ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԵԳԱՖՈՆՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ Ազգային ժողովում շարունակվում էր Հանրային հեռուստառադիոընկերության 2014 թ. գործունեության մասին ընկերության խորհրդի հաղորդման քննարկումը: Ուշագրավ ելույթներով հանդես եկան Աժ խմբակցությունների ղեկավարները` ներկայացնելով իրենց կուսակցությունների տեսակետը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում կարեւորեց միջազգային հարթակներում Հայաստանի համար նշանակալի հարցերի քննարկման ժամանակ գոնե մեկ լրագրողի եւ օպերատորի ներկայությունը, որպեսզի այդ կառույցների աշխատանքը գոնե այդ չափով լուսաբանվի եւ հանրությունն իրազեկվի: «Մենք անընդատ քայլում ենք բոբիկ ոտքերով` ականների վրայով, երբ որ տեսնում ենք, թե ինչպես է ադրբեջանական պատվիրակությունը գալիս զինված` տասը հեռուստաընկերությամբ, եւ ուղղակիորեն քարոզչական պատերազմում մենք չենք կարողանում հասնել նրանց ռեսուրսների հետեւից»,- նկատեց ԲՀԿ ղեկավարը:
Արտահերթ ելույթով հանդես եկած ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համաձայնեց Նաիրա Զոհրաբյանի տեսակետի հետ՝ առաջարկելով 2016 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ քննարկել եւ առաջարկներ անել, որպեսզի Հանրային հեռուստառադիոընկերությունը կարողանա կարեւորագույն միջազգային խորհրդաժողովներում տրամադրել օպերատոր եւ լրագրող՝ խորհրդարանի ներկայացուցիչների խոսքը ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում լսելի դարձնելու համար:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ խոսեց Հանրային հեռուստառադիոընկերությամբ բազմաթիվ լեզուներով արբանյակային ծրագրերի ցուցադրման անհրաժեշտության մասին: Նրա կարծիքով մեր խոսքը բազմաթիվ լեզուներով պետք է լսելի լինի ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Բիշարյանն օրինակ բերեց ադրբեջանական CBC հեռուստաընկերությունը, որտեղ 4 լեզուներով հակահայկական քարոզչություն են իրականացնում: «Մենք պետք է արբանյակային ծրագրերին ուշադրություն դարձնենք: Այստեղ ընդդիմության ու իշանության խնդիրը չէ»-վրդովվեց Բիշարյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ հարկ համարեց արձանագրել, որ «Առաջին»-ը Սերժ Սարգսյանի մեգաֆոնն է, այլ ոչ թե Հանրային հեռուստաընկերություն. «Եթե անգամ հանրայինն անդրադառնում է քաղաքականությանը, ապա հիմնական գործառույթը իշխանության պաշտպանությունն է ու ընդդիմության վարկաբեկումը: Սա է Հանրայինի քաղաքական առաքելությունը»,- ընդգծեց Զուրաբյանը:
Վերջինս նաեւ անդրադարձավ «իդիոտ» բառի նշանակությանը. «Այն առաջացել է աթենյան ժողովրդավարության ժամանակ ու բնութագրել է այն մարդկանց, որոնք չեն զբաղվում քաղաքականությամբ ու մասնակցություն չունեն հանրային գործերում: Դա է «իդիոտ» բառի ստուգաբանությունը: Հանրային հեռուստաընկերության առաջնային խնդիրը, որպեսզի «իդիոտ» հասարակություն չունենանք, պետք է լինի քաղաքական ճշգրիտ տեղեկություն հաղորդելը»,-ընդգծեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ, իր հերթին անդրադառնալով «իդիոտ» բառի նշանակությանը, տեղեկացրեց, որ «իդիոտ» բառի հայերեն հոմանիշը ապուշն է, որը բաղկացած է ապ- ժխտական նախածանցից եւ -ուշ վերջածանցից եւ նշանակում է անուշադիր: «Ցավում եմ, որ մեր ընդդիմադիր գործիչները լավ չեն ունկնդրում Հանրայինը, որովհետեւ ՀՀԿ-ականները բողոքում են, որ ամբողջ եթերը ողողված է ընդդիմադիրներով: Դրանից պետք է լավ զգան, որ իրենք են էկրանից երեւում: Անուններ տամ ընդդիմադիրների, որոնք պարբերաբար երեւում են Հանրայինի եթերով՝ Հրանտ Բագրատյան, Ռուբեն Հակոբյան, Միքայել Մելքումյան, Հեղինե Բիշարյան: Դուք նայեք արխիվը ու կտեսնեք, որ այստեղ կան մարդիկ, որոնք նույն ելույթներն են ունենում տարիներ շարունակ, նույն գրչով գրված ելույթներ, իսկ Հանրայինը, ինչ է, կրկնությա՞մբ է զբաղվելու»,-ասաց ՀՀԿ պատգամավորը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ իր ելույթը նվիրեց Սերժ Սարգսյանի գործունեության քննադատությանը:
Նա նշեց, որ եթե 3 օր մենք բոլորս փողոցում լինենք եւ ժողովրդական անհնազանդության գործողություններ իրականացնենք, ապա կկարողանանք տապալել Սերժ Սարգսյանի եւ իշխող ՀՀԿ-ի իշխանությունը:
«Այս ընթացքը պետք է օգտագործենք՝ տապալելու ամբողջ իշխանակարգը եւ ոչ թե գնանք ընտրությունների եւ նորից պարտվենք, նորից մեզ ասեն, որ մեր ոչ-ը չի անցել, եւ կեղծեն այս ընտրությունները: Վերջիվերջո, մենք կարող ենք ե՛ւ Սերժ Սարգսյանին տապալել, ե՛ւ ՀՀԿ-ն»,- եզրափակեց Փոստանջյանը:
Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հաջորդ նիստերում:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 
ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻՆ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է

Որքան էլ մայրաքաղաքի՝ իրենց տաքուկ աշխատասենյակներում վերամբարձ ճառերով հայրենասիրությունից խոսող պաշտոնյաները հավաստիացնեն, թե մեր սահմաններն ամուր են, իսկ սահմանագոտու բնակիչներն էլ անկոտրում, այդուհանդերձ դժվար է չտեսնել, որ ադրբեջանական գնդակոծությունների պատճառով սահմանագոտին հետզհետե դատարկվում է: Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղի միջնակարգ դպրոցը խորհրդային տարիներին ուներ շուրջ 700 աշակերտ: Այդ տարիներին, խորհրդային ինտերնացիոնալ ավանդույթների համաձայն, Կոթիի դպրոցը բարեկամացել էր Ադրբեջանի Ղազախի շրջանի Դաշ Սալահլիի դպրոցի հետ եւ պարբերաբար կայանում էին բարեկամական փոխայցեր:

Այժմ Կոթիի միջնակարգ դպրոցում սովորում է 205 աշակերտ: Կոթի գյուղի սահմանամերձ ավելի քան 1000 հա ամենաբերրի հողերը չեն մշակվում ադրբեջանական գնդակոծությունների վտանգի պատճառով: Սոցիալական ծանր պայմանների եւ ադրբեջանական զինուժի պարբերական գնդակոծությունների հետեւանքով Կոթիից վերջին 25 տարում մեծ արտագաղթ է եղել: Կոթեցիները սահմանագոտուց հեռանալով՝ բնակություն են հաստատել Հայաստանի եւ արտերկրի տարբեր բնակավայրերում: Սեպտեմբերի վերջին ադրբեջանական գնդակոծությունները Կոթիից արտագաղթի նոր ալիքի պատճառ են դարձել: Կոթիի միջնակարգ դպրոցի տնօրեն Մուշեղ Սիրադեղյանի (Վանո Սիրադեղյանի եղբոր որդու) խոսքերով՝ ադրբեջանական վերջին գնդակոծությունների հետեւանքով գյուղի միջնակարգ դպրոցից հեռացել, այլ բնակավայր է տեղափոխվել 14 աշակերտ: Բացի այդ` դպրոցի տնօրենի վկայությամբ՝ Կոթիից աշակերտներ կան, ովքեր այժմ այլ բնակավայրերի դպրոցներում են սովորում, սակայն Կոթիի դպրոցից իրենց փաստաթղթերը չեն տեղափոխել:
Մ. Սիրադեղյանը չգիտի՝ այդ աշակերտներն առաջիկաում կվերադառնա՞ն Կոթիի դպրոց: Նոյեմբերյան քաղաքի հիմնական դպրոցում այժմ սովորում է Կոթիից 7 երեխա, ովքեր այստեղ են տեղափոխվել սեպտեմբերի 24-ի ադրբեջանական գնդակոծության հետեւանքով: Հավելենք, որ Նոյեմբերյանի հիմնական դպրոց է տեղափոխվել նաեւ հարակից Դովեղի դպրոցի 2 աշակերտ:
Մ. Սիրադեղյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ սեպտեմբերի 24-ին Կոթիում ընկել է ադրբեջանական 8 արկ: Նշենք, որ Նոյեմբերյան քաղաքն էլ ադրբեջանական ոտնձգություններից անվտանգ չէ, սեպտեմբերի 24-ին Նոյեմբերյանի նախկին վարչական շրջանի կենտրոնի տարածքում ընկել է 2 արկ, սակայն դրանք, բարեբախտաբար, պայթել են քաղաքի ոչ բնակելի հատվածում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ԹԵԺ ՔՆՆԱՐԿՄԱՄԲ
Երեկ Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած արտահերթ նիստում ավագանին քննարկեց եւ հավանություն տվեց թատերագիր Վահրամ Սահակյանին, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ժուռնալիստների միության անդամ Զառա Արամյանին, երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանին եւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Բերջ Քարազյանին անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ օտարելու վերաբերյալ որոշումների նախագծերին: Սակայն նշված անձանց բնակարաններ հանձնելու գործընթացը բուռն քննարկվեց:
«Բարեւ, Երեւան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը ելույթ ունեցավ, երբ քննարկվեց Վահրամ Սահակյանին բնակարան հատկացնելու հարցը եւ քաղաքապետից հետաքրքրվեց՝ Սահակյանի բնակարանային պայմաններն ուսումնասիրվե՞լ են տեղում: Ի պատասխան Սաֆարյանի հետաքրքրությանը` Տարոն Մարգարյանն ասաց, որ որոշում ընդունելու գործառույթն իրականացնում է ավագանին, որն էլ ներկայացնում է ժողովրդի կարծիքը: «Եթե անհրաժեշտություն չլիներ, մենք նրանց բնակարան չէինք տրամադրի»,- հայտարարեց քաղաքապետը: «Բարեւ, Երեւան» խմբակցության մեկ այլ անդամ` Դավիթ Սանասարյանը եւս դեմ հանդես եկավ` նշելով, որ վերը նշված մշակույթի գործիչներին բնակարաններ տալու որոշումը տրամաբանական չի համարում: Նրա կարծիքով՝ շատ ավելի կարիքավոր ընտանիքներ կան. «Ես դեմ եմ քվեարկելու, քանի որ բացի այլ հանգամանքներից՝ Վահրամ Սահակյանի քաղաքացիական պահվածքն ինձ համար անընդունելի է»:
Այնուամենայնիվ, հարցը դրվեց քվեարկության. ավագանու բոլոր անդամները, բացի Ստյոպա Սաֆարյանից եւ Դավիթ Սանասարյանից, կողմ քվեարկեցին: «Բարեւ, Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը եւս կողմ քվեարկեց՝ նշելով. «Թող բարով վայելեն»: Նշենք, որ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանին բնակարան հատկացնելու հարցը նույնպես ուղեկցվեց թեժ քննարկումներով: Եւ Ստյոպա Սաֆարյանը հորդորեց տեղեկացնել, թե ո՞վ եւ ե՞րբ է դիմել բնակարան ստանալու խնդրանքով: «Եկեք հստակ չափանիշներ սահմանենք, թե ո՞ւմ ենք բնակարան տալիս»,- առաջարկեց նա: Իսկ Անահիտ Բախշյանն էլ հավելեց, որ կան մարդիկ, ովքեր ավելի շատ ունեն բնակարանի կարիք. «Օրինակ՝ Գուսան Հայկազունը վատ պայմաններում է ապրում եւ շատ-շատ է արժանի բնակարանի: Հետաքրքիր է՝ թե ո՞ր հերթում է նա, կա՞, թե՞ ոչ»: Իսկ, ահա, Դավիթ Ամալյանին բնակարան տրամադրելու հարցն անցավ առանց թեժ քննարկումների: Այդ պահին գրանցված ավագանու բոլոր 53 անդամները կողմ քվեարկեցին որոշմանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի՝ «Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարությանն ընդառաջ, Երեւանի ավագանու որոշմամբ՝ նոր բնակարանների բանալիներ հանձնվեցին ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանին, ՀՀ վաստակավոր արտիստուհի Էվելինա Շահիրյանին եւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հովհաննես Այվազյանին: Նշված գործիչներին բնակարաններ հատկացնելու որոշումը, սակայն, հանրային քննարկման առարկա չդարձավ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս