ՄԱՀԱՑԵԼ Է ԲԺՇԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 10-ին 92 տարեկան հասակում վախճանվել է հայ վիրաբուժության նահապետ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Մ. Հերացու մեդալի առաջին ասպետ, ԽՍՀՄ ԱՆ Երեւանի բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտի հիմնադիր-տնօրեն (այժմ` ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ) Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյանը: Վշտակցում ենք նրա հարազատներին: Հուղարկավորությունը՝ այսօր՝ ժամը 14:00-ին, Սուրբ Սարգիս եկեղեցուց:
ԱՎԴԱԼԲԵԿՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ
Առողջապահության համակարգը ծանր եւ անդառնալի կորուստ կրեց:
Մահկանացուն կնքեց հանրաճանաչ մի մասնագետ, ով իր ողջ կյանքը նվիրել է մարդկանց բժշկելուն, բժշկական կրթությանը եւ գիտությանը, իր երկրի առողջապահության զարգացմանը: 
Ս. Խ. Ավդալբեկյանը ծնվել է 1920 թվականի հուլիսի 1-ին Սուխումի քաղաքում: 1943թ. ավարտել է Երեւանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Աննախադեպ բնական տաղանդով եւ մեծ աշխատասիրությամբ օժտված Ս. Ավդալբեկյանը դեռ ուսանողական տարիներից տարվել է վիրաբուժությամբ եւ հետաքրքրություն ցուցաբերել գիտական աշխատանքի նկատմամբ: 
Նրա բժշկական գործունեության սկիզբը համընկել է Հայրենական մեծ պատերազմի ծանր տարիների հետ: Լինելով Մոսկվայի ռազմական շրջանի էվակոհոսպիտալի առաջատար վիրաբույժ` Ս.Ավդալբեկյանը ցուցաբերել է ծառայության ղեկավարի մեծագույն պատասխանատվություն եւ մասնագիտական բարձր պատրաստվածություն:    
Զորացրումից հետո` 1945թ. Սուրեն Ավդալբեկյանն աշխատել է Երեւանի բժշկական ինստիտուտի ֆակուլտատիվ վիրաբուժության կլինիկայում: Նա օրդինատոր-վիրաբույժի գործունեության հետ մեկտեղ ուսուցանում էր եւ անցկացնում գիտական հետազոտություններ: 
1948թ. Սուրեն Ավդալբեկյանը սկսել է զբաղվել ինտուբացիոն նարկոզով` դառնալով հանրապետությունում էնդոտրախեալ նարկոզի ներդրման հիմնադիրը:  
1949թ. Ս. Ավդալբեկյանն առաջիններից է արձագանքել հեռավոր շրջաններից մեկում վիրաբուժական ծառայության բարձրացման վերաբերյալ հայրենիքի կանչին եւ ինքնակամ մեկնել Ղափանի շրջան, որտեղ աշխատել է գլխավոր բժիշկ եւ վիրաբուժական բաժանմունքի վարիչ: 
1951թ. Ս. Ավդալբեկյանը վերադարձել է Երեւան, ֆակուլտատիվ թերապիայի կլինիկա, որտեղ պրոֆեսոր Ռ.Հ.Յոլյանի ղեկավարությամբ առաջին քայլերն է կատարել դեռեւս չհետազոտված կրծքային վիրաբուժության ոլորտում:  
1952թ. Սուրեն Ավդալբեկյանը մրցույթով ընդունվել է Երեւանի բժշկական համալսարանի ֆակուլտատիվ վիրաբուժության ամբիոն: Մոսկվայում ՄՈՆԻԿԻ-ում՝ պրոֆեսոր Բ.Է.Լիմբերգի կլինիկայում մասնագիտացումից հետո նա իր գիտելիքները եւ ունակությունները ներդրել է հայրենի բժշկագիտության զարգացման գործում:   
Ամփոփելով բազմամյա գիտագործնական գործունեության փորձը` Սուրեն Ավդալբեկյանը 1956թ. հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Թոքի հիդատիտոզ էխինակոկ», իսկ 1968թ. դոկտորական ատենախոսություն՝ «Բրոնխոէկտազների ֆունկցիոնալ հետազոտման եւ վիրաբուժական բուժման ժամանակակից հարցերը» թեմաներով: 
Հայ բժշկագիտության մեջ մեծ կշիռ ունեն Ս. Ավդալբեկյանի աշխատանքները` նվիրված սրտի էլեկտրամեխանիկական ակտիվությանը, սրտի լայնակի բլոկադայով հիվանդների էլեկտրաստիմուլյացիայի ուսումնասիրմանը, թոքերի կոմպենսատոր պրոցեսների ձեւաբանության, արյան մակարդման եւ ֆիբրինոլիտիկ համակարգերի, անգիոպուլմոնոգրաֆիայի եղանակով արյան փոքր շրջանառության, արտաքին շնչառության ֆունկցիայի հետազոտմանը եւ այլն: Նա ԽՍՀՄ առաջինն է կիրառել թոքերի սուր թարախակույտերի խոռոչների տրանսպարիետալ կատետերավորումը:  
Վարպետության աճի հետ զուգահեռ Ս.Ավդալբեկյանը հրաշալի գիտակցել է բժշկի մշտապես կատարելագործման անհրաժեշտությունը: Եվ պատահական չէ, որ նա Երեւանի բժշկական ինստիտուտին կից բժիշկների կատարելագործման ֆակուլտետի ստեղծման նախաձեռնողներից մեկն էր եւ ֆակուլտետի դեկանը:  
Կարճ ժամանակաընթացքում Ս. Ավդալբեկյանի ղեկավարությամբ նշված ֆակուլտետը դարձել է միութենական նշանակության հզոր գիտամանկավարժական կենտրոն, բարձր որակավորմամբ կադրերի դարբնոց, որտեղ կատարելագործվում եւ մասնագիտացում էին ստանում  նախկին Խորհրդային Միության բժիշկները, դոկտորական եւ թեկնածուական թեզեր էին պաշտպանում մասնագետները:      
Ս.Խ.Ավդալբեկյանի ծառայությունները բարձր է գնահատել ԽՍՀՄ եւ Հայաստանի կառավարությունը: Նա պարգեւատրվել է «Աշխատանքային Կարմիր դրոշի», «Պատվո նշան» շքանշաններով, վեց մեդալով, պատվոգրերով, արժանացել է «Հայկական ԽՍՀ վաստակավոր բժիշկ» պատվավոր կոչման: 
Հանրապետության, ժողովրդի առջեւ ունեցած վաստակի համար, առաջին անգամ մեր իրականության մեջ՝ կյանքի օրոք Հայաստանի Առողջապահության ազգային ինստիտուտը, Ա.Լ.Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտի կրծքային բաժանմունքը, «Շտապօգնության» ԳԲԿ-ի կրծքային եւ երկու վիրաբուժական բաժանմունքները, որտեղ նա աննկուն աշխատում էր մինչեւ կյանքին հրաժեշտ տալը, անվանակոչվել են ակադեմիկոս Ս.Խ. Ավդալբեկյանի անվամբ: 
Վիրաբուժության նահապետ Սուրեն Ավդալբեկյանի անունը միշտ վառ կմնա նրա գործընկերների ու սաների, ինչպես նաեւ հազարավոր ապաքինված հիվանդների սրտերում: Տաղանդավոր վիրաբույժի ու գիտնականի ներդրումը հայ բժշկագիտության ամուր հիմքերից մեկը կմնա:
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն




Լրահոս