ՀԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Գյումրիում ավելի քան 10 ժամ, կարելի է ասել, արտակարգ դրություն էր: Ոստիկանական պետությանը հատուկ մեխանիզմներ էին մշակել տեղական ու մարզային իշխանությունները: Որպեսզի վարորդները չհամարձակվեին գնալ Երեւան՝ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կազմակերպելու, դեռ վաղ առավոտից (սկսած` ժամը 6.30-ից) տեղական ու մարզային ոստիկանները, Երեւանից բերված ոստիկանական ստորաբաժանումները փակել էին Գյումրիի կենտրոնական՝ Սայաթ-Նովա փողոցը: Ոստիկանության ներկայացուցիչները այդ ամենին մեկ պատասխան ունեին.«Մենք հրաման ենք կատարում, մեզ ռադիոկապով են  հայտնել՝ փակել Սայաթ – Նովա փողոցը»: Թե ու՞մ  հրամանն էին նրանք կատարում, այդպես էլ չնշեցին: «Ճանապարհը փակ է ու այդպես կմնա այնքան ժամանակ, մինչեւ վարորդները չհեռանան»,- սա էր ուժայինների պահանջը: Իրավիճակը օրվա ընթացքում այնքան էր լարվել, որ Թատերական հրապարակում ինքնաբուխ հանրահավաք մեկնարկեց: Այն քաղաքացիները, ովքեր գալիս էին հրապարակ, բարձրացնում էին իրենց բողոքի ձայնը` ընդդեմ իշխանական բուրգի: Տեղի ունեցավ  նաեւ ոտքով խաղաղ երթ` դեպի Գյումրիի քաղաքապետարան: Ցուցարարները տեղից` Սայաթ – Նովա փողոցից, կազմակերպեցին նաեւ ուղիղ-եթեր ցուցադրում.- Թող ամբողջ աշխարհը տեսնի ու իմանա, թե որքան անամոթ են գյումրեցի ոստիկանները, Գյումրիի ժողովրդի «ճամփաքյասանն» են դարձել, մի օր էլ, տղաներ, ձեր ճամփան են փակելու,- հայտարարում էր «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը:Կենտրոնական փողոցի փակված լինելու պատճառով խցանվել էր քաղաքի ամբողջ երթեւեկությունը: Երկրորդական փողոցների խայտառակ վիճակը, սակայն, հեռու  էր ոստիկանների աչքից. որեւէ մեկը  կարգ չէր պահպանում, փոխարենը, բոլորը լծվել էին մեկ ընդհանուր գործի՝ խեղդել ժամ առ ժամ հասունացող բողոքի ալիքը: Նշենք, որ ոստիկանները ահաբեկում են նրանց, մեկ առ մեկ աշխատում յուրաքանչյուրի հետ: Հայտնի է, որ ուժային կառույցները ոմանց տուն են գնացել, վախեցրել, ոմանց զանգել ու հորդորել են՝ եթե գնաս Երեւան, վատ կլինի եւ այսպես շարունակ: Գյումրեցիների հետ վաղ առավոտից այս իրավիճակի ականատեսները եղան Երեւանից ժամանած «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները: Վերջիններս իրավիճակի մասին տեղյակ են պահել նաեւ եվրոպական կառույցներին: Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ խոսեց Ստյոպա Սաֆարյանը. «Հարցին պետք է անհապաղ լուծում տալ, ոստիկաններն անօրինաբար խոչընդոտ են հանդիսանում երթեւեկությանը»: Սակայն իրավիճակը չէր փոխվում: Ժամը 18-ին ոստիկանական ջոկատները վերջապես լքեցին Գյումրիի Սայաթ-Նովա փողոցը:  Ճանապարհը բացվեց եւ դա  բողոքի մասնակիցները հաղթանակ համարեցին: Նրանց պայքարը շարունակվում է…ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ Գյումրի




Լրահոս