Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարեց, որ ցանկանում է նոր կուսակցություն ստեղծել և վերադառնալ քաղաքականություն, սակայն այդ ամենը պետք է լինի իր հարազատ գյուղի` Մալիշկայի «դաբրոյի» դեպքում:
Armlur.am-ը զրուցեց Մալիշկայի գյուղապետ Մհեր Մովսիսյանի հետ` հասկանալու համար, թե ինչ տրամադրվածություն է առկա Մալիշկայում:
– Պարոն Մովսիսյան, այսօր Արա Աբրահամյանը հայտարարեց, որ պատրաստվում է վերադառնալ քաղաքականություն և նշեց, որ իր «դաբրոն» պետք է տան մալիշկեցիները: Ըստ ձեզ, ինչ տրամադրվածություն է առկա Մալիշկայում:
– Դեռ չեմ հանդիպել իր հետ, չգիտեմ ինչ ծրագրեր ունի, պետք է դրանք ներկայացնի, որպեսզի հասկանանք` խորհուրդ ենք տալիս, թե չէ:
– Արա Աբրահամյանը որևէ կերպ օգնո՞ւմ է գյուղին, ինչ աշխատանքներ է կատարել:
– Ամեն հարցով էլ օգնել է, դպրոցն է վերանորոգել, եկեղեցի է կառուցել, գազաֆիկացմասն հարցում է օգնել: Տարին մի քանի անգամ գալիս, գնում է:
– Պարոն Մովսիսյան, բայց նշվում է, որ Մալիշկան գտնվում է անմխիթար վիճակում, իսկ Արա Աբրահամյանն էլ չի օգնում իր հարազատ գյուղին:
– Ինչ կա, ես իրականությունն եմ ձեզ ասում: Փաստաթղթերով ամեն ինչ կա, եկեք, ուսումնասիրեք, տեսեք, որ ես եմ ճիշտ ասում:
– Այսինքն` մալիշկեցիները կո՞ղմ կլինեն, որ Արա Աբրահամյանը վերադառանա և Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալի:
– Դա կախված է ծրագրերից, ծրագրերին պետք է ծանոթանանք: Ժամանակը գա, տեսնենք, ծանոթանանք, հանդիպենք, խոսենք:
– Այսօր նա հայտարարեց, որ ամեն ինչում կատարում է Վլադիմիր Պուտինի առաջադրանքները: Որևէ վտանգ չկա՞, որ նա այստեղ կգործի ի շահ Ռուսաստանի:
– Նման հարցեր ինձ մի տվեք, ես ընդամենը զբաղված եմ իմ գյուղով:
Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը