ՄԻ՛ ՎՏԱՆԳԵՔ ԵՐԿՐԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԴԱՐՊԱՍԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Սիսական» հայրենակցական հասարակական կազմակերպությունը, արտացոլելով սյունեցիների հավաքական տագնապն ու անհանգստությունը, բաց նամակով դիմել է Սերժ Սարգսյանին` խնդրելով կասեցնել Սյունիքի արոտավայրերն Իրանին տրամադրելու ծրագիրը: 
«Ինչպես լրատվական միջոցները, այնպես էլ հասարակության լայն շրջանները, նույնիսկ ԱԺ-ն քննարկման-խոսակցության նյութ են դարձրել ՀՀ Սյունիքի մարզի եւ Իրանի Իսլամական Հանրապետության Արեւելյան Ատրպատական նահանգի գյուղատնտեսական ինչ-որ ընկերությունների միջեւ կնքված համաձայնագրերը, որոնցով նախատեսվում է ավելի քան 50 հազար հեկտար տրամադրել նրանց՝ որպես արոտավայր եւ առանձին տարածք, բնակկենցաղային նպատակների համար: Այդ գործարքով, մեր կարծիքով, վտանգվում են երկրի հարավային դարպասի պետական անվտանգությունը եւ ծանր վիճակի մեջ հայտնված բնապահպանությունը:
Ինչպես Սյունիքի ողջ բնակչությունը, այնպես էլ մենք զարմացած ենք ու տարակուսանքի մեջ. դեռեւս պատերազմի, շրջափակման մեջ գտնվող երկիրը, որին թշնամին առավոտից երեկո հոխորտում է պատերազմը վերսկսելու սպառնալիքով, ինչպե՞ս կարող է իրեն նման ծրագիր թույլ տալ: Բոլորին հայտնի է, թե ովքեր են Արեւելյան Ատրպատականի բնակիչները: Բավական է մի քանի տասնյակ վրան, էլ չենք ասում շինություններ, որպեսզի հոտը 1-2 տասնամյակում ծավալի իր «ոչխարային» առաքելությունը: Այդ ո՞վ պետք է 1-2 տասնամյակ հետո «հարեւան» խաշնարածներին դուրս հրավիրի իրենց «հիմնած» տունուտեղից: Երկրորդը՝ այդ արոտավայրերն անհրաժեշտ են մի բռաչափ մեր երկրին, մնում է կարողանալ կազմակերպել այդ արոտավայրերը սեփական ձեռքերով տնօրինելու հարցը: Գուցե ոչ այնքան դյուրին խնդիր է, որը, սակայն, պարտավոր են ձեռնարկել մարզի ղեկավարները եւ բնակիչները: Թույլ տալ այդ գործարքի իրականացումը՝ նշանակում է հաշտվել Սյունիքի մարզի բնակչությանը եւ տարածքները վտանգելու մտքի հետ: Հայոց մարզերին գործելու ինքնուրույնություն տալը, անշուշտ, լավ է, եթե խնդիր է դրվում մարզի շենացումն ու  աշխատատեղերի ստեղծումը: Սակայն մեկ այլ բան է, որ այդ հնարավորությունները վեր են  ածվում կասկածելի եւ անհեռանկար, էլ չենք ասում վտանգավոր գործարքների, որոնք առնչվում են արտերկրի, առավել եւս ազերիների հետ: Պետք է, մեղմ ասած, զգույշ լինել, երկրի հարավային դարպասը պետք է մնա հուսալի վիճակում:
Մեր երկրի բոլոր մարզերն էլ իրենց առանձնահատկություններն ու առավելություններն ունեն: Սակայն Սյունիքն ուրիշ է. ուզում ենք հիշեցնել մեր ոչ հեռավոր անցյալի լուսավոր դեմքերից մեկի՝ Մորուս Հասրաթյանի խոսքերը. «…Սյունիքը հայոց մի այնպիսի նշանավոր նահանգ է, որը շուրջ 2,5 հազար տարի հայոց աշխարհի բռունցքն է եղել` երկրի կրծքավանդակը հանդիսացող Արարատյան աշխարհի եւ պորտը դարձած Մուշի ու Վասպուրականի պահպանության համար սեղմված: Մի նահանգ, որը 15 նահանգ ունեցող պատմական Հայաստանի բանակի գրեթե մի քառորդն է հանել պատերազմի դաշտ…»: 
Մեր ժամանակների նժդեհյան Սյունիքը, Արցախի ազատամարտերի մասնակից Սյունիքն իր կյանքով ու պայքարով լիովին արժանացել է իր նախապապերի իրավահաջորդը լինելու պատվին: Մնում է հուսալ, որ Ձեր կտրուկ միջնորդությամբ վերջ կտրվի այն անհասկանալի երեւույթներին, որոնք ի հայտ են գալիս մեր մարզում:
Սույն ուղերձն ընդունվել է «Սիսական» հայրենակցական հասարակական կազմակերպության վարչության ընդլայնված նիստում»:
«Սիսական» հհ կազմակերպության 
նախագահ՝ Ժ. ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ




Լրահոս