Գալու են օրեր, երբ Արա Աբրահամյանին նայելով, երանի ենք տալու Գագիկ Ծառուկյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի` լրագրողների հետ հանդիպումից հետո բոլորն ակնհայտ նմանություններ արձանագրեցին վերջինիս և ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև: Առաջին հերթին այդ ամենն ակնհայտ դարձավ Արա Աբրահամյանի խոսելաձևից և «ամեն ինչ ժողովրդի համար» անելու խոստումներից:

Արա Աբրահամյանն այս կերպ  հավակնում է լինել հայաստանյան քաղաքական դաշտի նոր Գագիկ Ծառուկյանը: Բացի միանման խոստումներից նրանց նույնացնում է նաև ֆինանսական կարողություններն ու բիզնես գործունեությունը: Աբրահամյանը երեկ ասուլիսում հայտարարեց, որ խոսել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, հայտնել իր մտադրությունների մասին, այդ կերպ հասկացնելով, որ ինքը Գագիկ Ծառուկյանը չէ և, որ իրեն չեն կարող քաղաքականությունից հեռացնել, ինչպես վերջինիս պարագայում եղավ: Նա նաև հայտարարեց, որ ծանոթ է Ծառուկյանի հետ տեղի ունեցածից և դրա կրկնությունից չի վախենում:

Սակայն, եթե համեմատելու լինենք Աբրահամյանին և Ծառուկյանին, պետք է արձանագրենք, որ ԲՀԿ նախկին առաջնորդը մշտապես ապրել է Հայաստանում, իր գործունեությունը այստեղ ծավալել և իսկապես արժանիորեն ձեռք է բերել բարերարի իր անունը: Իսկ ո՞վ է Արա Աբրահամյանը. մի մարդ, ով մշտական բնակություն ունի Ռուսաստանում, աշխատում է Վլադիմիր Պուտինի հովանավորությամբ, կատարում է նրա ասածները և չի էլ թաքցնում դա: Երեկ էլ ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ մշտապես կատարում է ՌԴ նախագահի հանձնարարությունները:

Եվ ուրեմն, ով է հայտնվելու Հայաստանի քաղաքական դաշտում. մի մարդ, ով ակնհայտորեն Հայաստան է «գործուղվելու» ՌԴ իշխանությունների կողմից և կատարելու է հենց նրանց առաջադրանքները: Թերևս սպասենք զարգացումների, սակայն վստահաբար կարող ենք ասել` գալու են օրեր, երբ Արա Աբրահամյանին նայելով, երանի ենք տալու Գագիկ Ծառուկյանին…

Նաիրա Հովհաննիսյան

 




Լրահոս