Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 14-ին մասնակցել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 8-րդ «Արմթեք-Կոնգրես-2015» համաժողովի՝ Ստեփանակերտում տեղի ունեցած հատուկ նիստին և հանդես եկել ելույթով: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքից:
Արայիկ Հարությունյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին՝ ԱՀ կառավարության հրավերն ընդունելու և Արցախում նիստ գումարելու համար: Կարևորելով համաժողովի նշանակությունն, իբրև տեխնոլոգիական և տնտեսական ձեռքբերումների առաջխաղացմանն ուղղված ռազմավարության ու նախաձեռնությունների քննարկման, ծրագրման և արդյունավետ իրագործման կարևորագույն հարթակ, վարչապետն անդրադարձել է բնագավառում կառավարության կատարած աշխատանքներին և ներկայացրել իր պատկերացումները հետագա անելիքների վերաբերյալ: Ա. Հարությունյանը միջոցառման ընթացքում նաև պատասխանել է մասնակիցների հարցերին՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվ համագործակցել համաժողովում ներկայացված ձեռնարկությունների հետ:
Տեխնոլոգիական առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարներ և ԱՀ պետական պաշտոնյաներ հանդես են եկել զեկուցումներով: Բանախոսները, խոսելով բարձր տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումների և սկսնակ ընկերությունների հաջողությունների մասին, իրենց ելույթներում ընդգծել են նորարար տեխնոլոգիաների կարևոր դերը տնտեսության, կրթության, պետական կառավարման ոլորտներում և սահմանների անվտանգության ապահովման հարցում:
Նիստի ընթացքում քննարկվել են Արցախում ՏՏ ոլորտի զարգացման միտումներին, տեխնոլոգիական կրթության կազմակերպմանը, կադրերի վերապատրաստմանը, միջազգային համագործակցության խթանմանը, ներդրումների ներգրավմանը և սկսնակ ընկերությունների կայացմանը վերաբերող հարցեր:
Համաժողովին մասնակցում էին ՀՀ և ԱՀ տեխնոլոգիական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, ԱՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, ՏՏ ոլորտի մասնագետներ և ուսանողներ Արցախից:
Վարչապետ Արայիկ Հարությունյանի ելույթի տեքստը՝ ստորև.
«Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ և հյուրեր,
Սիրով ողջունում եմ բոլորիդ և շնորհակալություն հայտնում Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարար համաժողովի կազմակերպիչներին՝ մեր հրավերն ընդունելու և 8-րդ՝ «ԱրմԹեք-Կոնգրես-2015» համաժողովի հատուկ նիստն Արցախում անցկացնելու համար: Համոզված եմ, որ այն կհանդիսանա լավագույն հարթակ գործարար շփումների համար և տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներին հնարավորություն կտա ծանոթանալու Արցախի տեխնոլոգիական զարգացման ներուժային հնարավորություններին, ինչպես նաև՝ քննարկելու, որոնելու և ծրագրելու դրանց իրացման արդյունավետ ուղիները:
Մենք կարևորում ենք բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների դերը՝ որպես տնտեսության առաջընթացի ու բնակչության կենսապայմանների բարելավման հիմնական գործոն: Դրանք այսօր պահանջված են ամենուր՝ գիտության, կենցաղի, պետական կառավարման, գործարարության, երկրի անվտանգության ապահովման մեջ, որպեսզի իրենց յուրահատուկ մեթոդներով նպաստեն տարաբնույթ խնդիրների արդյունավետ լուծմանը:
Տարբեր առիթներով նշել ենք Արցախի տեխնոլոգիական զարգացման անհրաժեշտության մասին՝ պայմանավորելով այն զարգացման այնպիսի ձևի ընտրությամբ, որում համակողմանիորեն հաշվի են առնված առկա իրողությունները, մասնավորապես՝ ազգաբնակչության գիտակրթական ներուժի համեմատական բարձր մակարդակը և բնական գիտությունների հանդեպ նրա հակվածությունը, ինչպես նաև՝ տարածքային, բնական պաշարների և տրանսպորտային ուղիների սահմանափակումները:
Հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկա զարգացումների ընթացքը, Արցախի յուրահատուկ իրավիճակը և մեր շուրջը տեղի ունեցող մտահոգիչ իրադարձությունները՝ կուզենայի ընդգծել հայրենական տեխնոլոգիաների զարգացման և դրանց կիրառման չափազանց կարևոր նշանակությունը մեր հանրապետության պաշտպանության բնագավառում: Այդ տեսակետից բացարձակ առավելության ձեռք բերումը մեր արդիական խնդիրներից մեկն է հանդիսանում:
Հարգելի՛ ներկաներ,
Արցախի իշխանությունները, որդեգրելով տեխնոլոգիական զարգացմանը նպաստող ռազմավարություն, աստիճանական քայլեր են ձեռնարկում ոլորտում համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման, ներդրումների ներգրավման, կադրերի պատրաստման ու վերապատրաստման, նոր ձեռնարկությունների ստեղծման համար բարենպաստ պայմանների ապահովման ուղղությամբ:
Այս տեսակետից հատկանշական է «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի» հիմնադրումը: Այն պետք է յուրօրինակ բարենպաստ միջավայր ապահովի արդեն իսկ կայացած ու նոր ձևավորվող կազմակերպությունների շփման, գործակցային կապերի ստեղծման և պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունավետ մեխանիզմների կիրառման համար: Հիմնադրամը կոչված է նպաստելու նաև ոլորտի կայացման համար ամենաէական խնդրի՝ կադրային հարցի լուծմանը՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պահանջված կադրերի պատրաստման ու վերապատրաստման ծրագրերի իրականացման համար լավագույն պայմանների տրամադրման միջոցով:
Տարիներ շարունակ մեր հանրապետության թե՛ դպրոցներում, և թե՛ բուհերում իրականացվել են և այժմ էլ իրականացվում են համապատասխան կրթական ծրագրեր: Արցախի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետը ներկայումս թողարկում է կառավարման տեղեկատվական համակարգեր, ֆիզիկա, մաթեմատիկա և համակարգչային գիտելիքներ, կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա, հեռահաղորդակցություն մասնագիտությունների գծով շրջանավարտներ: Այս ուսումնական տարում նշված մասնագիտություններով բակալավրիատի կուրսը կավարտի 218 շրջանավարտ: Վերջին հինգ տարիների ընթացքում բնագիտական և ճարտարագիտական մասնագիտությունների գծով որակավորված երիտասարդների թիվը գերազանցում է 700-ը: Մենք համոզված ենք, որ սա այն ներուժն է, որը, ճիշտ մոտեցումների պարագայում, ունակ է ապահովելու մրցակցային առավելություն:
Տեղին է մատնանշել կադրերի վերապատրաստման՝ «Սինոփսիս Արմենիա» և «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունների համատեղ ծրագիրն Արցախի մայր բուհում, ինչպես նաև՝ «Ինստիգեյթ Սիսթեմս» և «Սիներջի Սիսթեմս» արցախյան ընկերությունների հիմնադրման օրինակները: Բոլորովին վերջերս Ստեփանակերտում բացված Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն իր առաքելությամբ ևս կնպաստի ոլորտի կադրային ներուժի զարգացմանը: Ցանկալի է, որ նման նախաձեռնությունները շատանան, քանզի դրանից է մեծապես կախված ոլորտի հետագա առաջընթացը:
Տեխնոլոգիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Նոր ընկերությունների ստեղծման համար Արցախը գրավիչ է նաև իր՝ հետևողականորեն բարելավվող գործարար և ներդրումային միջավայրով: Մասնավորապես՝ այստեղ գործում են ձեռնարկությունների հիմնադրման, հաշվետվությունների ներկայացման պարզ համակարգեր, նվազագույնի են հասցված տեսչական հսկողությունը և պետական անհարկի միջամտությունները, առկա է մեղմ հարկային դաշտ: Նախատեսում ենք ապահովել նաև հարկային արտոնյալ պայմաններ ոլորտի ընկերությունների համար: Այս ամենը լուրջ նախադրյալներ են արդյունավետ ներդրումների իրականացման համար:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում տեխնոլոգիական առաջընթացի տեմպերն ու ոլորտի ունեցած ներդրումը տնտեսական զարգացման գործում, ինչպես նաև կարևորելով երկու հայկական պետությունների միջև ինտեգրացիոն գործընթացները՝ կառավարությունն այսուհետ ևս աջակցելու է Արցախում տեխնոլոգիական զարգացման համապատասխան տեմպերի ապահովմանը միտված նախաձեռնությունների կյանքի կոչմանը՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով նաև աննախադեպ և ոչ ստանդարտ մոտեցումներ:
Նախատեսում ենք ոլորտի սկսնակ ձեռնարկություններին ֆինանսական աջակցության ցուցաբերումն իրականացնել գործուն մեխանիզմների կիրարկմամբ՝ այդ գործում ակնկալելով ձեր համագործակցությունը և օժանդակությունը, ինչը չափազանց կարևոր է մեզ համար: Համոզված ենք, որ դա լուրջ խթան կհանդիսանա Արցախում նոր և բարձրարժեք աշխատատեղերի ստեղծման, մասնագիտական ներգաղթի ծավալների ավելացման ու արտագաղթի կանխարգելման համար և շոշափելի արդյունքներ կապահովի ռազմավարական կարևորություն ներկայացնող այս ոլորտի կայացման գործում:
Ամփոփելով ելույթս՝ ցանկանում եմ կրկին շեշտադրել տեխնոլոգիական զարգացման ռազմավարական նշանակությունն Արցախի տնտեսական զարգացման ապահովման և անվտանգության ամրապնդման գործում և նշել, որ մենք բաց ենք համագործակցության համար, պատրաստ ենք քննարկել ցանկացած համարձակ ու կառուցողական առաջարկ, իրականացնել համատեղ ծրագրեր՝ կյանքի կոչելով փոխշահավետ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններ:
Հուսով ենք, որ այս համաժողովը կլինի արգասաբեր և կնպաստի Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ արձանագրելով ևս մեկ առաջընթաց քայլ այդ ուղղությամբ:
Մաղթում եմ բոլորիդ հաջողություններ և ամենայն բարիք»: