Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 95-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր կայացավ «Բժշկագիտության արդի հիմնախնդիրները» խորագրով հոբելյանական գիտաժողովը:
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին և հյուրերին՝ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը նշեց, որ հոբելյանական գիտաժողովների շարքը կարևոր մի նշանակություն ունի՝ուսանողներին հնարավորություն ընձեռել ձևավորելու հետազոտական նոր խմբեր։ «Դրանք առաջ կտանեն այն ավանդույթները, այն գաղափարներն ու ուղղությունները, որոնք 95 տարիների ընթացքում կայացել են մեր համալսարանում՝ որպես բուհի մտավոր սեփականություն»։
Շնորհավորելով սիրելի բուհի ծննդյան 95-ամյակի կապակցությամբ` ՀՀԿԳ նախարար ԱրմենԱշոտյանն ասաց. «ԵՊԲՀ-ն մի միջավայր է, որտեղ կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը շաղկապված են անբաժանելի կապով:
Բժշկականում կրթություն ստացող երիտասարդը ձեռք է բերում ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև աշխարհայացք ու արժեհամակարգ»: Նա կարևորեց, որ գիտական և հետազոտական բաղադրիչի կարևորությամբ պայմանավորված`բուհի հոբելյանական միջոցառումների մեկնարկային այցեքարտը դարձել են ուսանողական և դասախոսական գիտաժողովները։
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և իր անունից ներկաներին ողջունեց և ԵՊԲՀ 95-ամյակի կապակցությամբ շնորհավորեց փոխնախարար Գագիկ Միրիջանյանը։ «Անցած 95 տարիների ընթացքում մեր սիրելի մայր բուհն առողջապահության ոլորտին հմուտ մասնագետներ և համաշխարհային մասշտաբի գիտնականներ է տվել, ովքեր իրենց ավանդն են ունեցել մեր երկրի առողջապահական համակարգի զարգացման գործում: Այսօր ավելի` քան երբևէ, ակնհայտ է դառնում, որ ցանկացած բարեփոխում անհնար է իրականացնել առանց հետազոտական լուրջ աշխատանքի»,-ասաց Գագիկ Միրիջանյանը` կարևորելով Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դերը՝ որպես բարձրակարգ մասնագետների դպրոց։ «Նմանատիպ գիտաժողովների անցկացումը հրաշալի հնարավորություն է համատեղ գիտահետազոտական աշխատանքներ և փորձի փոխանակում իրականացնելու համար»,-ասաց փոխնախարարը` մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:
Նշենք, որ բուհի հոբելյանական միջոցառումները երեկ մեկնարկել էին «Բժշկագիտության արդի հիմնախնդիրները» խորագրով ուսանողական գիտաժողովով:
Գիտաժողովների շարքը կշարունակվի ևս 2 օր՝ ներառելով փորձարարական և կլինկական բժշկության գիտակրթական և կառավարման համակարգի զարգացումներին և բարեփոխումներին միտված քննարկումներ, զեկուցումներ, հանդիպումներ: