ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Երեկ Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը: Հիշեցնենք, որ «Ժողովուրդը» դեռեւս սեպտեմբերի 12-ի իր համարում տեղեկացրել էր, որ իշխանությունները որոշել են հանրաքվեն դեկտեմբերի 6-ին անցկացնել: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ սահմանադրական փոփոխությունների պաշտոնական քարոզարշավն այսօրվանից արդեն սկսված է: Եւ հայտնի է, որ Սահմանադրության նախագծի «այո»-ի ճակատը դրան ԱԺ-ում կողմ քվեարկած 104 պատգամավորներն են՝ իրենց քաղաքական ուժերով եւ քաղաքական հովանավորներով հանդերձ: Այսինքն՝ իշխանությունների ռեսուրսն արդեն իսկ հայտնի է: Փոխարենը «ոչ»-ի կողմնակիցների շարքերում դեռ անորոշ կամ ավելի ճիշտ՝ «խառը» վիճակ է: Կասկածից վեր է, որ Հայաստանի հանրության գերակշռող մեծամասնությանը սահմանադրական փոփոխությունների գործընթացը ոչ էլ հետաքրքրում է, եւ միայն իշխանությունների նկատմամբ տածած անհանդուժողականությունը բավարար է, որպեսզի մարդիկ այդ փաստաթղթին դեմ արտահայտվեն: Հարցերի հարցն այն է, թե ով կամ ինչպես է կազմակերպելու համընդհանուր «ոչ»-ը: Մինչ վերջերս «ոչ»-ի հետ կապված առնվազն երկու ճակատ արդեն ձեւավորվել էր, որոնց մամուլը բազմիցս անդրադարձել է: Սակայն իրավիճակը միանգամայն խճճվեց այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը եւս սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվեց: Քոչարյանը քիչ էր, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած «Ազգային վերածնունդ»-ն է սահմանադրական փոփոխություններին դեմ շարժում սկսում: Համաձայնեք, որ «ոչ»-ի ճակատում ընդգրկված իսկապես ընդդիմադիր հայացքներ ունեցողների համար իրադարձությունների նման ընթացքը սկսում է նմանվել մղձավանջի. Ռոբերտ Քոչարյանի եւ Արթուր Բաղդասարյանի հետ համախոհ լինելն այլ կերպ չես որակի:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի դեմ փաստերի մի ամբողջ տրցակ է կազմվել: Այդ մասին զեկուցվել է Սերժ Սարգսյանին: Եւ հիմա ՀՀ գլխավոր դատախազությունն ու ԱԱԾ-ն սպասում են նրա որոշմանը: Իրավապահները կասկածներ ունեն, որ Շահինյանն անձնական շահագրգռություններից ելնելով՝ ինչ-որ գործեր է ուղղորդել: Իհարկե, Հայաստանում քրգործերն ուղղորդելն «արգելված չէ», սակայն նման բան կարող է տեղի ունենալ միայն Սերժ Սարգսյանի իմացությամբ: Ըստ երեւույթին, այս «կանոնն» է խախտել Վահրամ Շահինյանը` ամենայն հավանականությամբ քննելով իր փեսայի` Արարատի մարզային քննչական վարչության պետ Արամ Հարությունյանի ենթակայի գործած արարքի մանրամասները: Սերժ Սարգսյանի հանձնարարության դեպքում իրավապահները չեն բացառում, որ Վահրամ Շահինյանը, հնարավոր է, պաշտոնանկ արվի կամ անգամ մեղադրանք առաջադրվի նրա նկատմամբ: Մի խոսքով, Սերժ Սարգսյանը կասի` «կախե՞լ», թե պարգեւատրել:
ՀՀ միջազգային պահուստները վերջին երկու ամսում նվազել են մոտ 80 մլն դոլարով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԲ-ի՝ երեկ հրապարակած տվյալներից: Ըստ այդ տվյալների՝ նախ այս տարվա օգոստոսին միջազգային պահուստները 1 միլիարդ 702 միլիոն դոլարից նվազել են մինչեւ 1 միլիարդ 646 միլիոն: Իհարկե, պաշտոնապես ԿԲ-ն երբեք չի պարզաբանում, թե միջազգային պահուստները ինչու են նվազել: Ոչ պաշտոնապես հայտնի է, որ, օրինակ, օգոստոսի նվազման պատճառը եղել է այն, որ ՀՀ ԿԲ-ն ռուսական ռուբլու փոխարժեքի կտրուկ անկման օրերին մեծ քանակությամբ դոլարային ինտերվենցիաներ է արել դրամի կտրուկ արժեզրկումը թույլ չտալու համար: Սակայն ողջ խնդիրն այն է, որ սեպտեմբերին եւս միջազգային պահուստները նվազել են, այս անգամ արդեն դրանք պակասել են մոտ 20 մլն դոլարով եւ դարձել 1 միլիարդ 625 միլիոն դոլար: Բացառված չէ, որ այդ գումարների մի մասը վճարվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը` էլէներգիայի սակագնի 7 դրամի փոխհատուցումը ֆինանսավորելու համար:
