Գրող, լրագրող Արթուր Հայրապետյանը իրեն հասցրած վիրավորանքների համար մտադիր է դատի տալ դրամատուրգ, ռեժիսոր Վահրամ Սահակյանին: Վերջինս Facebook-ի իր էջում, անդրադառնալով Ա. Հայրապետյանի գրառումներից մեկին, հայհոյախառն գրառում էր կատարել` անձնական վիրավորանք հասցնելով անգամ նրա մորը:
Ա. Հայրապետյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ինքը պատրաստվում է դատի տալ Վ. Սահակյանին. «Վահրամ Սահակյանը շատ է չափն անցել, ես կասեի ավելին` իրեն պահել է փողոցային, գռեհիկ մարդու պես, անկեղծ ասած` իմ դաստիարակությունը թույլ չի տալիս նույն ոճով պատասխանել նրան: Իմ փոխարեն մեկ ուրիշը լիներ, այլ կերպ կվարվեր, ուղղակի նրա հարցերը «տղավարի» կլուծեր: Նա սովոր է աջ-ձախ հայհոյել, ու մարդիկ կարող են նրա ասածը հաշվի չառնել, բայց այս դեպքը տարբերվում է մյուսներից այնքանով, որ նա վիրավորել է իմ ծնողներին, ուստի ես թույլ չեմ տա ու կուլ չեմ տա նրա հայհոյանքը: Այժմ փաստաբանիս հետ քննարկում ենք Վահրամ Սահակյանին դատի տալու հարցը»,-ասաց նա:
Ա. Հայրապետյանի խոսքով` դրամատուրգն անհիմն կերպով է վիրավորել իրեն. «Ես հրապարակեցի այն գրառումը, որը վերաբերում էր հայտնիներին: Ես չգիտեմ՝ Սահակյանը ինչու է իրեն հայտնիների շարքը խցկել ու անպայման ուզել է, որ հայտնի լինի ու իմ գրառման մեջ իրեն է տեսել: Նամանավանդ, որ ես խոսակցությունների մեջ միշտ ասել եմ՝ լավ է, որ Վահրամին տուն նվիրեցին, վարձով ապող մարդ էր, դրա կարիքը հաստատ ուներ: Այ, հիմա թող նույն քաղաքապետարանը տեսնի, թե ինչ մարդու է տուն նվիրել արվեստագետի անվան տակ»,-վրդովված նշեց նա:
Մեր այն հարցին, թե արդյոք մտավորականներին հարիր է նման խոսակցություններ ծավալելը, Արթուրը պատասխանեց. «Իհարկե, հարիր չէ: Երբեւէ նման կեղտոտ բաների չեմ բախվել, բայց ես, կներեք, վահրամսահակյանների տեսակներին մտավորական չեմ համարում: Մտավորականը իրեն գյադավարի չէր պահի: Ինձ համար էլ շատ տգեղ է այս թեմային անդրադառնալը, բայց, անկեղծ, այս անգամ աչք չեմ կարող փակել: Վերջապես մարդիկ պետք է հասկանան, որ չի կարելի մարդուն անհիմն վիրավորել ամենավերջին կնիկական հայհոյանքներով, այո՛, կնիկական, որովհետեւ տղամարդը հաստատ իրեն թույլ չէր տա կնոջը, այս դեպքում մորս, վիրավորել»:
Արթուրը ենթադրում է, որ հնարավոր է` Վ. Սահակյանին ուղղորդել են նման քայլի գնալ, կամ էլ փորձել են իր միջոցով Վահրամի դեմ դուրս գալ: «Բայց դա ինձ ամենաքիչն է հուզում, որովհետեւ հասուն մարդ է Վահրամը, եւ որեւէ մեկի թելադրանքով տառ անգամ չպետք է գրեր: Թեեւ մարդիկ ասում են, որ նա հոգեկան շեղումներ ունի, դա էլ է ինձ քիչ հետաքրքրում, եթե առողջական խնդիրներ ունի, ապա թող նույն պետությունը, որը նրան տուն է նվիրել, նաեւ օգնի նրան` հաղթահարելու իր առողջական վիճակը»:
Արթուրը նշեց նաեւ, որ ինքը Վ. Սահակյանին առանձնապես չի ճանաչում. «Նրա մի քանի, այսպես ասած, գրական ստեղծագործություններին եմ ծանոթ: Ոչ երբեւէ հանդիպել եմ նրան, ոչ էլ ցանկություն է առաջացել ծանոթանալու: Բառ անգամ չեմ գրել նրա մասին եւ հիմա մտածում եմ` կարո՞ղ է՝ դա է պատճառը, որ ընդհանրապես նրա մասին բան չեմ գրել, ու նա իմ այդ լռությունից է չարացել: Եւ հետո՝ սա առաջին դեպքը չէ, որ նա իրեն այդ կերպ է պահում, նա այս օրերին շատերին է վիրավորել… »:
«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ մեկնաբանություն ստացավ նաեւ Վահրամ Սահակյանից, ով իր հերթին տեղեկացրեց, որ դատի է տալու Արթուր Հայրապետյանին: «Ինքն ինչ ուզում է` թող անի. առաջնային դատն իմն է»,-ասաց նա` հավելելով, որ ինքն այդ հարցով արդեն թղթեր է ուղարկել վարչապետին եւ Սահմանադրական դատարան:
Մեր այն հարցին, թե ինչու է ինքը դատի տալու Ա. Հայրապետյանին, Վ. Սահակյանը պատասխանեց. «Նման մարդիկ նախանձից ելնելով՝ վիրավորում են բոլոր այն մարդկանց, որոնք ինչ-որ չափով ճանաչված են ժողովրդի կողմից»: Անդրադառնալով իր կողմից գրված վիրավորանքներին էլ` նշեց. «Վիրավորական խոսք եմ ասել, կարող եմ դեմ առ դեմ տեսնել, ներողություն խնդրել, բայց այն, ինչ ինքն է արել մյուսների նկատմամբ…»:
Մենք նաեւ հարցրինք, թե կոնկրետ ինչ է արել, ում է վիրավորել Ա. Հայրապետյանը. «Դերասանուհի Զառա Արամյանին, Սերժ Սարգսյանին, Սերժ Սարգսյանի եղբորը… Նկարները դրված են, տակը գրած` էս էսինչը, էնինչը… Պե՞տք է պատասխան տա: Ես կարծում եմ` չէ. եթե չէ, ուրեմն ես էլ չեմ տալու»,- եզրափակեց նա:
Աննա Բաբաջանյան