Երրորդ օրը հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ, անդրադառնալով Սերժ Սարգսյանի` Մոսկվա կատարած այցելությանը եւ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում հնարավոր պայմանավորվածություններին, նշել է, որ ինքը դեմ է թե՛ Եվրասիական միությանը, թե՛ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը` հավելելով. «Դա չի նշանակում, որ Հայաստանին պետք չէ երկկողմանի ամուր հարաբերություններ ունենալ ասիական պետությունների, Արեւելքի հետ, ինչպես նաեւ թեկուզ դիտորդի կարգավիճակով մասնակցի այդ նախաձեռնություններին, բայց որպես արեւմտյան քաղաքակրթության աղբյուր` Հայաստանը պիտի տեսնի իր ապագան այդ ուղղությամբ, եթե, իհարկե, Եվրոպան հասունանա այն մակարդակի, որ ինքը ճանաչի Հայաստանի ազգային շահը, ինքնիշխանությունը եւ մեր քաղաքացիների իրավունքները»:
«Բարեւի առաջնորդի»` այսպիսի խրթին ձեւակերպված տեսլականն անկեղծ ասած բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս, որոնց պատասխանները դժվար է գտնել ոչ միայն Րաֆֆիի բանավոր խոսքում, այլեւ նրա ներկայացրած նախընտրական ծրագրում: Իհարկե, իր տասնամյա քաղաքական գործունեության ընթացքում Ր. Հովհաննիսյանը միշտ էլ աչքի է ընկել դիրքորոշումների ոչ հստակ ձեւակերպմամբ եւ անիրատեսական ծրագրերով: Սակայն մի բան էր, երբ նա կուսակցության առաջնորդ էր, մեկ այլ բան` երբ ՀՀ նախագահի ընտրություններում երկրորդ տեղը գրաված թեկնածու է, որը պնդում է, թե ինքն է հաղթած եւ ժողովրդի կողմից ընտրված նախագահը: Հետեւաբար` Ր. Հովհաննիսյանի` արտաքին քաղաքական անհասկանալի կեցվածքը բազմաթիվ հարցականներ է առաջացնում միջազգային քաղաքական կենտրոնների մոտ, եւ այն, որ նրանք շտապեցին շնորհավորել Ս. Սարգսյանին, կարող է նաեւ պայմանավորված լինել հենց այն հանգամանքով, որ նրանց համար Ր. Հովհաննիսյանի մոտեցումներն անհասկանալի են, մինչդեռ Սերժ Սարգսյանից արդեն իսկ գիտեն, թե ինչ կարելի է սպասել: Եվ եթե ներքին դաշտում հնարավոր է գեղեցիկ բառակապակցություններով շարժել մարդկանց սրտերն ու շահել նրանց համակրանքը, ապա «ռեալ պոլիտիկի» տիրույթում նման ձեւակերպումներն առնվազն լուրջ չեն ընկալվում: Ի՞նչ ասել է. «Շատ ավելի կարեւոր է, քան Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին, ՆԱՏՕ-ին, շատ ավելի կարեւոր է, որ մենք դառնանք ռազմավարական հաղորդակցության մի ցանց` համաշխարհային, եւ թույլ տան, որ մենք դառնանք որպես քաղաքակրթությունների խաչմերուկ այն տեղը, որտեղ ոչ թե հակամարտությունների, այլ երկխոսությունների տեղ է»: Այդ ինչպե՞ս ենք դառնալու ռազմավարական հաղորդակցության մի ցանց, այն էլ` համաշխարհային, ո՞վ եւ ինչո՞ւ պիտի դա մեզ թույլ տա: Գուցե ճիշտ այնպես, ինչպես ճանաչելու ենք Ղարաբաղի անկախությունը եւ զուգահեռաբար շարունակենք բանակցային գործընթա՞ցը: Սրանք այնպիսի քաղաքագիտական անհեթեթություններ են, որոնք կարող են ընկալելի լինել որպես որեւէ քաղաքական ուժի ղեկավարի էկզոտիկ մտածելակերպ, բայց ոչ երբեք երկրի նախագահի պաշտոնին հավակնող գործչի մոտեցում: