ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆԸ ԳՈՐԾՈՎ Է ԳՆԱՑԵԼ, ՉԻ ԱՐՏԱԳԱՂԹԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես հայտնի է, մարտի 9-ի հրամանագրով Սերժ Սարգսյանն իր փեսա Միքայել Մինասյանին նշանակել է Սուրբ աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան: Այս նշանակումը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել: “Ժողովուրդ”-ը  զրուցել է ԱԺ-ում հայտնված Միքայել Մինասյանի մտերիմ ընկերների հետ`  պարզելու, թե արդյոք, նրանց կարծիքով, Մինասյանը Հայաստանից հեռանալու ցանկություն ուներ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Միացյալ ազատական ազգային կուսակցության անդամ (ՄԻԱԿ) ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
-Որպես Միքայել Մինասյանի մտերիմ՝ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը որոշեց նրան Վատիկանում դեսպան նշանակել: Եվ ինչո՞ւ Մինասյանը համաձայնեց:
-Իսկ ինքն արդեն երկրից դո՞ւրս է եկել:
-Դեռ ոչ, բայց եթե նշանակել են դեսպան, ուրեմն շուտով դուրս է գալու:
-Ես այս վերջերս իր հետ չեմ հանդիպել, հիմա վստահ չեմ՝ երկրում է, թե ոչ, բայց, ինչքան գիտեմ, դեռ չի մեկնել: Այդ հարցն իրե՛ն ուղղեք, ինչո՞ւ եք ինձ տալիս: Կարող է՝ դուրս է գալու, կարող է՝ դուրս չի գալու: Ես այս պահի դրությամբ իր հետ չեմ զրուցել եւ չգիտեմ իր պլանների մասին:
-Իսկ ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Մ. Մինասյանը համաձայնել դեսպանի պաշտոնին: Գուցե ինչ-որ պատճառնե՞ր է ունեցել, որոնց  մասին Դուք՝ որպես Մինասյանի մտերիմ ընկեր, տեղյակ եք:  Անձամբ զրուցե՞լ եք Մ. Մինասյանի հետ, նա ի՞նչ կարծիք ունի իր նոր պաշտոնի մասին:
-Ես իր հետ խոսել եմ, բայց այդ հարցի շուրջ չեմ խոսել, դեռեւս առիթ չի եղել: Առիթ չի եղել այդ թեմայի մասին խոսել, երբ որ առիթ լինի, խոսեմ, այդ մասին ես Ձեզ հետ կկիսվեմ: Իսկապես, այդ հարցերի հետ կապված՝ պետք է իր հետ խոսեք կամ իր օգնականներից մեկի հետ, որովհետեւ այն հարցը, թե ինչու ինքը համաձայնեց, ինչու չհամաձայնեց, դա ինձ հետ ի՞նչ կապ ունի: 
-Քաղաքական որոշ շրջանակների պնդմամբ` Ս. Սարգսյանը Մ. Մինասյանին այս կերպ “աքսորել” է, քանի որ Ս. Սարգսյանի թիմակիցները շատ դժգոհ էին նրանից: Դուք համամի՞տ եք:
-Բացարձակ, նախ՝ գործուղելը չի նշանակում արտաքսել, դա շատ բարձր եւ պատվաբեր պաշտոն է: Եվ ես չգիտեմ` պարոն Մինասյանն ամբո՞ղջ ժամանակն է անցկացնելու  Իտալիայում, թե՞ ժամանակի որոշակի մասը: Երրորդն էլ՝ դժգոհություն ասվածն ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում, դրա մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող, քանի որ, իմ կարծիքով, պարոն Մինասյանը չափազանց էֆեկտիվ աշխատող է եղել նախագահ Սերժ Սարգսյանի թիմում:
-Կարելի՞ է Ս. Սարգսյանի փեսայի` նման ձեւով երկրից հեռանալը համարել արտագաղթ:
-Բացարձակ, ինչի՞ մասին է խոսքը: Ե՛վ պարոն Մինասյանը, ե՛ւ մեզանից շատերը գործով մեկնում են արտերկիր եւ վերադառնում, դա ոչ մի կերպ արտագաղթ համարել չի կարելի:
-Տեսակետ կա նաեւ, որ Հայաստանում առկա խառը իրավիճակը հաշվի առնելով` Ս. Սարգսյանը փորձել է այդ ամենից հեռու պահել իր փեսային ու նրա ընտանիքը: Իսկ երբ իրավիճակը հանդարտվի, Մինասյանը նորից կվերադառնա Հայաստան:
-Բայց ի՞նչ խառը իրավիճակ է Հայաստանում: Ես գոնե չեմ նկատում խառը իրավիճակ, շատ նորմալ իրավիճակ է Հայաստանում: Նախկինում Հայաստանում եղել են խառը իրավիճակներ, բայց սա այդ դեպքը չէ, բացարձակապես:
-Ժողովուրդը դուրս է եկել Ազատության հրապարակ ու պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, քանի որ դրանք կեղծվել են: Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել ու նշել, որ միայն իր դիակի վրայով ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը կերդվի: Ըստ Ձեզ` դա նորմա՞լ իրավիճակ է:
-Խառը իրավիճակ չկա Հայաստանում, շատ կայուն, հանդարտ իրավիճակ է: Դե գիտեք ինչ, կարող է ամեն մեկս մի բան հայտարարենք, դրանից անկայունություն չի ստեղծվում: Շատ նորմալ իրավիճակ է, գոնե ես անկայունություն չեմ նկատում:
Իսկ Ձեր կարծիքով՝ լա՞վ է, որ ՀՀԿ առաջնորդ Ս. Սարգսյանի փեսան գնում է Հայաստանից:
-Երբ գնա երկրից, ու երբ ինչ-որ նորություն լինի, այդ ժամանակ… այս պահի դրությամբ որեւէ անհանգստանալու բան չկա:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ անդամ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆ
-Պարո՛ն Ֆարմանյան, Դուք եւս շատ մտերիմ փոխհարաբերություններ ունեք Ս. Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի հետ, ըստ Ձեզ` ինչո՞ւ Մինասյանը համաձայնեց լքել Հայաստանը:
-Ես հեռախոսային հարցազրույցներ չեմ տալիս: Որեւէ թեմայի շուրջ ես չեմ խոսում: 
Հ.Գ. Փորձեցինք զրուցել նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանի հետ, որը եւս համարվում է Մ. Մինասյանի մտերիմներից մեկը: Սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին համառորեն չէր պատասխանում:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս