«ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ»-Ը ԴԵՌ ՉԻ ՎՃԱՐԵԼ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աշտարակ կաթ» ընկերությունն արդեն չորս ամիս է, ինչ գյուղացիներին չի վճարում կաթի մթերման գումարները. ընկերությունը պարտք է Գեղարքունիքի մարզի Վահան, Ճամբարակ, Գետիկ, Մարտունի, Թթուջուր, Լոռու մարզի Պրիվոլնոյե եւ Գարգառ գյուղերի բնակիչներին: Սակայն չնայած այս հանգամանքին` նշված համայնքների բնակիչները ստիպված կրկին կաթ են վաճառում «Աշտարակ կաթ» ընկերությանը:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը, անդրադառնալով «Աշտարակ կաթ» ընկերության եւ գյուղացիների միջեւ առաջացած կոնֆլիկտին, նշեց, որ «Աշտարակ կաթ» ընկերության հետ կապված կաթի մթերման խնդիրը շարունակում է մնալ օրակարգային: Նրա խոսքերով՝ ընկերությունը պարտք է ՀՀ Լոռու մարզի Պրիվոլնոյե, Գարգառ եւ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի գյուղերի բնակիչներին: «Այս հարցի լուծման նպատակով անձամբ եմ եղել «Աշտարակ կաթ» ընկերությունում. խնդիրը քննարկել ենք տնօրինության հետ, տնօրենը միջոցներ է ձեռնարկել եւ հիմա փորձում է որոշ չափով գումարները հետ վերադարձնել: Նա խոստացել է այս հարցը հնարավորինս արագ կարգավորել»,- «Ժողովուրդ»-ին փոխանցեց փոխնախարարը:
Նշենք, որ օրեր առաջ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի բնակիչները բողոքի մեծ ակցիա անցկացրին. այս գյուղին ընկերությունը պարտք էր մոտ 46 մլն դրամ: Պրիվոլնոյե համայնքի ղեկավար Վիգեն Սարուխանյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ այդ ակցիայից հետո օրերս ընկերությունը գյուղի բնակիչներին ունեցած պարտքից մոտ 6 մլն դրամի չափով վճարել է:
«Գյուղի գրեթե բոլոր ընտանիքներին ընկերությունը պարտք է: Խոսքը մոտ 100 ընտանիքի մասին է, որոնց հիմնական եկամտի աղբյուրը անասնապահությունն է, կաթը: Խոստացել են, որ կփակեն: Բայց եթե չմարեն գումարները, ապա գյուղացիները կդիմեն դատարան: Այս ընկերության հետ մեր գյուղի բնակիչներն արդեն 15 տարի է, ինչ աշխատում են: Վատ խոսք չեմ կարող ասել ընկերության հասցեին, որովհետեւ մշտապես եղել է մեր գյուղացու կողքին, գյուղացուն փրկել է վատ օրից, բայց, չգիտես ինչու, վերջին երկու-երեք տարիներին ընկերության գործերը սկսեցին վատանալ»,- նկատեց Սարուխանյանը:
Իսկ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքապետ Յուրի Ավալյանը դժվարացավ հիշել, թե ընկերությունը որքան է պարտք ճամբարակցիներին: Ինչպես վերը նշված գյուղերում, այնպես էլ Ճամբարակում ընկերությունը չի վճարել չորս ամիսների գումարները: Սակայն դժվարին կացության մեջ հայտնված Ճամբարակի բնակիչները այլ ելք չունեն. նրանք ստիպված կրկին կաթը հանձնում են «Աշտարակ կաթ»-ին:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Աշտարակ կաթ» ընկերության տնօրեն Միքայել Ափյանի հետ, ով նշեց, որ այս խնդրի շուրջ ինքն անձամբ հանդիպել է բնակիչներին: «Հստակ ժամանակացույց ունենք մեր ձեռքի տակ, որով եւ մարում ենք պարտքերը: Մենք վաղուց գյուղացիներին զգուշացնում էինք, որ մեզ մոտ սեպտեմբերի վերջերից ամեն ինչ հունի մեջ կընկնի: Մարդիկ սոցիալական վիճակից ելնելով՝ բողոքի ակցիա անցկացրեցին, բայց, դե, իրենց էլ պետք չէ մեղադրել: Նշեմ, որ երկու շաբաթ է, ինչ սահմանված ժամանակացույցով առաջ ենք շարժվում»,- նշեց ընկերության տնօրենը:
Նրա ներկայացմամբ` մթերվող կաթից ստացվող պանիրն իրենք հիմնականում արտադրում են ամռան ամիսներին, սակայն վաճառում են ամբողջ տարվա ընթացքում: Ի դեպ, այս պահին էլ ընկերությունը պանիր կարողանում է վաճառել, նույնիսկ արտահանում է դեպի ԱՄՆ. «Այս պատճառով կարողանում ենք գյուղացիների գումարները աստիճանաբար հետ վերադարձնել: Պարտքերը չտալու խնդիրը կապված է սեզոնայնության հետ. պատկերացրեք, երբ ամռանը մթերում ես մեծ քանակի կաթ, պատրաստում ես պանիր, որը վաճառում ես 6-7 ամիսների ընթացքում: Դեռ չեմ նշում այն, որ երկու ամիսների ընթացքում պանիրը պետք է հասունանա»:
«Ժողովուրդ»-ը Ափյանից հետաքրքրվեց՝ ինչու այս խնդիրը չի առաջացել նախորդ տարիներին: Հարցին ի պատասխան՝ ընկերության տնօրենը նշեց. «Ընկերությունն ամեն տարի առեւտրային բանկերի միջոցով ստացել է վարկ, որով էլ մթերել է կաթը, պատրաստել պանիր, ապա վաճառել ու վարկերը մարել: Սակայն այս տարի հայաստանյան բանկերը պասիվ էին եւ վարկ չտրամադրեցին, ինչի արդյունքում էլ ստեղծվեց այս իրավիճակը: Հիմա ընկերությունն իր միջոցներով է փորձում դուրս գալ այս իրավիճակից: Ամեն դեպքում հարցը լուծման փուլում է»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 
ՏԱՐԲԵՐ ԳՆԵՐՈՎ ԵՆ ՄԹԵՐՈՒՄ

Նոյեմբերյանի տարածաշրջանի Դեբեդավան համայնքի ղեկավար Վանյա Դամիրչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Երեւանի շամպայն-գինիների գործարանի Դեբեդավանի ընդունման կետն այս տարի խաղողի մթերումը սկսել է սեպտեմբերի 23-ից: Ինքը՝ գյուղապետ Դամիրչյանը, այնտեղ հանձնել է շուրջ 20 տոննա խաղող: Նա ասաց, որ Դեբեդավանի ընդունման կետում խաղողագործների հետ նախնական պայմանագրեր չեն կնքվել, դա արվում է անմիջապես խաղողի ընդունման ժամանակ: Գյուղապետի տեղեկացմամբ` Դեբեդավանում խաղողն ընդունել են կիլոգրամը 120 դրամով:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Երեւանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի ընդունման կետի տնօրեն Լիդիա Ներսիսյանն ասաց, որ արդեն ավարտել են խաղողի ընդունումը, մթերել են շուրջ 1220 տոննա խաղող: Ըստ խաղողագործների հետ կնքված պայմանագրերի՝ հանձնված խաղողի դիմաց գումարների վճարումը կկատարվի մինչեւ 2016թ. հունվարի 31-ը, սակայն ընդունման կետի աշխատակիցը վստահեցրեց, որ իրենք դեկտեմբերի ընթացքում բոլոր գումարները կվճարեն:
Իսկ, ահա, Դեբեդավան գյուղից ընդամենը 25 կիլոմետր հեռավորությամբ Բերդավանի գինու գործարանում հոկտեմբերի 5-ից Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչների կողմից կիլոգրամը 150 դրամով է խաղողն ընդունվում: Հոկտեմբերի 3-ի երեկոյան Ծառուկյանը եղել է Բերդավանում եւ անսալով բերդավանցիների խնդրանքին՝ սահմանամերձ գյուղում խաղողի ընդունման գինը 10 դրամով բարձրացրել է՝ 140-ից դարձնելով 150 դրամ: Նշենք, որ Տավուշի մարզի մյուս գործարաններում՝ Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղում եւ Իջեւանի գինու գործարանում, խաղողն ընդունվում է 140 դրամով: Հավելենք, որ Դեբեդավանում ընդունվող խաղողը որակյալ է, քանի որ շամպայն պատրաստում են միայն բարձրորակ խաղողից: Դեբեդավան համայնքի ղեկավարից հետաքրքրվեցինք, թե ինչու նա եւ իր համագյուղացիներն իրենց բերքը 150 դրամով չեն հանձնել Բերդավանի գինու գործարան եւ իսկույն ստացել իրենց գումարները: Վ. Դամիրչյանը հայտնեց, որ իր տվյալներով Դեբեդավանի ընդամենը մի բնակիչ է խաղողը Բերդավանում հանձնել: Նրա խոսքերով՝ Դեբեդավանը ցածրադիր է, այնտեղ խաղողը շուտ է հասունանում, խաղողագործներն էլ միշտ երկյուղելով եղանակի փոփոխություններից՝ գերադասում են այն շուտ քաղել եւ հանձնել: Բացի այդ՝ դեբեդավանցիներն անտեղյակ էին, որ հոկտեմբերի 5-ից Բերդավանի գինու գործարանում խաղող է ընդունվելու:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս