Ամենայն Հայոց կաթողիկոսը նոր նշանակումներ է կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներում և Հայոց եկեղեցու թեմերում կատարվել են հոգևոր սպասավորների նոր նշանակումներ: Ինչպես տեղեկացրել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը, ազատվելով Հոլանդիայում Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդի պաշտոնից, նոյեմբերի 1-ից ծառայության է անցնելու Գերմանիայի հայոց թեմում:

Հոգեշնորհ Տ. Առեն վարդապետ Շահենյանը, ազատվելով Մեծ Բրիտանիայի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, նոյեմբերի 1-ից իր հոգևոր ծառայությունը կշարունակի Հոլանդիայի հայոց եկեղեցական համայնքներում` Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի իշխանության ներքո:

Հոգեշնորհ Տ. Մինաս աբեղա Հախվերդյանն ուսումնառությունը Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի հոգևոր ակադեմիայում շարունակելու նպատակով ազատվել է Մայր Աթոռի Դիվանատան Եկեղեցական-ժողովական կառույցների գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականություններից: Դիվանատան Եկեղեցական-ժողովական կառույցների գրասենյակի տնօրեն է նշանակվել Արժանապատիվ Տ. Արսեն քահանա Միրզոյանը:




Լրահոս