճյուղ եւ խոստացավ, որ բարձր մակարդակով կմթերվի գյուղացիների խաղողը: «Ժողովուրդ ջա՛ն, ես գործարանի տնօրինությունից իմացել եմ, որ սպիրտի, խաղողի տեղ չունենք, քանի որ այս տարի վաճառել ենք 7 մեքենա, իսկ անցած տարի՝ 450 մեքենա: Բայց դա ձեր վրա չի ազդելու, մենք բոլորս էլ պետք է կարողանանք մեզ նեղություն տալ, աջակցել, որ ոտքի կանգնեք»,- սեպտեմբերի 19-ին խաղողագործների հետ հանդիպմանը հայտարարեց Գագիկ Ծառուկյանը: Հենց այդ օրը նա գյուղացիներին խոստացավ, որ սեպտեմբերի 21-ից կընդունի բերքը` կիլոգրամը 150 դրամով:
Փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանը նախորդ տարվա 450 մեքենա արտադրանքի փոխարեն այս տարի վաճառել ընդամենը 7-ը: Պատճառն այն է, որ Արեւմուտքի պատժամիջոցների հետեւանքով Ռուսաստանի Դաշնությունում սկսած տնտեսական ճգնաժամը ուղղակի ազդեցություն ունեցավ նաեւ հայկական շուկայի վրա: Ռուսական ռուբլին արժեզրկվեց, ինչի արդյունքում Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալները զգալիորեն նվազեցին, եւ տեղական արտահանողներն առ այսօր գրեթե զրոյական եկամուտով են աշխատում: Այսօր համարյա որեւէ ապրանքատեսակ չի արտահանվում ՌԴ, եւ արդյունքում մենք կորցրել ենք մեր երկրի համար կարեւոր այդ շուկան:
Իսկ հանրապետության ներսում կոնյակի վաճառքի ծավալներն այնքան մեծ չեն, որ դրանով հնարավոր լինի ապահովել մի ողջ գործարանի աշխատանք՝ ամբողջ հզորությամբ: Եւ սա վերաբերում է ոչ միայն Ծառուկյանին պատկանող կոնյակի-գինու-օղու գործարանին, այլեւ մնացած արտադրողներին: Եվ քանի դեռ Հայաստանում ապրանքների իրացման շուկայի խնդիրը չի կարգավորվել, դժվար կլինի խոսել տնտեսական աճի, ապրանքաշրջանառության կամ առեւտրի ծավալների մեծացման մասին:
Եվ, ահա, հենց այսպիսի իրավիճակներում է շատ կարեւոր պետության դերը, որը պետք է փորձի խնդիրները կարգավորել այնպես, որ հնարավորինս չտուժեն թե՛ արտադրողների, թե՛ մթերողների շահերը:
«Ժողովուրդ»-ը գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ԳՆ-ն նախապես չի կազմակերպել խաղողի բերքահավաքի եւ մթերման գործընթացը: Հարցին ի պատասխան՝ Պետրոսյանն ասաց. «Հունվար ամսից սկսած մենք վերամշակող ընկերությունների հետ հանդիպումներ ենք ունեցել: Իսկ արդեն մայիս ամսից մեզ համար որոշակի ուրվագծվեց, որ բերքի ավելացում ենք սպասում: Երկար ժամանակ է ԳՆ երկու փոխնախարարները Արարատի, Արմավիրի մարզերում համայնքների ղեկավարների հետ համատեղ կոորդինացնում են բերքահավաքի, մթերման գրաֆիկների համապատասխան աշխատանքները: ԳՆ աջակցության մարզային կենտրոնները պարբերաբար աշխատում են գյուղացիների հետ»:
Իսկ ի՞նչ պետք է անի ՀՀ Կառավարությունը, մասնավորապես գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, որպեսզի խաղողագործները պարբերաբար ստիպված չլինեն ավտոճանապարհներ փակել եւ մթերման հարց բարձրացնել: Այս հարցին ի պատասխան՝ փոխնախարարն ասաց. «Բոլորին է հայտնի, որ գինու, կոնյակի արտահանման ծավալները նվազել են: Եւ դա խնդիրների առաջ է կանգնեցրել մեր վերամշակող ընկերություններին: Մի տեսակ չհիմնավորված ավելորդ շտապողականություն է հանդես բերվում բերքահավաքի գործում, աժեոտաժային իրավիճակ է ստեղծվում, եւ հախուռն կատարվում է մեծ քանակությամբ բերքահավաք, իսկ վերամշակող ընկերությունների մոտ գոյանում են մեծ հերթեր: Մեր հորդորն է խաղողագործներին՝ ավելորդ շտապողականություն հանդես չբերեն, բերքահավաքը կատարեն վերամշակող ընկերությունների հետ սահմանված գրաֆիկով եւ ծավալով, յուրաքանչյուր օրվա համար»:
Բայց խաղողագործները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեցին, որ իրենց ոչ ոք չի մոտեցել եւ նման առաջարկով չի դիմել: Ստացվում է, որ ԳՆ աջակցության մարզային կենտրոնները չեն աշխատել եւ չեն իրազեկել գյուղացիներին: «Ունենք տասնյակ հազարավոր սուբյեկտներ, տնտեսվարողներ, եւ կան մարդիկ, ովքեր այդ հորդորին ուղղակի ականջալուր չեն լինում: Մարդիկ մտավախութուն ունեն, որ կարող է իրենց բերքը մնա եւ չիրացվի: Շատ դժվար է այդ ամբողջովին ընդգրկել եւ յուրաքանչյուրին առանձին-առանձին կարողանալ խնդիրները ներկայացնել»,- արդարացավ փոխնախարարը:
Ինչպես հայտնի է՝ նախօրեին «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու գործարանի» Մասիսի մասնաճյուղի մոտ լարված իրավիճակ էր: Այս առիթով «Ժողովուրդ»-ը փոխնախարարից հետաքրքրվեց, թե նման իրավիճակներում ո՞րն է ԳՆ-ի գործառույթը. «ԳՆ-ն որեւէ ընկերության հանձնարարելու, պարտադրելու իրավասություն չունի: Սա ազատ շուկայական փոխհարաբերություն է երկու տնտեսությունների միջեւ»:
Այնուամենայնիվ, նկատենք, որ ԳՆ-ի անմիջական պարտավորությունն է գործընթացի համակարգումը. ընդամենը պետք է ճիշտ կազմակերպել մթերման աշխատանքները, որպեսզի ցանկացած գյուղացի հստակ տեղեկացվի, թե իր բերքը կոնկրետ ո՞ր գործարանը, ե՞րբ եւ որքա՞ն է մթերելու, եւ ըստ այդ պայմանավորվածության էլ բերքը տանի տվյալ գործարան, այլ ոչ թե բոլոր խաղողագործները ինքնաբուխ տանեն իրենց բերքը մի գործարանի բակ եւ կանգնեն խնդրի առաջ:
Իսկ ո՞րն է մարզպետի գործառույթը: Մարզպետները յուրաքանչյուր համայնքի ղեկավարի միջոցով պարտավոր են ամեն գյուղացու հետ քննարկել բերքի մթերման հետ կապված խնդիրները: Ավելին՝ դրանք աստիճանական կարգով բարձրացնեն եւ հասցնեն վերեւի օղակներ, ընդհուպ մինչեւ վարչապետ, որպեսզի հնարավոր լինի գյուղացիների արտադրած խաղողը կամ ընդհանրապես գյուղմթերքը լիարժեք իրացնել: Հակառակ պարագայում ստացվում է, որ գյուղացին միշտ տուժողի կարգավիճակում է եւ երաշտի կամ այլ պատճառներով բերք չունենալու դեպքում, երբ Կառավարությունը որեւէ կերպ չի փոխհատուցում գյուղացու վնասները, եւ առատ բերք ունենալու պարագայում, երբ Կառավարությունը թերանում է բերքի իրացման գործընթացը կազմակերպելու հարցում: Ըստ էության, այդպիսով Կառավարությունը ստիպում է գյուղացուն այլեւս չզբաղվել գյուղատնտեսությամբ:
Այժմ մենք խնդիրը բարձրաձայնում ենք խաղողի օրինակով, բայց սրանից առաջ էլ գյուղացին ուներ խնդիր՝ կապված դեղձի, կաթի, ցորենի, գարու, կարտոֆիլի իրացման հետ: Այսինքն՝ մթերման գործընթացը պետք է կազմակերպված իրականացվի, ինչը չի արվում: Եւ այս խնդիրը կարգավորելու փոխարեն գյուղնախարար Սերգո Կարապետյանը հանրային հեռուստաընկերության եթերից պարբերաբար որեւէ միրգ, բանջարեղեն կամ տերեւ ձեռքին՝ ելույթներ է ունենում` զբաղվելով բացառապես սեփական PR-ով, մինչդեռ նա կոչված է կարգավորելու խաղողի մթերման գործընթացը եւ այս դժվար պահին կանգնելու գյուղացու կողքին:
Հարկ ենք համարում նաեւ ՀՀ մարզպետներին հիշեցնել, որ իրենց տեղական իշխանիկ պատկերացնելուց եւ հարկահավաքությանը նպաստելուց բացի՝ պարտավոր են նաեւ ծառայություն մատուցել գյուղացուն, լսել, քննարկել եւ լուծում տալ նրա խնդիրներին: Մինչդեռ մեր մարզպետները սա անելու փոխարեն հրահանգում են գյուղացիներին՝ լրագրողներին չասել իսկությունը, չբարձրաձայնել խնդիրների մասին եւ այլն:
Սրան զուգահեռ որոշ գյուղապետեր հիմնականում դարձել են տեղի բդեշխները եւ պետության հաշվին հարստանալու, գյուղացիներին հարկահավաքության ժամանակ նեղացնելու փոխարեն պետք է գնան եւ կանգնեն գյուղացու կողքին եւ մինչեւ վերջին հատիկ բերքը մթերել տան, որպեսզի գյուղացին իրեն միայնակ չզգա այս երկրում: Ի վերջո, պետք չէ այդքան անսրտորեն եւ տեւական ժամանակով անտեսել գյուղացիներին, այսպես շարունակելու դեպքում մի օր էլ նրանք կարող են դիմել շատ ավելի ծայրահեղ քայլի, քան ավտոճանապարհ փակելն է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս