Դեռեւս 2012 թվականի նոյեմբերի 5-ին Ռոմիկ Քոչարյանը «Ժողովուրդ»-ին պատմել էր, որ իր որդին` զորակոչիկ Արթուր Քոչարյանը, նույն թվականի սեպտեմբերից N զորամասում հիվանդացել էր դեղնախտով, այնուհետեւ` ջրծաղիկով: Նրան Հայաստանում ապրելու հույս չէին տվել, ու հարազատները մահամերձ զինվորին տեղափոխել էին Մոսկվա` հույս ունենալով, որ այնտեղ հնարավոր կլինի փրկել նրա կյանքը: Սակայն 20-ամյա Արթուր Քոչարյանը որոշ ժամանակ հետո մահացել էր հիվանդանոցում: Այժմ Ռոմիկ Քոչարյանը մեկնել է Մոսկվա` որդու մահվան եզրակացությունը ստանալու համար: Իսկ զինվորի մայրը հիվանդանոցում է:
Նախ մի քանի բառով ներկայացնենք, թե ինչ էր տեղի ունեցել: Զորամասում հետեւողական ու նորմալ բուժման կուրս չանցնելու պատճառով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգեւատրված զինվորին տեղափոխել էին Արյան փոխներարկման ինստիտուտ, որտեղ արյան վարակը բուժելու հույս չէին տվել` խորհուրդ տալով զինվորին շտապ տեղափոխել Մոսկվա: Բուժման համար անհրաժեշտ էր 67 հազար ԱՄՆ դոլար, սակայն ՊՆ բուժվարչության պետ Արտաշես Փարսադանյանն ու աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը զինվորի ծնողներին ասել էին, թե ՊՆ-ն չի կարող ֆինանսավորել բուժումը: Արթուրի ընտանիքը դիմել էր իր բոլոր ծանոթ-հարազատներին եւ խնդրել օգնել, որպեսզի զինվորին տեղափոխեն Մոսկվա` նրա կյանքը փրկելու համար, իսկ ՊՆ-ն խոստացել էր որոշ ժամանակ հետո պահանջվող գումարը փոխանցել: Ի վերջո, զինվորին տեղափոխել էին Մոսկվա` հուսալով, որ ամեն ինչ լավ կլինի, բայց օրեր անց Արթուրը հիվանդանոցում մահացել էր:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Արթուր Քոչարյանի հարազատների հետ` պարզելու համար, թե արդեն հայտնի է` որն է եղել զինվորի մահվան պատճառը:
«Մենք ՊՆ-ի հետ պայմանավորվել էինք, որ մենք գումար ենք վճարելու, որպեսզի Արթուրին տեղափոխենք արտասահման` բուժում ստանալու, իսկ հետո իրենք այդ գումարը ուղարկելու են: Ու մենք այդպես էլ արեցինք, բայց մինչեւ այսօր ՊՆ-ն այդ գումարը չի փոխանցում, էրեխու մահից հետո ամեն ինչ մնացել է օդի մեջ: Հիմա մեր գլխավոր խնդիրն է, որպեսզի մենք Մոսկվայից փաստաթուղթը վերցնենք` հասկանալու համար, թե ինչից է Արթուրը մահացել: Հիմա այդ թղթի համար Ռոմիկը գնացել է Մոսկվա, որպեսզի այդ թուղթը վերցնի, քանի որ մեզ համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչի պատճառով մահացավ Արթուրը»,-մեզ հետ զրույցում նշեցին Արթուրի հարազատները:
Մեր զրուցակիցները հավելեցին, որ Արթուրի հիվանդությունից մինչեւ այսօր պաշտպանության նախարարությունն իրենց գլխի տակ «փափուկ բարձ» է դնում` պարբերաբար խոստանալով վճարել այն գումարը, որը ծախսվել է Մոսկվայում զինվորի կյանքը փրկելու համար: Սակայն մինչ օրս զինվորի ընտանիքին որեւէ գումար չի փոխանցվել: «Թարսի պես Ռոմիկին ճանապարհելու օրը Արթուրի մայրն ընկել է ու ոտքն է կոտրել, հիմա էլ զինվորի մայրն է գտնվում հիվանդանոցում, նրան վիրահատել են: Չեք պատկերացնում, թե այդ ընտանիքն ինչ անելանելի իրավիճակում է հայտնվել. քանի կար` իրենց որդին էր հիվանդանոցում, հիմա էլ մայրն է հայտնվել այնտեղ: Իսկ զինվորի հայրը, իր վիշտը թողած, գնացել է Մոսկվա, որպեսզի մահվան եզրակացությունը բերի: Ու պատկերացնո՞ւմ եք, այսքանից հետո դեռեւս այն գումարները, որոնք այդ ընտանիքը պարտք է արել, որպեսզի զինվորի կյանքը փրկի, դա էլ չեն ցանկանում տալ: Ախր ամենացավալին այն էր, որ իր հիվանդությունը բուժվող էր: Իսկ հիմա, թե էդ գումարը տվեցին, թե չտվեցին, դա արդեն մեզ համար դարձել է երկրորդական: Ուղղակի մի բան է կարեւոր` ո՞վ կասի` ով ա մեղավոր, որ էսքան զինվորներ մահանում են: Արթուրը հիվանդացել է հենց բանակում, հիմա ի՞նչ պետք է լինի, ասե՛ք` հասկանանք»,-նեղսրտած նշեցին մահացած զինվորի հարազատները` ընդգծելով, որ իրենք անհամբեր սպասում են զինվորի մահվան եզրակացությանը` հասկանալու համար, թե որոնք են լինելու իրենց հետագա քայլերը:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