Ադրբեջանի կողմից սեպտեմբերի վերջին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի հրետակոծումների արդյունքում Կոթի գյուղից արտագաղթի նոր ալիք է սկսվել դեպի հարակից համայնքներ: Նշված գյուղի դպրոցի տնօրեն Մուշեղ Սիրադեղյանը (Վանո Սիրադեղյանի եղբոր որդին է) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմել է, որ հրետակոծումներից հետո գյուղի միջնակարգ դպրոցից այլ բնակավայր է տեղափոխվել 14 աշակերտ: Դրանք այն աշակերտներն են, որոնք դպրոցից վերցրել են իրենց փաստաթղթերը, այսինքն՝ պաշտոնապես են տեղափոխվել: Բացի այդ՝ տնօրենն ասել է, որ կան նաեւ աշակերտներ, որոնք այժմ այլ բնակավայրերի դպրոցներ են հաճախում, բայց Կոթիի դպրոցից իրենց փաստաթղթերը չեն տեղափոխել: Հրետակոծություններից հետո Կոթիից միայն Նոյեմբերյանի հիմնական դպրոց արդեն իսկ տեղափոխվել է յոթ երեխա: Ի դեպ, Կոթիից բացի՝ Նոյեմբերյանի հիմնական դպրոց աշակերտներ են տեղափոխվել նաեւ Դովեղ գյուղից՝ երկու երեխա:
ԱՆԵՐԱՇԽԱՎՈՐ
Ռուսական օդուժի կողմից օրերս Թուրքիայի սահմանը հատելու միջադեպին երեկ արձագանքել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` հայտարարելով, թե Հյուսիսատլանտյան դաշինքը կպաշտպանի իր ցանկացած անդամի ցանկացած վտանգից: «Թուրքական օդային սահմանների վերջին խախտումները անթույլատրելի են, եւ դաշինքը հայտնում է, որ Թուրքիայի պաշտպանության հարցում ՆԱՏՕ-ն շատ հետեւողական է լինելու»:
Այսպիսով` Թուրքիայի անվտանգության երաշխավորն իր անդամ երկրի սահմանը ռուսական օդուժի կողմից ընդամենը մի քանի վայրկյան հատելու փաստին նման կերպ է արձագանքում` անմիջապես պատրաստակամություն հայտնելով նաեւ համապատասխան ուժեր տեղակայել Թուրքիայի օդային սահմանը պաշտպանելու համար։ Նկատենք, որ ռուսական կործանիչները Թուրքիայի սահմանը հատել էին ոչ այդ երկրի նկատմամբ ագրեսիա իրականացնելու, ոչ էլ որեւէ հետախուզական գործողություն իրականացնելու նպատակով: Եվ չնայած դրան` ՆԱՏՕ-ի արձագանքը չափազանց օպերատիվ էր եւ կտրուկ:
Մի բան, որ երբեւէ տեղի չի ունենում Հայաստանի անվտանգության երաշխավորը հանդիսացող ՀԱՊԿ կողմից: Հայաստանի սահմանները տարիներ շարունակ գնդակոծվում են, այդ ամենի արդյունքում տասնյակ զոհեր ենք ունենում, այդ թվում` նաեւ խաղաղ բնակիչներ, սակայն մեր անվտանգության երաշխավորը այդպես էլ որեւէ կերպ չի արձագանքում: ՀԱՊԿ-ի անհաղորդությունը, փաստորեն, ՀՀ իշխանությունների համար այն աստիճան անլուծելի խնդիր է, որ անցած տարի Սերժ Սարգսյանը ստիպված եղավ լրագրողներին հրապարակավ ուղղորդել, որպեսզի նրանք Երեւան ժամանող Բորդյուժային դիմեն հարցապնդումներով, թե ինչու ՀԱՊԿ-ը չի արձագանքում Հայաստանի սահմանների նկատմամբ իրականացվող ոտնձգություններին:
Իսկ վերջերս էլ արդեն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յ. Խաչատուրովը բացահայտ հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի կողմից նման պահվածքը անգամ մարդկայնորեն հասկանալի չէ: Դա, սակայն, ամենեւին չխանգարեց, որ երկու օր անց նույն Բորդյուժան Երեւանում հայտարարի, որ ՀԱՊԿ-ը չի պատրաստվում Ադրբեջանին դատապարտող որեւէ հայտարարություն անել, իսկ եթե Հայաստանը դիմի էլ իրեն պաշտպանելու խնդրանքով, ապա ՀԱՊԿ-ում դեռ պետք է քննարկեն եւ որոշեն` թե ինչպիսի աջակցություն պետք է ցուցաբերվի` ֆինանսական, ռազմական, թե ռազմատեխնիկական:
Ամփոփելով` նշենք, որ այսօր արդեն «ոզնուն էլ է» պարզ, որ Հայաստանը Ադրբեջանի հետ պատերազմում անվտանգության երաշխավոր չունի: Ո՛չ ՀԱՊԿ-ը եւ ո՛չ էլ անգամ ՀՀ սահմանները պաշտպանելու պարտավորությունը միջպետական համաձայնագրով ստանձնած Ռուսաստանը չեն պատրաստվում դա անել, եւ որ ուշագրավ է` այդ մասին այլեւս չեն էլ թաքցնում: Տխուր է, բայց փաստ. Հայաստանը թե՛ իր ռազմական եւ թե՛ տնտեսական անվտանգությունը կապել է կեղծ դաշինքների հետ` ի դեմս ՀԱՊԿ-ի եւ ԵՏՄ-ի: