ՀԱՐՑ. Ես ունեմ 46 տարվա մանկավարժական ստաժ եւ ստանում եմ 40.000 դրամ թոշակ: Նույնքան աշխատանքային ստաժ ունեցող դատավորը կամ դատախազը ստանում է մինչեւ 200.000 դրամի հասնող թոշակ: Ինչո՞վ է պայմանավորված նման անհավասարությունը: Մի՞թե սա արդարացի է:
Վազգեն Թորոսյան (գյուղ Աշտարակ)
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը` նախորդ համարում) Դատավորի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով, որի 75.1-րդ հոդվածի համաձայն՝ դատավորի կենսաթոշակի չափը հաշվարկվում է վերջին մեկ տարում որպես դատավոր զբաղեցրած պաշտոնի համար ստացած միջին աշխատավարձի ընդհանուր գումարի եւ 0,9 գործակցի արտադրյալի 55 տոկոսի չափով:
Դատախազի պաշտոն զբաղեցնող անձի կենսաթոշակը հաշվարկելու կարգը սահմանված է «Դատախազության մասին» ՀՀ օրենքով, որի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատախազի պաշտոն զբաղեցնող անձի կենսաթոշակի չափը հաշվարկվում է զինծառայողների համար սահմանված կարգով (դատախազի աշխատավարձի 70 տոկոսի չափով):
Ելնելով վերը նշվածից՝ կենսաթոշակների չափերի տարբերությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ դրանց հաշվարկման կարգերը սահմանված են Հայաստանի Հանրապետության տարբեր օրենքներով եւ տարբեր սկզբունքներով:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարության կենսաթոշակային ապահովության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ջանա տրամաբանական բացատրություններ գտնել երկրի առաջ նույնատիպ ու երկարամյա ծառայություններ մատուցած անձանց կենսաթոշակների տարբերությունը հիմնավորելու համար, միեւնույն է, անհամամասնությունը չի մեղմվի: