ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ ժամկետներում է քաղաքացուն տրամադրվում ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք:
Արշակ Սիմոնյան (75 տարեկան, թոշակառու)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը տրվում է համապատասխան փաստաթղթերը արդարադատության նախարարություն ներկայացնելուց հետո 5-օրյա ժամկետում: Նշված ժամկետը կարող է կրճատվել արդարադատության նախարարության արտաբյուջետային հաշվին կատարվող լրացուցիչ վճարման դիմաց՝ մինչեւ մեկ օր: Ներկայացված փաստաթղթերում նշված տեղեկությունները ստուգելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում ժամկետը կարող է երկարացվել եւս յոթ օրով:
Եթե տեղեկանք ստանալու դիմումը տրվել է այլ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ, ապա դիմում-հայտարարության եւ ներկայացված փաստաթղթերի պատճենները ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկվում են ՀՀ արդարադատության նախարարություն: Փաստաթղթերի ամբողջականությունը ստուգելուց հետո նախարարությունը 5-օրյա ժամկետում ՀՀ ԱԳՆ-ին տրամադրում է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք՝ հարցումը նախաձեռնողին փոխանցելու համար:
Հյուպատոսական հիմնարկը նախարարության կողմից տրված տեղեկանքի հիման վրա դիմողին տրամադրում է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք՝ հաստատված հյուպատոսական հիմնարկի ղեկավարի ստորագրությամբ եւ կնիքով:
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարկ է ավելացնել, որ կարգավիճակը ճշգրտող փաստաթուղթ գրեթե բոլոր մեկնողներին է անհրաժեշտ: Մեկնել պատրաստվող մեր հայրենակիցները քաղաքացիություն կամ կացության ժամանակավոր կարգավիճակ ստանալու նպատակով սիրահոժար կերպով վճարում են պետտուրքը՝ ձեռք բերելով նշված փաստաթուղթը: