ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԼԻՔՆԵՐ ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղից մի քանի բնակիչներ «Ժողովուրդ»-ի թղթակցին բողոքել են, որ իրենք Հ2 հեռուստաընկերության հաղորդումները չեն կարողանում նորմալ դիտել, քանի որ դրանք զուգորդվում են ադրբեջանական ինչ-որ հեռուստաընկերության հաղորդումների ձայնով: Եվ դա այն դեպքում, երբ նրանց տները գտնվում են Նոյեմբերյանի հեռուստաաշտարակից ոչ հեռու` հեռուստաաշտարակի դեմ դիմաց, հետեւաբար պետք է այնտեղից վերահեռարձակվող հաղորդումները որակյալ կերպով ընդունեին: Այս առթիվ դիմեցինք «Հայաստանի հեռուստատեսային ցանցեր»-ի Նոյեմբերյանի հեռուստաաշտարակի տնօրեն Վոլոդյա Ազատյանին, որն ասաց, որ նման բողոքով իրեն դիմել է նաեւ Կողբի հարեւան՝ Բերդավան գյուղի մի բնակիչ: Ազատյանի խոսքով՝ նման բողոքները շատ չեն, Հ2 հը-ի հաղորդումների հեռարձակման ժամանակ ձայնի խանգարումներ չեն լինում, ըստ երեւույթին, բողոքողներն իրենց տներում ընդունող լավ ալեհավաքներ չունեն: Ազատյանի վկայությամբ՝ Հ2-ի հաղորդումների ավարտից` գիշերվա 2-ից հետո, Հ2-ի հաղորդումները հեռարձակող մետրային 7-րդ ալիքի եթերում ադրբեջանական հեռուստաալիքի հաղորդումներ են հայտնվում: Նոյեմբերյանի հեռուստաաշտարակից վերահեռարձակվում են միայն հայկական 2 ռադիոալիքներ՝ «Հանրային ռադիո»-ն եւ «Երեւան FM»-ը: Նշենք, որ Նոյեմբերյանի ու Տավուշի մարզի սահմանամերձ այլ բնակավայրերի եթերում շատ են ադրբեջանական ռադիոալիքները: Իսկ Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Վրաստանի հետ սահմանակից բնակավայրերի եթերը հագեցած է վրացական հեռուստաալիքների եւ բջջային կապի վրացական ընկերությունների ազդանշաններով: «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսն արդյո՞ք ենթադրում է նաեւ Հայաստանի տեղեկատվական ապահովություն, անվտանգություն: Եթե այդպես է, ուրեմն ինչո՞ւ գործուն քայլեր չեն ձեռնարկվում մեր եթերն օտար, թշնամական ալիքներից զերծ պահելու համար:
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս