ՓԼՈՒԶՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գյումրիում երեկ մասնակի ինքնափլուզման դեպք է գրանցվել ամիսներ առաջ շահագործման հանձնված Մուշ 2-2 թաղամասի բնակարաններից մեկում: Թիվ 54 շենքի 60-րդ բնակարանի տանտեր Սուսաննա Մշեցյանը 2 օրով մեկնել է Երեւան, իսկ երբ հետ է վերադարձել, տեսել է, որ տան միջանցքի առաստաղը մասնակի փլուզվել է: «Տուն եկա, դուռը բացեցի, եւ դուռը կպավ լուստրային, տեսա, որ ընկել է ներքեւ, լրիվ էլեկտրական լարերից բռնած պոկվել է, սա ի՞նչ է, ի՞նչ իրավիճակ է, հերթը հյուրասենյակինն ու ննջարանինն է, այնտեղ էլ առաստաղն արդեն ուռել է, ծեփերը ուր որ է կթափվեն»,-«Գալա» TV-ին դժգոհել է բնակչուհին:
Տիկին Սուսաննայի խոսքով՝ 6 ամիս առաջ ստացած բնակարանն արդեն մեկ անգամ ինքը նորոգել է: «Ես նորից եմ սարքել, ասացի՝ լավ է, թե վատ, մարդիկ տվել են. դժվարության մեջ է մեր երկիրը, սրանից էլ գոհ ենք, եւ նորից ներկել տվեցի, ու ի՞նչ ստացվեց… հիմա քանի՞ անգամ պետք է ես նորոգեմ, որքա՞ն գումար դեռ պետք է ծախսեմ, այս բնակարանները հետերաշխիքային սպասարկում չունե՞ն, բայց «Գլենդել հիլզ»-ը, շինարարները չկան արդեն, վաղո՜ւց թողել գնացել են, ո՞վ պիտի պատասխան տա հիմա»,-տարակուսել է Ս. Մշեցյանը, որը թեեւ դիմել է համատիրություն, սակայն այնտեղ հորդորել են սպասել մի քանի օր, մինչեւ ձյունը հալվի, եւ կաթոցները վերանան: Տիկինը պատրաստվում է բողոքել, հասնել մինչեւ Երեւան ու պահանջել, որ գան եւ բնակարանը նորոգեն:
Հիշեցնենք, որ սա նույն «Գլենդել հիլզ» ընկերության գործունեության հետեւանք է, որը «Ժամանակ» օրաթերթի նկատմամբ դատական հայց էր ներկայացրել՝ պնդելով, թե իրենք լավ են աշխատում, եւ օրաթերթն իրենց բարի համբավն արատավորել է:




Լրահոս