ԱՄԵՆԱՎԱՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆՔ ԱՆՑԿԱՑՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռեժիսոր, դերասան ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆԸ ցանկանում է ունենալ այնպիսի երկիր, որտեղից չեն արտագաղթի, ընդհակառակը, արդեն արտագաղթած հայերը հետ կվերադառնան: Ուզում է ունենալ այնպիսի երկիր, որտեղ ընդունված օրենքները չեն մնա թղթի վրա եւ կկիրառվեն հավասարապես բոլորի համար: 
-Դուք պարբերաբար մասնակցում եք Ազատության հրապարակում կազմակերպվող հանրահավաքներին: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Իմ նպատակը, համոզմունքը, սկսած 2008 թվականից մինչ այսօր, չի փոխվել: Եվ ես ուզում եմ տեսնել արդյունքը, իսկ արդյունքը կախված է ժողովրդի գիտակցությունից: Բոլորս էլ ինչ-որ բան երազում ենք, ուրեմն պետք է հասնենք դրան: Գերխնդիրները լուծել է պետք, ես իմ համոզմունքներն ինձ հետ եմ տանում ու կանգնած եմ անսասան: Մենք բոլորս զրահամեքենա ենք:
-Ի՞նչ եք կարծում, ժողովուրդն այդքան կամք կարո՞ղ է ունենալ, որ մինչեւ վերջ պայքարի, սովորաբար կեսից կա՛մ հանդարտվում են, կա՛մ մտափոխվում, վախենում…
-Հասկանում եմ՝ ինչի մասին եք ասում, այդ վախեցող ու մտափոխվող մասը ցանկացած ժողովրդի այն հատվածն է, որ վնասակար է հենց ժողովրդի համար, որովհետեւ ինքը խեղճ է: Ժողովուրդը խեղճ չպիտի լինի: Ինչքան ժողովուրդ կա աշխարհի երեսին, մաղթում եմ, որ լինեն ամուր, ազնիվ, առաջին հերթին իմ ժողովրդին եմ դա ցանկանում: Ցավալի կլինի, եթե հաղթի թույլը: Թույլը` նկատի ունեմ ներքին լիցքը, ոչ մկանները: Ժողովուրդը մկաններով չէ ուժեղ, այլ ինքնագիտակցությամբ ու արժանապատվության զգացումով:
-Մեր ժողովուրդն ունի՞ այդքան ինքնագիտակցություն:
-Ունի: Հիվանդ, ստրուկ, վնասակար, հանցագործ հատվածներ էլ ունենք, բայց ժողովուրդը հզոր է: Ցավալի է, որ մենք արտագաղթի պայմաններում ենք, ինչը ստրատեգիական իմաստով համարում եմ թիվ մեկ վտանգն ու վնասը: Ցավալի է, որ արտագաղթ կա, բայց կա, ու քանի դեռ իշխանությունը կշարունակի մխտռել երկիրը, կունենանք, ու ավելի կահագնանա, ինչը կլինի մեր երկրի ու պետականության համար ամենասարսափելի բանը: 
-Ընտրություններին մասնակցելիս մտածո՞ւմ էիք, որ այսպիսի ելք ու շարունակություն կլինի:
-Իհարկե, ես երբեւէ չէի էլ մտածում, որ, ինչպես ասում են, կանցկացնենք եվրոռեմոնտ ընտրություններ:  Ամենավատ ընտրություններն ենք անցկացրել: Արտաքինից երեւում է, թե լավ է, որովհետեւ արդեն այնքան վարժ են կեղծելու մեջ: Ի՞նչ պետք է հասկանա Եվրոպայից եկած մի մարդ, ում ասում ես՝ սա էսպես գրված է, բայց էսպես չէ: Ինքը ոչ մի կերպ չի հասկանում, որովհետեւ իր երկրում էդպես չէ: Դա կարող ենք տեսնել միայն մենք ու նաեւ կեղծողը, ով գիտի՝ ոնց է կեղծել: 
-Դուք այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանի թիմո՞ւմ եք:
-Րաֆֆին իմ թեկնածուն չէ, ես նրա թիմում չեմ, բայց դա չի նշանակում, որ ես պետք է խանգարեմ Րաֆֆուն: Եթե նա ի զորու է ժողովրդի համար անել դրական բան, ես նրա կողքին եմ անպայման: Ես ուզում եմ, որ կառուցենք արդար, ազնիվ, արժանապատիվ երկիր: Դա է պատճառը, որ ես կարող եմ կանգնել ցանկացած մեկի կողքին: 
Հետաքրքիր է, համաձա՞յն եք Ձեր կոլեգաների` Վարդան Պետրոսյանի, Ռուբեն Հախվերդյանի հանրահավաքային հայտարարությունների հետ:
-Ո՛չ, ես ունեմ իմը, ես ի զորու եմ ասել իմ ասելիքը, ես երբեք չեմ ուզի ասել այն, ինչ ասել է կա՛մ Ռուբենը, կա՛մ Վարդանը: Նրանք առանձին անհատներ են, թող իրենք իրենցն ասեն, ես կասեմ իմը:
-Դասադուլների մասին ի՞նչ կասեք:
-Եթե մինչ այս ունեինք առանձին-առանձին ուսանողներ, հիմա արդեն սկսում է ծնվել ուսանողություն: Ուսանողները գիտակցում են, որ այս երկրի ներկան իրենց ձեռքերում է, մտածում են իրենց ապագայի մասին: Ոմանք ասում են՝ դասապրոցեսն է խանգարվում, կարգն է խախտվում, իսկ լա՞վ է, որ դու պետք է սովորես մի երկրում, որտեղից վաղը ցանկություն կունենաս գնալու, լա՞վ է, որ երկրում մեծ խնդիր է դրված, ու դու անտարբեր ես այդ խնդրի նկատմամբ, դա շատ վատ է: Եթե ես այնտեղ սովորում եմ, ու երկիրը քարուքանդ է լինում, քանի՞ կոպեկ արժի իմ ուսումը: Ես ուրախ եմ, որ սկսում է ձեւավորվել իր երկրով մտահոգ մի հսկայական շերտ, որ կոչվում է ուսանողություն:
-Ի՞նչ կանխատեսումներ ունեք վաղվա Հայաստանի մասին:
-Չգիտեմ, ես Վանգան չեմ, ոչ էլ Նոստրադամուսն եմ: Ուզում եմ ամուր կանգնել իմ ու ժողովրդիս անսասան գիտակցության ու ցանկությունների կողքին: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս