Թուրքիան մտադիր չէ հրաժարվել ռուսական գազից, քանի որ էներգետիկայի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հարցում որևէ խնդիր չկա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալի Ռիզա Ալաբոյունը, փոխանցում է РИА Новости-ն:
«Պետք է նշել, որ Ռուսաստանի հետ էներգետիկայի ոլորտում խնդիրներ չկան: Ռուսաստանը լավ մատակարար է, և մենք նրա համար լավ գնորդներ ենք, գազի մոտ 60%-ը մենք ստանում ենք Ռուսաստանից: Մենք ոչ մի դեպքում չենք պատրաստվում հրաժարվել ռուսական գազից: Անգամ եթե խնդիրներ լինեն, մենք լուծման ճանապարհներ կգտնենք»,-հայտարարել է նա:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր ռուսական գազից հրաժարվելու հավանականության մասին՝ ռուսական ինքնաթիռների կողմից Թուրքիայի օդային տարածքը խախտելուց հետո: ՌԴ նախագահն իր հերթին հայտարարել էր, որ Թուրքիան շարունակում է Ռուսաստանի լավ բարեկամ մնալ: