2015թ հոկտեմբերի 9-ին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, որ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին: Եւ, ահա, անակնկալ հետեւողականությամբ իրավապահ կառույցները սկսեցին հետաքրքրվել այդ հայտարարությամբ:
Այն, որ Աժ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը մշտապես իշխանություններին մեղադրել է տարբեր հանցանքների` թալանի, հովանավորչության, կաշառակերության, կաշառատվության եւ այլ զազրելի արարքների մեջ, գաղտնիք չէ որեւէ մեկի համար: Բայց երբեւէ նման ուշադրության չէր արժանացել: Եւ որպեսզի հասկանանք, թե ինչն է եղել խնդիրը, փորձենք համեմատել նախկինում արված մի քննադատությունը հոկտեմբերի 9-ին հնչեցված հայտարարության հետ:
Օրինակ՝ պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ.-ի կատարման ու 2013 թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր՝ իշխանությունը թալանում է ժողովրդին. «Տեղի է ունենում պետական գույքի վաճառք յուրայիններին՝ չնչին գնով: Գազի, էլէկտրաէներգիայի թալանը քիչ էր, հիմա էլ թալանի նոր ձեւ են գտել: Հիմա ի՞նչ: Թու՞յլ ենք տալու սա: Գալիս է այս իշխանությունների՝ ժողովրդին հաշիվ տալու ժամանակը: Բոլորով ելնելու ենք թալանի դեմ եւ երկիրը փրկենք թալանչիական այս համակարգից»:
Իսկ հոկտեմբերի 9-ին ասել էր. «Սահմանադրական այս փոփոխություններին կողմ են նեղ շրջանակով՝ Սահմանադրական հանձնաժողովով, գլխավորությամբ Գագիկ Հարությունյանի, որի միակ գործը եղել է Վենետիկի հանձնաժողովին կաշառելը: Կողմ են Դաշնակցությունը եւ այլ քաղական ուժերը, որոնց մեկին ծեծելով, մեկին կաշառելով՝ բերել են այս ճամբար»:
Նկատեցի՞ք՝ նախկինում Զուրաբյանը քաղաքական ընդհանրական գնահատականներ էր հնչեցրել, իսկ վերջին օրինակով կոնկրետ մեղադրել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին: Ու այս իրավիճակում երկու ելք կա՝ կա՛մ Զուրաբյանը պետք է ապացուցի իր ասածը փաստերով, կա՛մ նրան սպառվում է ընդհուպ մինչեւ սուտ մատնության հատկանիշներով հարուցված քրեական գործով գլխավոր դերակատարի կարգավիճակը:
Համենայն դեպս, երեկ ՀՀ գլխավոր դատախազության կողմից տարածված պաշտոնական հաղորդագրությունը դրա մասին էր ազդարարում: «Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մասին ՀՀ ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանի հայտարարության վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված նյութերը ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից ուղարկվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով»,- հայտարարեցին դատախազությունից:
Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածը սահմանում է «Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:
Դատելով ստեղծված իրավիճակից՝ Լեւոն Զուրաբյանն այս օրերին պետք է իրավապահներին փաստեր ներկայացնի, թե երբ, ինչպես եւ ինչ ճանապարհով է Գագիկ Հարությունյանը կաշառել Վենետիկի հանձնաժողովին: Ի՞նչ ապացույցներ ունի նա:
«Ժողովուրդ»-ը փորձեց նախ` Զուրաբյանի հետ զրուցել, սակայն ողջ օրը նա այդպես էլ հեռախոսազանգերին չպատասխանեց: Փորձեցինք ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, պրոֆեսիոնալ իրավաբան Գագիկ Ջհանգիրյանից պարզել, թե արդյոք վերջինս տեղյակ է, թե ինչ փաստեր ունի Լեւոն Զուրաբյանը Գագիկ Հարությունյանի կողմից Վենետիկի հանձնաժողովին կաշառելու գործով: Սակայն Ջհանգիրյանը պատասխանեց, թե. «Որեւէ մեկի հայտարարությունը չեմ մեկնաբանում, այդ թվում նաեւ՝ Լեւոն Զուրաբյանի: Իրեն հարցրեք, լա՛վ մնացեք»: ՀԱԿ-ում բոլորն էլ հրաժարվեցին որեւէ կերպ մեկնաբանել այդ հայտարարությունը: Ինքը՝ Զուրաբյանը, «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, թե կարձագանքի, երբ լինի դրա անհրաժեշտությունը:
Իսկ ի՞նչ է մտածում այդ հայտարարության մասին Գագիկ Հարությունյանը, ինչպե՞ս է պաշտպանվելու: ՍԴ նախագահին ուղղված «Ժողովուրդ»-ի այս հարցադրմանը ՍԴ մամլո խոսնակ Հովհաննես Պապիկյանը պատասխանեց. «Որեւէ բան չենք պատրաստվում, որովհետեւ դա այդ դեպուտատ կոչվածի մարազմատիկ հայտարարությունն է, որին մենք չենք ուզում պատասխանել»: Մեր այն դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, Գագիկ Հարությունյանը Վենետիկի հանձնաժողովի անդամներին այս շրջանում անգամ պատվոգիր կամ հուշանվեր է՞լ չի տվել, որը կարող է ընդդիմության ներկայացուցչի կողմից կաշառք որակվել, Հովհաննես Պապիկյանը պատասխանեց. «Այդ ամբողը Լեւոն Զուրաբյանի զառանցանք է, նման բան հնարավոր չէ: Լեւոն Զուրաբյանը քնել-արթնացել է եւ մի էշություն ասած պիտի լիներ»:
Մեզ մնում է սպասել զարգացումներին:
Քնար Մանուկյան