«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 6-ին Ռոբերտ Քոչարյանը «ինքնաբուխ» հարցազրույց տվեց ու հայտարարեց, որ դեմ է սահմանադրական փոփոխություններին: «Փաստորեն, առաջարկված նախագիծը քաղաքական մենաշնորհը դարձնում է սահմանադրական նորմ: Ես այդպիսի ապագա իմ երկրին չեմ ցանկանում, դրա համար էլ միանշանակ դեմ եմ արտահայտվում այս փոփոխություններին: Կատարվում է մի մեծ սխալ, որի հետեւանքները ծայրահեղ վտանգավոր են Հայաստանի ապագայի համար»,-հայտարարել էր նա: «Ժողովուրդ»-ը փորձեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից պարզել, թե ինչպես է նրա ղեկավարը քարոզելու իր «ոչ»-ը, երբվանի՞ց է սկսելու քարոզարշավը: Սակայն պարզվեց՝ Քոչարյանը Հայաստանում չէ:
«Ես առիթ չեմ ունեցել այդ հարցը քննարկել պարոն Քոչարյանի հետ, նա քաղաքում չէ: Որեւէ նախանշված միջոցառում ինձ մոտ նշված չէ առաջիկայի համար: Այնպես որ, այժմ որեւէ կոնկրետ պատասխան տալ չեմ կարող»,-ասաց Սողոմոնյանը: Ըստ վերջինիս, Քոչարյանը մոտակա օրերին կվերադառնա Հայաստան»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: