«HOUSE ՈՃՆ ԱԿՏՈՒԱԼ ՉԷ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկ Սոլար եւ Արնի Ռոք նախագիծը, որ հիմնադրվել է 2011թ.-ից, մատուցում է էլեկտրոնային երաժշտություն, հանդես է գալիս երեւանյան տարբեր ակումբներում, հասցրել է հայտնի դառնալ Նարինե Դովլաթյանի, Սոնե Սիլվերի, Արփի Շահնուբարյանի, Իլոնայի եւ շատ այլ երգիչների հետ իր համագործակցություններով: Դիջեյների նախագիծը շարունակում է աշխատել նոր ստեղծագործությունների վրա: DJ-պրոդյուսեր Արնի Ռոքը (Վահե Ախպերջանյան) «Ժողովուրդ»-ին պատմել է, որ իր, Հայկ Սոլարի եւ երգչուհի Իլոնայի ստեղծագործությունը` «Tango with the wind»-ը, հնչել է Միլանում` Ջիորջիո Արմանիի նորաձեւության ցուցադրությանը: Իսկ վերջերս, լսելով Կոմիտասի ստեղծագործություններից մեկը, իրենք որոշել են փորձել ներկայացնել այն նորովի:

-Առաջիկայում հայ աստղերի հետ համագործակցություններ կունենա՞ք, մի փոքր պատմեք այդ մասին:
-Ներկա պահին համագործակցում ենք Մանե Սարգսյանի, Ջիվան Խաչատրյանի եւ Ծովինար Մելքոմյանի հետ: Մանե Սարգսյանի հետ աշխատանքի արդյունքի հիման վրա, ամենայն հավանականությամբ, կնկարահանվի տեսահոլովակ: Բոլոր ստեղծագործություններն էլ կլինեն էլեկտրոնային ոճի մեջ, մի երգը ռոքային ուղղություն ունի, դրա վրա սկսել ենք աշխատել դեռեւս տարիներ առաջ, հիմա որոշել ենք ավարտին հասցնել:
-Դուք հանրությանը հաճախ ներկայանում եք house ոճում. այն այսօր Հայաստանում որքանո՞վ է ակտուալ:
-House ոճն ակտուալ չէ Հայաստանում եւ ունի շատ փոքրիկ լսարան: Համեմատած այն ոճի հետ, որը հիմա համարվում է դոմինանտ մեր երգարվեստի շուկայում, hous-ը դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու, որպեսզի զարգանա որպես մրցունակ ճյուղ: Այս ոճի զարգացմանը կարող են նպաստել մեդիան եւ մշակույթի պետական կառույցները, եթե ավելի ինտենսիվ կերպով աջակցեն այլընտրանքային երաժշտության տարածմանը, ինչպես, օրինակ, արվում է մեր հարեւան Վրաստանում:
-Դուք հայերեն երգեր կարծես չունեք, ինչո՞ւ. մտավախություն չունեք, որ այս հանգամանքը կարող է քննադատությունների տեղիք տալ հայ հանրության շրջանում:
-Մի գաղտնիք բացահայտեմ. մենք ունենք մեկ հայերեն երգ` «Բարեւ արեւ», որը գրել ենք դեռ 4-5 տարի առաջ, բայց երբեք չենք թողարկել, իսկ հետո այդ երգը մեզանից գնեցին: Դրա հետագա ճակատագրին լավ տեղյակ չեմ: Ի սկզբանե, երբ մեր նախագիծը ստեղծվել է, փորձել է դուրս գալ միջազգային շուկա, իսկ միջազգային հանրությանն ավելի հասանելի է անգլերենը: Մենք քննադատությունից չենք վախենում, նորմալ ենք վերաբերվում դրան: Որքան մարդ, այնքան կարծիք: Առողջ քննադատությունները մեզ միշտ օգնում են, դրանց հետ մենք հաշվի ենք նստում, իսկ նեգատիվ բնույթի քննադատություններին ուշադրություն չենք դարձնում. հնարավոր չէ բոլորին գոհացնել:
-Ձեր կողմից եղել են հին հայկական էթնիկ էլեմենտներով երգերի հետաքրքիր մատուցումներ: Նման երգերի վրա աշխատելու բարդությունը, միեւնույն ժամանակ հետաքրքրությունը ո՞րն է: Որքանո՞վ եք կարեւորում այդ երգերի դերը:
-Մենք ունենք շատ հարուստ էթնիկ երաժշտություն, եւ միշտ կարելի է գտնել ինչ-որ հետաքրքիր, գեղեցիկ մեղեդիներ եւ նորովի ներկայացնել: Էթնիկ գործերի հետ աշխատելու բարդությունն այն է, որ պետք է, չկորցնելով դրա հարուստ հնչողությունը, տաս նոր շունչ: Պետք է անել այնպես, որ հինը խոսի նորի հետ` փոխարինելով մեկը մյուսին: Ամբողջ աշխարհում հին էթնիկ երաժշտությունը միշտ էլ ունի իր ուրույն առանձին տեղը եւ պահանջարկը: Ի դեպ, Հայկ Սոլարը, ես եւ երգչուհի Իլոնան ստեղծել ենք նոր ստեղծագործություն` հիմնվելով հնի վրա (Tango with the wind), եւ այն հնչել է նույնիսկ Միլանում` Ջիորջիո Արմանիի նորաձեւության ցուցադրությանը: Իսկ վերջերս մենք լսեցինք Կոմիտասի ստեղծագործություններից մեկը, որը մեզ շատ հուզեց, եւ, հավանաբար, կփորձենք այն ներկայացնել նորովի:

 

 

 

 

ԷՐԻԿԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՆՈՐՈՒԹՅՈՒՆ «ՄԵՌԱԾ ԷՍՏՐԱԴԱՅՈՒՄ»

Նոյեմբերի 28-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա երգիչ Էրիկի մենահամերգը: Նա հանդիսատեսին խոստանում է մի շարք անակնկալներ եւ պրեմիերաներ:

Երգիչը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իր համար ամենակարեւոր հանգամանքը սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես գալն է. «Այն բոլոր երգերը, որոնք հանդիսատեսը սովոր է լսել իմ կատարմամբ, հնչելու են սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ, ինձ կնվագակցի ամենաքիչը վաթսուն երաժիշտ` բացի այն բենդը, որը մյուս համերգներին ինձ հետ հանդես է գալիս, այսինքն` համերգին ոչ մի սինթեզի ձայն չեք լսելու. դա ամենակարեւորն է: Ես առաջին հերթին մտածում եմ որպես երաժիշտ»,-շեշտեց նա:
Էրիկը հավաստիացրեց, որ էստրադայի արտիստներից ոչ մեկը մինչ այժմ նման համերգով հանդես չի եկել. «Սա հանդիսատեսի համար նորություն կլինի մեր մեռած էստրադայում: Հանդիսատեսը լավ էստրադայի կարիք ունի, իսկ ես միշտ երազել եմ նման համերգի մասին»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է համերգի ընթացքում հնչելիք դուետներին, Էրիկը պատասխանեց. «Ես չեմ ուզում հատուկ այդ օրվա համար դուետ լինի. դուետը պետք է ծնվի: Եթե նկատել եք, ես մինչեւ օրս շատ քիչ զուգերգեր եմ ունեցել, օրինակ` տարիներ առաջ Անդրեի հետ եմ երգել… Իսկ թե ինչ տեսքով այս անգամ դուետները կմատուցվեն, պարզ կդառնա համերգի օրը, թող դա անակնկալ մնա»,-մեկնաբանեց երգիչը:
Մեր այն հարցին, թե արդյոք այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի պես դահլիճներ լցնելը դժվար չէ, եւ արդյոք Էրիկն այդ առումով մտավախություն չունի, նա պատասխանեց. «Այդ մասին ընդհանրապես չեմ մտածում, քանի որ զանգերը չեն դադարում, տոմսերն արդեն ահագին վաճառվել են, այնպես որ այդ առումով մտահոգված չեմ: Ինձ թվում է` մեր հանդիսատեսը հոգնել է միաժանր, միանման համերգներից եւ կարոտ է նման մատուցման»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 

ԶՈՒՌՆԱ-ԴՀՈԼԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ
Վերջին շրջանում բուռն կերպով քննարկվում են «Եվրատեսիլ 2016»-ին Հայաստանի հավանական ներկայացուցիչների անունները։ Թեկնածուների ցանկում ամենաքննարկվող անուններից մեկն Իվետա Մուկուչյանինն է: Վերջինս Facebook-ի իր էջում գրել է. «Եվրատեսի՞լ: Ես օնլայն եմ, կարող եք տալ ձեր հարցերը» եւ պատասխանել երկրպագուներին հուզող հարցերին։ Երգչուհին տեղեկացրել է, որ այժմ աշխատում է մի ալբոմի վրա, որի երգերը ոճային առումով նման են «Simple Like a Flower» երգին։
Հարցին, թե արդյոք այս տարի ինքն է գնալու «Եվրատեսիլ», նա պատասխանել է. «Պարզ կլինի հոկտեմբերի 13-ին. բոլորս կիմանանք, թե ով է ներկայացնելու Հայաստանը»։ Անդրադառնալով Հայաստանի` «Եվրատեսիլ»-ին մասնակցության հարցին, Իվետան նկատել է. «Կարծում եմ՝ եթե երգն ուժեղ չլինի, մասնակցությունն անիմաստ է թե՛ արտիստի, թե՛ երկրի համար։ Զուռնա-դհոլը պարտադիր չէ, կարեւորն ինքնատիպ եւ տարբերվող լինելն է։ Ես տեսնում եմ, որ իմ անունը շարունակվում է քննարկվել, ոչ ոք չի ժխտում իմ մասնակցությունը, բայց ամեն տարի իմ անունը դուրս է մնում, այնպես որ, սպասենք եւ տեսնենք»։

 

ԵԿԵՂԵՑԻՆԵՐ ԵՆ ՎՆԱՍՎԵԼ
Դիարբեքիր քաղաքի պատմական պարիսպները, ինչպես նաեւ երկու եկեղեցիներն ու մզկիթը վնասվել են կենտրոնական Սուր շրջանում տեղի ունեցած բախումների հետեւանքով: Hurriyet-ի տեղեկացմամբ` մասնավորապես վնասվել են Բյուզանդական ժամանակաշրջանի պարիսպները, որոնք շրջապատում են Սուր շրջանը, հայկական Սուրբ Կիրակոս ու Հայ կաթոլիկ եկեղեցիները, ինչպես նաեւ՝ Քուրշունլու մզկիթը։ Նշենք, որ պատմական պարիսպները վերջերս էին ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում։

 

ԲԱԺԱՆՎԵԼ Է
Աշխարհահռչակ երգիչ Սթիվի Ուանդերը պաշտոնապես բաժանվել է իր կնոջից՝ Քայ Միլար Մորիսից:
Ինչպես հայտնել է TMZ-ը՝ 65-ամյա երաժիշտի ու Մորիսի երկու երեխաները գտնվելու են ծնողների համատեղ խնամակալության տակ:
Երգիչը կկարողանա նրանց իր հետ շրջագայության տանել, իսկ նրա նախկին կինը կստանա ամսական 25 հազար դոլարի ալիմենտ:
Ի դեպ, Ուանդերը փաստաթղթերի տակ ստորագրության փոխարեն իր մատնահետքն է դրել:




Լրահոս