ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ-ԵՄ համագործակցության հիմքում ընդհանուր արժեքներն են, եւ Հայաստանը հաստատակամ է Եվրոպական միության հետ համագործակցության շարունակական զարգացման հարցում: Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնման հեռանկարների եւ առաջիկա անելիքների շուրջ:

 

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Ամուսնացած եմ եւ ունեմ 3 երեխա, որոնցից երկուսն անչափահաս են: 1997թ. ես եւ երեխաներս հաշվառվել ենք տվյալ տանը, որտեղ ապրում ենք մինչ այսօր: Տան սեփականատերը ամուսնուս մայրն է, որը պատրաստվում է բնակարանը ժառանգել իր որդուն: Խնդրում եմ ասեք՝ ես եւ երեխաներս կարո՞ղ ենք այդ տանից բաժնեմաս պահանջել, եթե այո, ապա օրենքի ո՞ր պահանջով:

Կիմա Գեւորգյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Կ. Գեւորգյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի» 201-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մինչեւ ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաեւ ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է: Այսինքն՝ Դուք եւ երեխաները այդ ժառանգությունից բաժնեմաս պահանջելու իրավունք չունեք:

«Իրավունքի իրազեկում» հասարակական կազմակերպություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որպես հավելում նշենք, որ առաջին հերթի ժառանգներ են համարվում ժառանգատուի երեխաները, ամուսինը եւ ծնողները, 2-րդ հերթի ժառանգներն են ժառանգատուի հարազատ եղբայրները եւ քույրերը: Երրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի ինչպես հայրական, այնպես էլ մայրական կողմի պապը եւ տատը, իսկ չորրորդ հերթի ժառանգներ են հանդիսանում ժառանգատուի եղբայրները եւ քույրերը:

 

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ տեղեկացնել, թե ո՞ր հիվանդությունների դեպքում է արգելվում իրականացնել երեխա որդեգրելու գործընթացը:

Մարգարիտա Եղիազարյան (39 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանում երեխա որդեգրելուն խոչընդոտում են հետեւյալ հիվանդությունները՝
1. Բոլոր տեսակի հոգեկան խանգարումները:
2. Քրոնիկ ալկոհոլիզմը, թմրամոլություն եւ թմրամիջոցների չարաշահումը:
3. Ոչ հոգեկան խանգարումները, որոնք ուղեկցվում են հաճախակի սրացումներով եւ զուգորդվում արտահայտված նեւրոտիկ եւ անհատականության փոփոխություններով:
4. Մտավոր հաշմանդամությունը:
5. Շիզոֆրենիան, շիզոտիպիկ հոգեվիճակը:
6. Էպիլեպսիան:
7. Տրամադրության կամ աֆեկտիվ խանգարումները:
8. Տուբերկուլյոզի բաց ձեւը:
9. Օրգանների եւ համակարգերի հիվանդությունները, որոնք գտնվում են անդառնալի փոփոխությունների փուլում, հաստատուն ֆունկցիոնալ խանգարումները:
10. Սուր վարակիչ հիվանդությունները:
11. Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները եւ մաշկային հիվանդությունները:
Միաժամանակ հայտնում ենք, որ այն ծնողները կամ ընտանիքները, որոնք ի վիճակի չեն երեխային ապահովել նվազագույն կենսական պայմաններով կամ չունեն մշտական բնակության վայր կամ բնակվում են այն պայմաններում, որոնք չեն համապատասխանում սահմանված սանիտարական եւ տեխնիկական պահանջներին, նույնպես չեն կարող Հայաստանում երեխա որդեգրել:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բացի նշված հիվանդություններից՝ օրենքն արգելում է ՀՀ-ում որդեգրում իրականացնել այն ծնողներին, ովքեր ունեն դատվածություն ծանր կամ հատկապես ծանր հանցագործությունների համար: Կան իրավիճակներ, որոնց դեպքում որդեգրումը կարող է չեղյալ համարվել, օրինակ՝ եթե ծնողները չարաշահում են իրենց ծնողական իրավունքները կամ դաժան վերաբերմունք են ցուցաբերում երեխայի հանդեպ:




Լրահոս