«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն աշխատանքից հետո հաճախակի այցելում է իր որդուն պատկանող «Ալֆա-դելտա» անվտանգության ծառայության շենք, մոտակա դեղատուն, որը, հավանաբար, մտերիմներից մեկին է պատկանում, եւ այնտեղ ընկերների հետ թղթախաղով է զբաղվում։ Ընկերությունը գտնվում է Աջափնյակ համայնքում՝ Աբելյան 8 հասցեում։ Երկհարկանի կառույց է։ Մոտակայքի բնակիչները մեզ պատմեցին, որ գրեթե ամեն օր իրենց թաղում տեսնում են Գրիգորիչին սպասարկող մեքենաները, այստեղ են լինում նաեւ նրա կուսակցական եւ ոչ այնքան կուսակցական ընկերները, այդ թվում՝ նաեւ պատգամավորներ։
Թղթախաղը, բնականաբար, նաեւ ուտել-խմելու գործով է ուղեկցվում։ Մեզ ասացին նաեւ, որ շենքի նկուղային հարկն էլ տրամադրել են երգիչներին, ովքեր այստեղ փորձեր են անում, երգում են։ Այնպես որ, կենդանի երաժշտությունն էլ է ապահովված։ Նշենք, որ հենց Գալուստ Սահակյանի ընտանիքին պատկանող «Ալֆա-դելտա» ընկերությունն է, որ ապահովում է մի շարք հայտնի տարածքների, այդ թվում՝ ՀՀԿ կենտրոնական գրասենյակի անվտանգությունը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: