Սիրուշոն, երգելուց զատ, սկսել է զբաղվել նաեւ հագուստի ու զարդերի թողարկմամբ: Երգչուհին իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է, որ շատ շուտով հնարավոր կլինի ձեռք բերել հավաքածուի առաջին նմուշները:
«Երբ սկսեցի աշխատել «ՊռեԳոմեշ»-ի հագուստների վրա, կարեւոր խնդիր էի դրել իմ առջեւ ցույց տալ, որ ազգային հագուստը կարող է քայլել ժամանակակից նորաձեւության հետ: Հայ աղջիկներն օրեցօր գեղեցկանում են, ձգտում են մոտ լինել համաշխարհային տենդենցներին: Իմ ցանկությունն այն էր, որ միջազգային նորաձեւությանը համապատասխան լինելով հանդերձ, նրանք լինեն ինքնատիպ եւ յուրահատուկ, ունենան իրենց խոսքն ու ասելիքը այսօրվա նորաձեւությանը: Ըստ իս, դա լավագույն ձեւով կարելի է անել` օգտվելով ազգային հագուստի էլեմենտներից, որոնք աստիճանաբար մոռացության են մատնվում: Աշխատանքս իզուր չէր, քանի որ «ՊռեԳոմեշ»-ից հետո սկսեցի նկատել ազգային զարդերի ու զարդանախշերի հանդեպ ավելի մեծ ուշադրություն: Այս գաղափարին ընդառաջ գնալով, որոշեցինք ստեղծել մի քանի պարագաներից բաղկացած «ՊռեԳոմեշ» փոքրիկ հավաքածու, որում ընդգրկված կլինեն տեսահոլովակը հիշեցնող հայկական խորհրդանիշներ, որոնք կարելի է համադրել ժամանակակից հագուստի հետ: Ուզում եմ նշել, որ հատուկ ընտրել ենք այն պարագաները, որոնք մոռացված են եւ որեւէ խանութում այսօր հնարավոր չէ գտնել»: