«Ռուսաստանի հայերի միության» 15-ամյակի կապակցությամբ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ի թիվս ստանդարտ շնորհավորական ձեւակերպումների՝ առկա են մի քանի ուշագրավ նրբերանգներ` կապված կազմակերպության նախագահ, վերջին շրջանում Հայաստանի քաղաքական կյանքում ակտիվ դերակատարություն ունենալու հայտ ներկայացրած ռուսաստանաբնակ գործարար Արա Աբրահամյանի հետ:
Այսպես` իր շնորհավորական ուղերձում հատուկ կարևորելով Արա Աբրահամյանի դերակատարությունը` Սերժ Սարգսյանը մասնավորապես նկատում է. «ՌՀՄ-ի կայացման գործում որոշիչ դեր խաղաց կազմակերպության հիմնադրի եւ անփոփոխ ղեկավարի՝ Արա Աբրահամյանի նպատակաուղղված աշխատանքը, ով երկար տարիներ մշտապես բնակվելով Ռուսաստանում՝ շատ բան է անում մեր եղբայրական պետությունների միջեւ բազմակողմ կապերի հետագա ամրապնդման համար»:
Այսպիսով` Սերժ Սարգսյանը բավականին թափանցիկ կերպով ակնարկում է, որ Արա Աբրահամյանին ինքը տեսնում է ՌՀՄ «անփոփոխ ղեկավարի» դերում եւ ոչ ավելին: Բայց քանի որ, ինչպես վերջերս գրվեց մամուլում, Արա Աբրահամյանին դա ասվել էր ավելի հստակ` դեմ առ դեմ, սակայն նա դրանից հետո էլ կարծես թե չէր հասկացել «Արա, մի արա» ուղերձի լրջությունը, Սերժ Սարգսյանը երեկվա տեքստում նաեւ հարկ է համարել Աբրահամյանին հիշեցնել «երկար տարիներ մշտապես Ռուսաստանում բնակվելու «նրբությունը»:
Թե որքանով արված ակնարկը տեղ կհասնի, պարզ կդառնա արդեն կարճ առաջիկայում` Արա Աբրահամյանի` հայաստանյան քաղաքական գործունեության մեկնարկից կամ դրա ձգձգումից: